Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական պայքար փողոցային բարքերի դեմ». հայկական բանակի նոր կարգախոսը

Դեկտեմբեր 12,2013 12:32 Share

«Հաճախ հնչում են կարծիքներ՝ բանակը հասարակության հայելին է, հետևաբար նորմալ է, որ հասարակության մեջ կուտակված բացասական էներգիան բանակի նման փակ համակարգում խտացվելով բերում է մարդու իրավունքների խախտումների, սա մենք համարում ենք առնվազն անհեթեթ արդարացում: Ավելին ասեմ՝ ես արգելել եմ ԶՈՒ-ում նման արտահայտությունն իբրև արդարացման միջոց գործածել: Ճիշտ է, մենք չենք ժխտում, որ զորակոչի հիման վրա ձևավորվող բանակն ամեն դեպքում կրում է իր վրա հասարակության ազդեցությունը՝ լինի դա լավ թե վատ, սակայն բանակի փակ ինստիտուտն այս դեպքում պետք է որպես հաղթաթուղթ օգտագործել հասարակությունից ներթափանցող վատ երևույթների ներթափանցելու համար, ոչ թե ծառայեցնել որպես անպատասխանատու մարդկանց թերի աշխատանքի արդարացում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Առիթը`Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի` «Մարդու իրավունքները զինված ուժերում», թեմայով համատեղ խորհրդարանական լսումներն էին:

«Գալիք՝ 2014 թվականը մենք հռչակել ենք որպես ԶՈՒ-ում փողոցային բարքերի դեմ պայքարի տարի: Մենք փորձելու ենք բանակին բնորոշ խիստ կարգուկանոնն ու առօրյան զուգորդել փոխհարաբերությունների, շփման էթիկայի, մտածողության վրա համալիր ազդեցությամբ, այլ կերպ ասած՝ բանակը կարող է օգտագործվել որպես զտիչ, որով անցնելով երիտասարդները կվերաիմաստավորեն իրենց առօրեական աշխարհընկալումը և հասարակություն կվերադառնան քրեական ռոմանտիկայից, չակերտավոր, կեղծ տղամարդկային արժեհամակարգային մոլորություններից ձերբազատված: Սա բարդ և դժվար իրագործելի ծրագիր է: Նոր արժեհամակարգի անցման հիմքերը դրված են, որում հստակեցվեցին կարգապահական պատասխանատվության հարցերը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը`հավելելով, որ արդեն իսկ մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել:

Այս առիթով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության նախագահ Արման Դանիելյանի հարցին`հատկապես ի՞նչ քայլեր են նախատեսվում, նախարարն այդպես էլ հստակ չասաց, թե ի՞նչ քայլեր են նախատեսվում անել: Խոսեց փորձի փոխանակումից, «մարդկային գործոնների զարգացումից», բացատրեց, որ դա էր պատճառը, որ մենք պատերազմում հաղթեցինք: Այդ գործում կներգրավվեն կրթական հաստատությունները: Նախարարը նաեւ ասաց, որ կարգախոս են հորինել`«Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կամ «Միասնական պայքար փողոցային բարքերի դեմ»:

Պաշտպանության նախարարը խոսեց նաեւ ՀՀ ԶՈՒ –ի վերաբերյալ «ոչ պրոֆեսիոնալ մակարդակով» հնչեցվող գնահատականների. «Հաճախ տեղի-անտեղի բարձրաձայնվում է ԶՈՒ-երում մարդու իրավունքների պաշտպանության ուսուցման և դրանց գործնական կիրառման մեջ իբրև թե թերացման մասին: Ընդ որում, այդ մասին խոսում են անխտիր բոլորը. թե նրանք, ովքեր շատ լավ տեղյակ են կատարվող աշխատանքներին, բայց ավելի լավ վիճակ տեսնելու անկեղծ ցանկությամբ, կամ ինչու ոչ՝ շահադիտական նկատառումներով ցանկանում են անընդհատ բարձրաձայնել խնդիրների վերաբերյալ, եթե նրանք, ովքեր պարզապես ցանկանում են ինչ-որ բան ասել ոլորտի մասին, կայանալ քննադատության միջոցով և տեղեկատվության պակասի պատճառով ընտրում են այս ոլորտը ՝ հույս ունենալով հաճոյանալ ոչ իրազեկ հասարակական զանգվածներին»:

Ինչ վերաբերում է ԶՈՒ-երում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ապա, ըստ Սեյրան Օհանյանի, առկա կանոնների ու կարգերի ճիշտ կիրառման դեպքում, դրանք ավելի քան բավարար են խնդիրներից խուսափելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031