Այսօր մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում էին գազի սակագնի անօրինական թանկացումից եւ բողոքի ակցիա անցկացրին նախ կառավարության, հետո` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց:
«Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մեղադրեց քաղաքական պատվեր կատարելու մեջ: Նա եւ մյուս քաղաքացիները պահանջում էին իրենց ներկայացնել գազի սակագինը բարձրացնելու հիմք համարվող «ՀայՌուսգազարդի» հետ կնքած անհայտ պայմանագիրը:
«Մենք կարող ենք ենթադրել, որ այդպիսի պայմանագիր ընդհանրապես չկա»,- ասաց Գրիգորյանը:
Կարդացեք նաև
«Մինչեւ հիմա մեզ համար այդ փաստաթուղթը հույժ գաղտնի է, բայց օրենքով սահմանված է, որ հանրությանը կարելի է նման փաստաթուղթ տրամադրել: Մեզ գաղտնիությամբ էին խաբում»,- դժգոհեց Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիները ամիսներ շարունակ խաբված են եղել. Եվ գազի համար վճարել են բարձր գնով.«Սա նշանակում է ժողովրդի թալան: Հիմա հայտնվել է թղթի կտոր, ասում են` սա է պայմանագիրը: Պարոնայք, ո՞ւր է ձեր պայմանագիրը, ցույց տվեք, տեսնենք»:
Անի Կաղինյանն էլ պատմեց, որ ինքը այսօր զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդու հետ. « Նա տեսել է այդ թղթի կտորը, դա ոչ թե պայմանագիր էր, այլ հավելված: Որի վրա գրված է 4 կետ, ու դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար հիմք չի կարող դառնալ, որ այդ կառույցները վարույթ ընդունեն գազի սակագնի թանկացման հայտը եւ ապօրինաբար թանկացնեն սակագինը»:
Վերջում էլ ակտիվիստները հանձնաժողովից հեռանալիս հայտարարեցին. «Մենք եւս մի քանի րոպե ժամանակ ենք տալիս ձեզ Ռոբերտ Նազարյան: Եթե դուք չիջնեք , ձեր պապաներն ու քավորները ձեզ չեն օգնելու: Դուք պատասխան եք տալու Սահմանադրության առջեւ: Ռոբերտ Նազարյան, հանցագործ մի’ դառեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
























































