Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղշինն ինչ որոշի՝ բնակիչները կհամաձայնե՞ն

Հոկտեմբեր 10,2013 13:24 Share

Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում որոշել՝ ում պետք է առաջնահերթ վերաբնակեցնել:

«Պարոն Նիկոյան, դուք մեր շենքի բնակիչների մեջ ռումբ եք գցել այն օրվանից ի վեր, որ ասել եք՝ բնակիչները որոշեն, թե վերաբնակեցման առաջնահերթությունն ում տան: Չեք պատկերացնի՝ դարձել ենք հայ ու թուրք»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում այսպես արձագանքեցին Սիսակյան թիվ 3 վթարային շենքի բնակիչները փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի այն առաջարկին, թե «արդարության սկզբունքը պահելու համար ճիշտ է, որ բնակիչներն իրենք որոշեն, թե առաջնահերթ վթարային շենքից որ բնակարանների բնակիչներին պետք է առաջին փուլում վերաբնակեցնեն»:

Փոխքաղաքապետը Սիսակյան 3 շենքի բնակիչների հետ հերթական քննարկումն էր կազմակերպել՝ նրանց կարծիքը եւս մեկ անգամ լսելու համար: Ինչ լսել են, որ քաղաքապետարանը որոշել է 20-25 բնակարանի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնել, բնակիչները չեն կարողանում մի հայտարարի գալ, թե վերաբնակեցման առաջին փուլում ում պետք է առաջնահերթությունը տալ: Բոլորն էլ գտնում են, որ իրենց բնակարանն ամենավթարայինն է: Օրինակ՝ 2-րդ հարկում բնակվող Վերգինե Սարգսյանը, որն ապրում է շենքի արեւմտյան հատվածում, վստահեցնում է, որ իրենց կողմից «շենքը փլուզվում» է, եւ եթե այլ բնակարանների խնդիրը միայն զուգարանից օգտվել չկարողանալն է, ապա իրենք գիշերները քուն չունեն՝ ամեն օր սպասելով, որ մի օր շենքը փուլ է գալու իրենց գլխին. «Նրանք գոնե գիշերները խաղաղ քնում են, եթե անգամ ցերեկը չեն կարողանում նորմալ օգտվել զուգարանից: Մենք քնած ենք, գիշերը շենքը փլուզվի, ոչ ոք խաբար չլինի, քաղաքապետարանը չի՞ ասի՝ ինչի վթարային կողմին չտվեցինք, ընտանիքը գնաց մեռավ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի»:

«Շատ սարսափելի բան կլինի, եթե որեւէ բնակչի որեւէ բան պատահի: Մենք հուսով ենք, որ մինչեւ շենքի ողջ վերաբնակեցումը նման բան չի լինի»,- տիկին Վերգինեին պատասխանեց պարոն Նիկոյանը: Բնակիչների այն հորդորին, թե քաղաքապետարանը թող որոշի առաջնահերթ ում բնակարան տալ, փոխքաղաքապետն ասաց, որ եթե շենքն ամբողջությամբ ճանաչվել է վթարային, ապա դժվար է որոշել՝ որ բնակարաններն են:

Տիկին Վերգինեն կտրականապես դեմ էր վիճակահանությամբ վերաբնակեցնելու տարբերակին եւ գտնում է, որ պետք է տեղափոխվեն այն բնակիչները, որոնք այլեւս չեն կարողանում օգտվել սանհանգույցներից ու գիշերը հանգիստ քնել. «Ես դեմ եմ, որ վիճակահանությամբ լինի»:

«Որեւէ տարբերակ ձեզ պարտադրելու ցանկություն չունենք, շենքի բնակիչների ճնշող մեծամասնությունը ինչ որոշի՝ քաղաքապետարանը կհամաձայնի: Մենք ուզում ենք լինի այն տարբերակը, որը շենքի բնակիչները կգտնեն արդար»,- բնակիչներին վստահեցնում էր Վ. Նիկոյանը:

«Ամոթ չի՞, 21-րդ դարում մարդը չկարողանա օգտվել զուգարանից, մի ժամ վախվխելով նայում ենք, որ հանկարծ քար չընկնի գլխներիս, նոր մտնում ենք զուգարան: Օր օրի քարերը պոկվում՝ թափվում են»,- դժգոհեց 2-րդ հարկի բնակիչներից մեկը, որը նույնպես գտնում էր, որ իր բնակարանը շենքի ամենավթարային հատվածում է:

«Ի՞նչ եք առաջարկում»,- յուրաքանչյուր բնակչի ելույթից հետո հարցնում էր Վ. Նիկոյանը:

«Առաջարկում եմ մարդկային վերաբերմունք լինի, մարդ չմահանա, մեր տակի հարկի կնոջ տունը պանելները դուրս են եկել: Մեր մուտքը շատ վտանգավոր է, եթե հնարավոր է՝ գոնե այդ մուտքին վերաբնակեցնեն»,- իր առաջարկն այսպես ձեւակերպեց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նկատեց. «Շենքի աջ կողմի մասում ամբողջովին քարերը թափվում են, կոյուղու ջրերը հոսում՝ լցվում են Սվետայի տունը, առաստաղը փլվում է»: Տիկին Սվետան, որպես ապացույց, փոխքաղաքապետին տրամադրեց իր բնակարանի լուսանկարները: Պարոն Նիկոյանն ասաց, որ ինքն այդ շենքում մի քանի անգամ եղել է եւ շրջել է շենքով մեկ:

Սիսակյան շենքի բնակիչներից մեկն էլ, որն ուներ 20 օրական երեխա եւ 10 քմ-ում ապրում էր 6 հոգանոց ընտանիքով, առաջարկեց սոցիալական վիճակով առաջնորդվել, ինչին, սակայն, պարոն Նիկոյանը դեմ արտահայտվեց՝ պատճառաբանելով, որ իրենք ոչ թե բնակարանային պայմանների բարելավման խնդիր են այսօր լուծում, այլ վթարային շենքից բնակիչների վերաբնակեցման. «Մենք այսօր քննարկում ենք վթարայնության հարցը, եւ մեխանիկորեն լուծվում է նաեւ բնակարանային պայմանների բարելավման հարցը, ձեր բնակարանը խորհրդային տարիներին էլ է եղել 10 քմ: Մենք քննարկում ենք, թե որ բնակարանն է ապրելու համար առավել վտանգավոր, եւ ում տանք առաջնահերթություն»:

Պարոն Նիկոյանն առաջարկեց առանձնացնել 20-25 բնակարան, որը հենց իրենք՝ բնակիչներն են գտնում, որ ամենավթարայինն են: Ի պատասխան՝ բնակիչներն ասացին, որ հատկապես արեւելյան հատվածի սանհանգույցները շենքի ամենավտանգավոր հատվածում են: Բնակիչները պարոն Նիկոյանին հիշեցրին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, ըստ որի՝ քաղաքապետն առաջարկել էր փակել Սիսակյան վթարային շենքի առավել վթարային սանհանգույցները:

«Մենք խնդրում ենք հարգել քաղաքապետի որոշումը, իմ կողքի բնակարանում հարեւանը ութ ամսական հղի կին է, պանելներն իրարից առանձնացել են»,- ասաց բնակիչներից մեկը՝ վստահեցնելով, որ եթե արդար չլուծվի վերաբնակեցման հարցը, դիմելու են ծայրահեղ քայլերի: Փոխքաղաքապետը հորդորեց քաղաքապետարանին չահաբեկել. «Մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»:

Մի քանի բնակիչ էլ գտնում էին, որ արդար բաշխելու սկզբունքը միայն այն կլինի, եթե համապատասխան մասնագետները հետազոտեն եւ որոշեն, թե շենքի որ բնակարաններն են ամենավթարայինը: Վահե Նիկոյանն առաջարկեց մոտ օրերս դիմել քաղաքաշինության նախարարությանը, եւ եթե այս կառույցի մասնագետները համաձայնեն նման եզրակացություն տալ, ապա քաղաքապետարանը կառաջնորդվի հենց այդ փաստաթղթով:

«Հնարավոր է՝ վթարայնության առաջնահերթությունը որոշի քաղաքաշինության նախարարությունը, եւ եթե տա որեւէ սխեմա, ապա մենք կառաջնորդվենք դրանով»,- ասաց պարոն Նիկոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031