Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները «կադաստր» չեն ուզում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2013 15:05 Share
PrevPhoto
NextPhoto

Այսօր «Էրեբունի» հյուրանոցում հավաքված տասնյակ փաստաբաններ քննարկում էին փաստաբաններին առաջարկվող նոր փոփոխությունների հարցը:

Արդարադատության նախարարությունից որեւէ մեկը չէր եկել փաստաբանների հավաքին, որը հրավիրվել էր՝ կապված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի հետ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացնելով նախագիծն, ասաց, որ փաստաբանները բարձր են գնահատում իրենց անկախությունը, իսկ օրինագիծն էլ համարեց «բացասական օրինագիծ»:

Նա ասաց, որ այս օրինագծով վտանգված է իրենց անկախությունը, եւ փաստաբանների անկախությունը կախման մեջ է պետական մարմնի կամքից, ինչը իրենք թույլ չեն տա:

Արա Զոհրաբյանն ասաց, որ ըստ այդ նախագծի՝ նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, եւ այդ լիազորությունը վերապահվել է արդարադատության նախարարությանը:

 

Նախատեսվում էր նաեւ, որ Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար գանձել տարեկան 60 000 ՀՀ դրամ գումար:

Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, օրինագծի հեղինակները նաեւ հայտնել էին, թե այդ գումարներն ուղղված են հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկմանն ու շահագործմանը:

Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրեց, որ փաստաբանների հաշվառումն իրականացվում է անվճար. «նախարարությունը չի հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է փաստաբանից գանձվի հատկապես 60 000 ՀՀ դրամ, ինչպես պետք է այդ գումարը ձեւակերպվի», սա այն դեպքում, երբ առեւտրային իրավաբանական  անձ գրանցելու համար, պետական տուրքը հաստատված է միանվագ 12 000 ՀՀ դրամ:

 

Փաստաբաններին, թե ելույթ ունեցողներին՝ Ռուբեն Սահակյան, Կարեն Մեժլումյան, Ալեքսանդր Սիրունյան, Ռուբեն Ռշտունի, Լուսինե Սահակյան, Կարեն Մանուչարյան, Հենրիկ Մաղաքյան, Գեւորգ Սուքիասյան…, թե հավաքվածներին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ պետք է պետության պարտականությունը՝ հանրային գրասենյակի միջոցով արդյունավետ պաշտպանություն իրականացնելը, դրվի փաստաբանների վրա:

Նրանք հղում արեցին Սահմանադրության 20-րդ հոդվածին, ուր ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում  պետական միջոցների հաշվին»:

Ի դեպ, 2014թ. հունվարի 1-ից հետո երեք սոցիալական խմբեր եւս հնարավորություն կստանան օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ կծանրաբեռնի հանրային պաշտպանի գրասենյակը:

Ըստ Ռուբեն Սահակյանի էլ, այսօրվա հանրային պաշտպանի ծանրաբեռնվածությունն այսպիսին է. տարեկան 75 քրեական գործ:

Կան օրեր էլ, երբ մի հանրային պաշտպանը օրվա ընթացքում 3-4 գործ ունի:

Ըստ պալատի նախկին նախագահի, կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի որակյալ պաշտպանություն չիրականացվի:

Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով, օրինագիծն ինքնին թակարդ է: «Արդարադատության նախարարությունում գուցե վարչություն ստեղծվի, կամ կադաստր է ստեղծվում»,- ասաց նա:

Փաստաբանները որոշեցին աշխատանքային խումբ ստեղծել, մինչեւ  օրինագիծը շրջանառությունից դուրս չգա, անցկացնել ստորագրահավաք նախագծի դեմ, հանդիպել վարչապետին, օգտվել «վստահորդների»՝ ԱԺ կապերից, մնացյալ կապերից, նախագծի դեմ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031