«Էն մարդուն եմ վիրավորել, ով բանսարկությամբ է զբաղվել, հերյուրանք է տարածել, ով վիրավորում է, և եթե պետք լինի, նորից կկրկնեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
Վերջինս լսել է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները պատրաստվում են դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով` իր վարքագիծը քննարկելու պահանջով:
Բադեյանն ասաց, որ եթե ԱԺ էթիկայի հանձնաժողովն ընդունի լրագրողների դիմումն, ապա ինքը պատրաստ է բացատրություններ տալ. «Ես չեմ խախտել էթիկայի կանոնները, ընդհակառակն` կարծում եմ, որ որոշ ժուռնալիստներ են խախտել էթիկայի որոշ կանոններ: Խոսքն, իհարկե, չի վերաբերվում բոլոր լրագրողներին, քանի որ նրանց մեջ կան նաև պրոֆեսիոնալներ, բայց կան բացասական մակարդակ ունեցող մարդիկ, ովքեր պատվերներ են կատարում և հերյուրանքներ տարածում: Ես նույնիսկ նրանց նկատմամբ էթիկայի կանոնները չեմ խախտել, որևէ վիրավորական արտահայտություն չեմ հնչեցրել: Եթե ես ուզենայի վիրավորեի աղջիկ լրագրողներին, «ախչի» կասեի, «արա»-ով չէի դիմի, որովհետև կնոջն «արա» չեն ասում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































