Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանին. «Էն կաբելը ի՞նչ եղավ»

Նոյեմբեր 11,2013 16:40

ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցն այսօր խորհրդարանում բուռն կրքերի առիթ դարձավ:  Հիշեցնենք, որ բավականին վայրիվերումներից հետո, նախագահ Սարգսյանը ՎԵՊ նախագահի պաշտոնում կրկին առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
«Դուք մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր ձեր մեղադրանքներն, դուք կաբել էիք ցույց տալիս, իսկ կառավարությունը իր բացատրություններն էր տալիս, հիմա ի վերջո ի՞նչ եղավ: Այն կաբելը, որ ամիսներ առաջ բերել էիք, այսօր բերե՞լ եք, եւ այդ կաբելի հետ կապված ի՞նչ եզրակացության եք հանգել: Խնդիրը հետեւյալն է, որ հնչել են մեղադրանքներ եւ եղել պատասխաներ, իսկ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ ձեզ նկատողություններ արեց եւ մասնավորապես ձեզ մեղադրեց , որ պետական բյուջեի 700 միլիոնը առանց հիմնավորման դրել եք կասկածի տակ, եւ ձեզ ասեց, որ ոչ մեկին հետաքրքիր չէ, թե դուք ինչ կարծիք ունեք դատախազության եւ այս կամ այն գերատեսչության մասին: Հիմա Սերժ Սարգսյանը, նորից ձեր թեկնածությունը առաջադրելով, նշանակում է, որ դուք պարտավորվել եք, որ այսուհետ կասկածի տակ չեք դնելու բյուջեի 700 միլիոնանոց հատվածը, եւ կասկածի տակ չեք դնելու այլեւս գործադիր իշխանության «թափանցիկ» լինելը»,- այս հարցն Իշխան Զաքարյանին ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, բնականաբար, չշրջանցեց Իշխան Զաքարյանի առանձնատան բազմաչարչար թեման: Պատգամավորը հիշեցրեց, որ երկու անգամ ԱԺ ամբիոնից հարց է բարձրացրել նրա առանձնատան վերաբերյալ եւ որեւէ անգամ պատասխան չի ստացել.«Ինչպես է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն, եւ, ըստ էության, մենք չենք կարող պարզաբանում ստանալ թե որտեղից»: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խնդրեց այս հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ տալ`կեռ առ կետ. «կաբելն էլ չմոռանաք»:
Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ «խնդիրը կաբելի մեջ չի», ավելի խորքային է` ՎԵՊ-ն ասում է մի բան, կառավարությունը համաձայնում է կամ չի համաձայնում. «Սա բնական է, դրա համար ճանապարհը մեկն է` դատարան»: Այնուհետեւ, անցավ առանձնատան թեմային.«Առանձնատան մասին դուք երկու անգամ հարցրել եք, ես պատասխանել եմ և ոչ միայն ես, այլեւ այդ անձնավորությունը դեռեւս երեք տարի առաջ «Իրավունք» թերթով: Եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, ես պատրաստ եմ փաստաթղթեր տալ, բայց դուք կարծես, նման ցանկություն չունեցաք… Ես չեմ կարծում, որ սա այն ամբիոնն է, որտեղ կարելի է գալ եւ ամեն ինչի մասին խոսել»։
«Ես ինչո՞ւ պետք է ձեզանից փաստաթուղթ ուզեմ, ես հարցը տալիս եմ, որ հանրությունը իմանա, ունեք ասելիք՝ ասեք, թող հանրությունը իմանա: Իշխան Զաքարյանը չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն արժողությամբ տունը: Ցրում է, թեման փոխում, պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ որպես Վերահսկիչ պալատի նախագահ, դուք պետք է պատասխանեք: Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել: Մեխանիզմը բացատրեք, թող բոլոր անտուն ՀՀ քաղաքացիները իմանան ի՞նչ անել, որ միջազգային ներդրողները գան ու իրենց տան հարցերը լուծեն»,- արձագանքելով Իշխան Զաքարյանին`ասաց Փաշինյանը,շարունակելով, որ ԱԺ ամբիոնն այն ամբիոնն է, որտեղից բարձրացված հարցերի պատասխանը հանրությունը պետք է ստանա, եւ որ սա մամուլի ակումբ չէ:

«Մի անգամ գալիս եք ձեր գերատեսչության կայքին եք հղում անում, մյուս անգամ գալիս եք լրատվության միջոցին եք հղում անում, հիմա հանրությունը սպասում է հստակ պատասխանի: Ես ինչո՞ւ պետք է ձեզանից փաստաթուղթ ուզեմ, ես հարցը տալիս եմ, որ հանրությունը իմանա, ունեք ասելիք՝ ասեք, թող հանրությունը իմանա: Իսկ կաբելի մասին այս անգամ էլ չպատասխանեցիք»,- վրդովվեց Փաշինյանը: Իշխան Զաքարյանն էլ հակադարձեց, որ Փաշինյանի նշած խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են առկա խնդիրներին`կարդալով նախօրոք պատրաստված տեքստը, որը հայտնի խորհրդակցության ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը:
Իշխան Զաքարյանի առանձնատան թեման Նիկոլ Փաշինյանը զարգացրեց նաեւ իր ելույթում. «Ես հարց եմ տալիս, որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան կարողություն: Հարցին պատասխանում է Սերժ Սարգսյանը: Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին ու ասում՝ պատկերացնում եք, թե ի՞նչ կլինի, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի Վերահսկիչ պալատի նախագահի մասին: Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, դա նշանակում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կարծիք չի հայտնի»,- ասաց Փաշինյանը` տարակուսելով, թե ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն: Նա նաեւ պահանջեց, որ Սերժ Սարգսյանը, ԱԺ դահլիճում նստած բոլոր միլիարդատերերը հանրությանը բացատրեն, թե ո՞նց կարելի է մի քանի տարում դառնալ միլիարդատեր. «Ինչո՞ւ եք թաքցնում, ասեք, թող բոլորը հարստանան, թե՞ մենակ դուք եք ուզում հարստանաք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930