ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման մասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատրաստած զեկույցն իր մեջ լուրջ ազդակներ է պարունակում։
Զեկույցում հատուկ նշվում է, որ ավանդական արտահանման որոշ ճյուղերում անկումը կարող է լինել կտրուկ։
Սակայն այստեղ անհրաժեշտ է շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել. զեկույցի թվերը պետք չէ ընդունել որպես անխուսափելի ճակատագիր, բայց պետք չէ նաև դիտակել ընդամենը որպես զուտ քարոզչություն։ Բայց տնտեսական տեսանկյունից ակնհայտ է, որ Հայաստանի նման փոքր, ծով ելք չունեցող, սահմանափակ տրանսպորտային ուղիներով և բարձր լոգիստիկ ծախսերով երկիրը չի կարող կարճ ժամկետում առանց ցնցումների կորցնել իր հիմնական արտահանման և աշխատանքային միգրացիայի ուղղություններից մեկը։ Իսկ քաղաքական տեսանկյունից նույնքան ակնհայտ է, որ Ռուսաստանի և նրա եվրասիական գործընկերների համար այս հաշվարկները նաև զսպման գործիք են՝ ցույց տալու, թե եվրոպական ուղղության արագացումը կարող է ունենալ «գին», և այդ գինը կարող է ներկայացվել Հայաստանի հասարակությանը հնարավոր տնտեսական անկման, գազի թանկացման, աշխատատեղերի կորստի, արտահանողների ճգնաժամի և սպառողական գների աճի տեսքով։ Այսինքն, զեկույցը ոչ միայն կանխատեսում է ռիսկեր, այլ նաև քաղաքականորեն կառուցում է ռիսկի ընկալումը։ Այն փորձում է Հայաստանի հանրային դաշտում ձևավորել մի հարցադրում՝ արդյո՞ք եվրոպական ուղղությունը արժե այն տնտեսական ցնցումները, որոնք կարող են առաջանալ ԵԱՏՄ ռեժիմների կորուստից հետո։
Եվ հենց այստեղ է սկսվում իրական վերլուծության բարդությունը, որովհետև Հայաստանի խնդիրը միայն «մնա՞լ, թե՞ դուրս գալ» պարզ հարցը չէ։ Հայաստանի խնդիրն այն է, թե ինչպես կառավարել կախվածությունների ժառանգությունը, ինչպես նվազեցնել տնտեսական շոկերը, ինչպես կառուցել այլընտրանքային շուկաներ, ինչպես վերափոխել արտադրական ստանդարտները և ինչպես չհայտնվել մի իրավիճակում, որտեղ արտաքին քաղաքական ընտրությունը վերածվում է ներքին սոցիալական պայթյունի։
Կարդացեք նաև
Ամենացավոտ ուղղություններից մեկն, անկասկած, էներգետիկան է։ Գազի գնի 69 տոկոս հնարավոր աճի մասին կանխատեսումը տնտեսության վրա տարածվող շղթայական ռիսկ է։ Եթե 1000 խորանարդ մետր գազի գինը բարձրանում է մինչև 300 դոլար և ավելի, ապա դա ազդելու է ոչ միայն բնակչության կոմունալ վճարների վրա, այլև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, սննդի վերամշակման, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի արտադրության, ծառայությունների ինքնարժեքի և, վերջնական հաշվով, գնաճային սպասումների վրա։ Զեկույցի հաշվարկներով, Հայաստանի գազի ներկրման տարեկան արժեքը կարող է 389 միլիոն դոլարից աճել մինչև 657,5 միլիոն դոլար, այսինքն՝ ավելանալ մոտ 268,5 միլիոն դոլարով, ինչը փոքր տնտեսության համար զգալի բեռ է։ Եթե այդ աճը ամբողջությամբ փոխանցվի վերջնական սպառողին, սոցիալական հետևանքները կլինեն անմիջական։ Կթանկանան ջեռուցումը, փոխադրումները, արտադրանքը, սնունդը, իսկ եթե պետությունը փորձի սուբսիդավորել այդ տարբերությունը, բյուջեի վրա կընկնի լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այս իրավիճակում Հայաստանը կկանգնի բարդ երկընտրանքի առաջ՝ կամ թույլ տալ էներգակիրների գնի արագ փոխանցում շուկային՝ առաջացնելով գնաճ և սոցիալական դժգոհություն, կամ պետական միջոցներով մեղմել հարվածը՝ ավելացնելով դեֆիցիտը, պարտքը կամ կրճատելով այլ ծախսեր։ Երկու տարբերակն էլ ցավոտ են, հատկապես եթե դրանք տեղի են ունենում արտահանման անկման և դրամական փոխանցումների հնարավոր նվազման պայմաններում։
Էներգետիկ ռիսկերի խորությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի գազային համակարգը երկար տարիներ կառուցված է եղել ռուսական մատակարարման, ռուսական սեփականության և ռուսական գների շուրջ։ Իրանի հետ էներգետիկ կապերը, թեև գոյություն ունեն, չեն ձևավորել այնպիսի ծավալային և ինստիտուցիոնալ այլընտրանք, որը կարող էր կարճ ժամկետում փոխարինել ռուսական գազին։ Վրաստանի ուղղությամբ լոգիստիկ և էներգետիկ կապերը ևս սահմանափակ են, իսկ ավելի լայն տարածաշրջանային էներգետիկ դիվերսիֆիկացիան պահանջում է տարիներ, ներդրումներ, ենթակառուցվածքներ և քաղաքական կայունություն։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ անդամակցության կասեցումը զուգակցվի գազային արտոնությունների վերանայման կամ ռուսական էներգետիկ պայմանների կոշտացման հետ, Հայաստանը չի կարող պարզապես հայտարարել, որ շուկան արագ կգտնի այլընտրանք։
Տնտեսական առումով մեկ այլ կարևոր խնդիր էլ պետք է նկատի ունենալ, այն է՝ ՀՀ տնտեսության մի զգալի մասը տարիներ շարունակ հարմարվել է ոչ թե բարձր արտադրողականության և բազմաշուկա մրցակցության, այլ մեկ մեծ շուկայի պահանջներին։ Ռուսական շուկան, իր բոլոր ռիսկերով հանդերձ, հայկական արտադրողի համար հաճախ եղել է հեշտ հասանելի, մշակութային և լեզվական առումով հասկանալի, սփյուռքային կապերով և բիզնես ցանցերով ապահովված ուղղություն։ Եվրոպական շուկան լիովին այլ իրականություն է. այնտեղ մուտք գործելու համար պետք են որակի կայուն վերահսկողություն, ծագման կանոնների խիստ պահպանում, փաթեթավորման և պիտակավորման բարձր ստանդարտներ, սննդային անվտանգության համակարգեր, լաբորատոր կարողություններ, երկարաժամկետ պայմանագրային կարգապահություն, մեծ ծավալների մատակարարման կարողություն և հաճախ նաև բրենդային վերադիրքավորում։
Այսինքն. ԵԱՏՄ շուկայի կորուստը չի կարող ավտոմատ փոխհատուցվել ԵՄ շուկայի բացմամբ։ Նույնիսկ եթե ԵՄ-ն պատրաստ լինի խորացնել առևտրային արտոնությունները, հայկական արտադրողը պետք է կարողանա համապատասխանել այդ շուկայի պահանջներին։ Իսկ դա պահանջում է ժամանակ, ներդրում, տեխնոլոգիական արդիականացում և պետական աջակցություն։ Հետևաբար, եվրոպական ինտեգրումը կարող է երկարաժամկետ զարգացման հնարավորություն դիտարկվել, բայց կարճաժամկետում այն չի չեզոքացնում ԵԱՏՄ ռեժիմների կորուստից առաջացող շոկերը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































