Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց. «Կարող եմ զուտ ենթադրություն անել, որ դատավորների կաշառքի չափերը ՄԻՊ զեկույցում դեռ մի փոքր էլ քիչ են նշված։ Ինչ վերաբերում է դատարանների կոռումպացվածությանը, կարծում եմ՝ առանց զեկույցի էլ բոլորի համար դա վաղուց գաղտնիք չէ։ Դատական համակարգը պատասխանում է զեկույցին, փորձում հերքել այն, ասելով որ իրենք խնդիրներ ունեն, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Իրականում իրավիճակը հակառակն է։ Դա կրում է համատարած բնույթ։ Դատական համակարգում կան կոռուպցիայից զերծ մի քանի լուսավոր կետեր, որոնցից ներկայիս դատական համակարգի ղեկավարությունը հաջողությամբ ձերբազատվում է»։
Ե. Վարոսյանն ասաց նաև, որ «զոնալ դատավորների» գոյությունը ևս վաղուց գաղտնիք չէ։ «Նախկին շատ դատավորներ ժամանակին նաև հանդես եկան հրապարակումներով և նշեցին այդ մասին։ Մեզ համար էլ գաղտնիք չէ, որ գործում է և տեղեկանքների, և զեկուցումների սիստեմ, և, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռներն ու դատավճիռները քննարկվում են Վճռաբեկի համապատասխան «զոնալ», հսկող դատավորների հետ, ինչը զրոյացնում է մեր հանրապետության եռաստիճան դատական համակարգի իմաստը, և անգամ մեծագույն ցանկության դեպքում այս պարագայում մեր դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել, որովհետև աստիճանները խախտվում են։ Միանգամից որոշումը կայացնում է Վճռաբեկ դատարանը, այն էլ կայացնում է առանց գործը հավուր պատշաճի իմանալու՝ զուտ առաջին ատյանի դատարանի դատավորի իրեն զեկուցածի մասով»։
Փաստաբանը նշեց, որ եթե դատական համակարգը հերքում է զեկույցը, ապա պետք է հատ-հատ անդրադառնա ՄԻՊ զեկույցում ներկայացված առանձին դեպքերին և նշի, թե ո՞ր դեպքերում են դատավորները պատասխանատվության ենթարկվել, և ինչո՞ւ, ո՞ր դեպքերով չեն ենթարկվել։
Խոսելով ՄԻՊ-ի այն դիտարկման մասին, որ վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումները, Ե. Վարոսյանն ասաց, որ փաստաբաններն այդ հարցը բարձրացրել են մի քանի ամիս առաջ կազմակերպված դատադուլի ընթացքում։ «Այո, չեն պատճառաբանում, և այնպես էլ չէ, որ իրենք չեն ընդունում, որ չեն պատճառաբանում։ Չեն պատճառաբանում, ինչի հետևանք է դառնում այն, որ այնտեղ տեղի են ունենում մեզ համար անհասկանալի, իրավական դաշտից դուրս պրոցեսներ։ Վարույթ են ընդունվում գործեր, որ չես հասկանա ինչո՞ւ ընդունվեցին, չեն ընդունվում գործեր, որոնք նորից չես հասկանա ի՞նչ պատճառով չընդունվեցին»,- ասաց Ե. Վարոսյանը։
Կարդացեք նաև
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում


















































