Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոռեժիսոր. «Թիթեռի կյանքը մեկ օր է, ժառանգ չունեցող կնոջ կյանքն էլ է մեկ օր»

Նոյեմբեր 11,2013 19:21

 

Լրանում է «Նոնա և ընկերներ» կինոնախագծի 9-ը տարին…

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղի կունենա սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր, քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանի «Նոնա և ընկերներ» (Նմանություն) կինոսցենարի օնլայն պրեզենտացիան, իսկ ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի միությունում կներկայացվեն կինոսցենարի ընթերցումները: Այս մասին այսօր «Նոյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լուսինե Գևորգյանը և ապա փորձեց համառոտ ներկայացնել ֆիլմը.«Նոնա և ընկերներ»-ը հոգեբանական դրամա է, որն անդրադառնում է Ղարաբաղյան պատերազմից հետո առանց ամուսին և առանց ընտանիք մնացած կանանց այն սերնդին, որոնց մասին ընդունված չէ խոսել, այն կանանց, որոնց ամուսինները թաղված են Եռաբլուրում, և ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ եղավ այդ կանանց հետ: Իսկ իրականում մենք ունենք մի հսկայական սերունդ, այդ թվում՝ ես, իմ քույրը, իմ յոթ ընկերուհիները, որոնք չունեն ո´չ ընտանիք, ո´չ ամուսին: Եվ ապագա էլ չունեն, որովհետև հայ կինն իր երեխան պիտի ունենա, հանուն որի կկարողանա շարունակել ապրել, իսկ երբ չկա ժառանգ, նա հուսալքվում է, նա չգիտի՝ ինչի համար ապրել: «Թիթեռի կյանքը մեկ օր է,- ասում է ֆիլմի հերոսուհին՝ Նոնան,-  ժառանգ չունեցող կնոջ կյանքն էլ է մեկ օր»: Իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից Երևանում, որը բնակեցված է եվրոպական ձևերով, սակայն արևելյան ոգով դաստիարակված մարդկանցով:  Պատումը քառասնամյա մի կնոջ մասին է, որն իր ուսանողի սիրո շնորհիվ երաժշտության սովորական դասախոսից վեր է ածվում իսկական երաժշտի: Կոնֆլիկտը միջավայրի, ավանդույթի և հերոսների ցանկությունների բախումն է: Ֆիլմում խաղարկվում են հինգ կանացի կերպարներ (որոնք, ի դեպ, ունեն իրական նախատիպեր և կրում են նրանց անունները), որոնցից միայն մեկն ունի ընտանիք: Սիրային պատմության թվացյալ թեթև սենտիմենտալ դրամայում այս կանանց անելանելիության ու անպետքության ենթատեքստը կա»:

Ռեժիսորը համոզված է, որ հենց այս սերնդի մասին է պետք խոսել, սակայն բազմիցս իր նախագիծը ներկայացրել է Կինոկենտրոն և Մշակույթի նախարարություն, իսկ արձագանքներ չեն եղել: «Այս սերնդի մասին ընդունված չէ խոսել, և Կինոկենտրոնի դիրքորոշումը երևի դրանով է պայմանավորված: Նկարեք ձեր գարեգին նժդեհները, բայց հասկացեք, որ լրջությունը այդ խոշոր կերպարանքով մարդու մեջ չէ, ոչ էլ նրանում է, որ նա գոռում է: Ազգային հերոսը այդ կեղծ-լուրջ ձևերի մեջ չէ, հերիք է այդ գավառականությունը մեր վզին փաթաթեք, նոր սերունդ է եկել, որի  սերուցքը Մաշտոցի պուրակի ակտիվիստներն են: Ինչո՞ւ է ձեզ թվում, թե նրանց այդ սարսափելի հեռուստասերիալներն են պետք, որտեղ հաստավիզ, ոսկե շղթաներով տղերքն են ամեն ինչ որոշում: Եվ, ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի ողջ դասական գրականությունն էկրանավորելը»,- կարծում է Լ. Գևորգյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930