Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ՝ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք «ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը չի արթնացել` անկել է, ինչի մասին Կենդանաբանական այգին մի կեղծ հաղորդագրություն տարածեց, իսկ Քննչական կոմիտեն վարույթ հարուցեց:
«Հրապարակ»-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը հայտնեց, որ Հայաստանում օրենքը թույլ է տալիս, որ մարդիկ ունենան մասնավոր կենդանաբանական այգիներ:
Հարցին՝ արդյոք կենդանիները սթրեսակայո՞ւն են, եւ նման տեղափոխումները չե՞ն ազդում նրանց վրա, Ադամյանը պատասխանեց․ «Այո, կենդանիները ենթարկվում են սթրեսի, բայց ավելի մեծ սթրեսի կենթարկվեն այն պարագայում, եթե ունենան ոչ պատշաճ պայմաններ իրենց համար։ Ես չգիտեմ, թե Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգին ինչ վիճակում է եղել, եւ ինչ պայմաններում են պահվել կենդանիները․ այս հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն կարող ենք արձանագրել՝ այդ գործողություններն օրինական են, թե՝ ոչ։ Բայց անզեն աչքով երբ նայում ենք, իր մոտ, պետք է անկեղծ լինենք, կենդանիները լավ վիճակում են։ Մենք Գյումրիի այգում ու մի շարք ռեստորանային համալիրներում տեսել ենք շատ վատ վիճակում պահվող կենդանիներ ու նրանց, անկասկած, չենք կարող համեմատել Ծառուկյանի այգու կենդանիների հետ։ Այստեղ հարց է՝ Ծառուկյանն ունի՞ այդ փաստաթղթերը, թե՝ ոչ»։
Դիտարկմանը՝ եթե չունի փաստաթղթեր, ինչպե՞ս էր կենդանաբանական այգուն սպիտակ առյուծ նվիրում, այդ դեպքում պարտավոր է, չէ՞, ձեռքբերման, տեղափոխման աղբյուրը նշել փաստաթղթերով, Ադամյանն արձագանքեց․ «Ըստ երեւույթին, համապատասխան փաստաթղթերն ունեցել է, այլապես կենդանաբանական այգին չէր կարող այդ կենդանուն ընդունել։ Կարող ենք ենթադրել, որ եթե մեկ կենդանու համար ունեցել է համապատասխան փաստաթղթերը, կարող էր նաեւ նույն իրավական ճանապարհով մյուս կենդանիների համար էլ ունենալ այդ փաստաթղթերը, բայց մենք պետք է տեսնենք այդ փաստաթղթերը, հասկանանք՝ այդ գործողություններն իրավական էին, թե՝ ոչ, որովհետեւ մեր կառավարության գործողությունների մեծ մասը ոչ իրավական է: Եթե Ծառուկյանն ունենա փաստաթուղթ, իրավական ճանապարհով այդ կենդանիներին կարող է հետ վերցնել»։
Կարդացեք նաև
Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































