Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ցանկալին տարանջատել իրականից և ազնիվ լինել հասարակության առաջ. Վահե Նիկոյան

Դեկտեմբեր 12,2013 19:27

Ցանկացած հուզող հարցի հրապարակային դիմելաձևը ընտրվում է կոնկրետ դիմողի կողմից և դրանցից մեկը բաց նամակն է։ Ուղևորափոխադրումների վարձի ձևավորման խնդրի լուծման համար արդեն  տևական ժամանակ ընթացող գործընթացի հետահայաց վերլուծությունը իմ համոզմամբ չպետք է Ձեզ մղեր կատեգորիկ դիմելաոճով Երևանի քաղաքապետին բաց նամակ հասցեագրելուն, առավել ևս խնդրի առնչությամբ կատարվող քայլերի տրամաբանության համատեքստում այն ուղղակի զավեշտալի է կոչել որպես «անհիմն ու ապօրինի մտայնություն»։

Իմ համոզմունքը խարսխված է մի քանի կարևոր սկզբունքների վրա։

Առաջինը դա կամուրջները չայրելով խնդիրը հուզական դաշտից մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելն էր, քանի որ իր բնույթով թանկացումը տնտեսական երևույթ է և ավելորդ հուզականության ու առավել ևս հաղթելու կամ պարտվելու հարց որպես այդպիսին չկա։ Այնուհանդերձ, եթե դա Դուք համարում եք հասարակության հաղթանակը՝ շատ լավ, քանի որ Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները այդ նույն հասարակության անդամներն են, ուրեմն դա նաև մեր հաղթանակն է։ Մենք համատեղ ուժերով փորձում ենք խնդիրը հնարավորինս զերծ պահել հուզական և քաղաքական ուղղվածությունից, այն դարձնելով քննարկման համար բոլորին հասանելի և առավել թափանցիկ։

Ահա այդ տրամաբանությամբ էր, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումով ձևավորվեց Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողով, որի առաջին իսկ նիստում և ապա Ձեր ակտիվ մասնակցությամբ լրատվական և տեղեկատվական միջոցներով հստակեցվեց ստեղծվող հանձնաժողովի առաքելությունն ու նպատակը, մանրամասն ներկայացվեց սկսված գործընթացի փուլերը։ Այսինքն` սկսվեց գործընթաց, որի մասնակիցն է նաև հասարակությունը, քանի որ հանձնաժողովի կազմի ձևավորման համար ի սկզբանե ուղղակի հրավերներ ուղարկվեցին խնդրի վերաբերյալ շահագրգիռ վարքագիծ ցուցաբերած անձանց, մասնագետներին, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ չդնելով որևէ քանակային սահմանափակում կամ չափորոշիչ։ Եվ այս պարագայում հանձնաժողովի ձևավորման կարևոր սկզբունքը՝ դա խնդրով շահագրգիռ բնակչության և քաղաքացիական հասարակության լայն շերտերի ընդգրկումն էր այս գործընթացին։

Ինչու՞ եմ այս ամենը կրկին ներկայացնում։ Ուղղակի ցանկանում եմ, որ Ձեզ համար պարզ դառնա այն կարևոր սկզբունքը, որը մեր կողմից ընտրվեց որպես հիմնաքար։

Հանձնաժողովը սկսել է կատարել իր առաքելությունը, արդեն հանձնաժողովի անդամներին, իսկ Ձեր մասնագիտական աշխատանքի շնորհիվ նաև հանրությանը ներկայացվել են նոր ընտրված և ընդունված չափորոշիչների արդյունքում ձևավորվող նոր արժեհաշվարկի հիմնական ցուցանիշները։ Այժմ միջազգային և տեղական մասնագետների խորհրդատվությամբ ակտիվորեն աշխատանքներ են ընթանում ուղևորահոսքի առավել հստակ և ամբողջական ցուցանիշներ ունենալու ուղղությամբ։ Ասեմ Ձեզ, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը և հանձնաժողովը ակտիվ քննարկումներ են իրականացնում ինչպես հանձնաժողովի ներսում, այնպես էլ լրատվական (ներառյալ՝ էլեկտրոնային) տիրույթում, ձգտելով հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունն ու խնդրի առնչությամբ մտահոգ ցանկացած անհատի, լրատվամիջոցի կամ կազմակերպության հետ հետադարձ կապը։

Երկրորդ սկզբունքը դա ոլորտի կանոնակարգման անհրաժեշտության հիմնավորումը մատչելի ձևով հասարակությանը մատուցելու խնդիրն էր։ Ի վերջո` խոսքը վերաբերվում է ոչ միայն ուղղակի ուղևորափոխադրմանը, այլ նախ և առաջ դրա անվտանգության ապահովմանը և ապա նաև որակական առաջընթացին։ Այս դեպքում արդեն պետք է ազնիվ լինել մեր հասարակության առաջ և ցանկալին իրականից տարանջատել, քանի որ խնդիրը նախ և առաջ ուղևոր բնակչի անվտանգ երթևեկությանն է առնչվում։ Չընդունել և չհասկանալ այս պարզ ճշմարտությունը, նշանակում է ուղղակի վտանգել բնակչի կյանքը։ Ձեր մատնանշած օրենքում թվարկված օբյեկտիվ պատճառները ոչ միայն առկա են, այլև շատ ոլորտներում տեսանելի ներազդած։ Միաժամանակ, ոլորտի աշխատանքների կազմակերպման կանոնակարգման համատեքստում ուղեվարձի իրատեսական ինքնարժեքը անհրաժեշտ է նաև այն պարզ պատճառով, քանի որ ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է ավտոբուսների և միկրոավտոբուսների թափուր երթուղիների մրցույթ ու այս պարագայում արդեն անհնար է հաշվի չառնել այսօրվա գնագոյացման միտումները։ Համոզված եմ, որ Դուք տեղեկացված եք, որ թվով 24 երթուղիներում արդեն ամիսներ շարունակ մրցույթները չեն կայանում և դա ինքնին խոսում է ոլորտում չկանոնակարգած խնդիրների առկայության մասին։ Արդեն առկա է նաև ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից հրաժարվելու միտում, ինչը վերագրել  շանտաժի փորձերի կամ աշխատանքների խափանման մտադրության, նշանակում է տնտեսական հարցը ուղղակի հուզականով ծխածածկել և չտեսնելու տալ  հիմնախնդրի լրջությունը։

Եվ վերջապես երրորդ սկզբունքը դա նոր ձևավորվող ուղևարձի սահմանման դեպքում հասարակության խոցելի խմբերի համար նախատեսվող արտոնությունների տրամադրման մեխանիզմի մշակումն է, որը հնարավոր չէ իրականացնել մինչև չճշգրտվի այն ինքնարժեքը, որն անհրաժեշտ է մեկ ուղևոր փոխադրելու համար։

Այս երեք սկզբունքներն էլ հիմնավոր են և իրականացվող գործընթացում հստակ պահպանվում են՝ փոխլրացնելով մեկը մյուսին։ Այս պարագայում Ձեր խնդիրը հնարավորինս օժանդակելն է վստահության կամուրջների կառուցմանը և այստեղ ինչ խոսք Ձեր մասնագիտական ներուժը անգնահատելի է։

Փորձենք ազնիվ լինել միմյանց նկատմամբ։ Հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվարկներին մինչ օրս որևէ մեկի կողմից այլընտրանքային այլ հաշվարկ չի ներկայացվել։ Եղել են ամպագոռգոռ հայտարարություններ և ասվել են ականջահաճո թվեր, կատարվել են մեր հաշվարկների յուրօրինակ վերլուծություններ, սակայն դրանցից որևէ մեկի համար մասնագիտական հիմք (աղբյուր) կամ հիմնավորում չի ներկայացվել։ Հանձնաժողովը ցանկությունների և տեսլականների քննարկման առաքելություն չունի, այն գործնական աշխատանքային մասնագիտական գործառույթ է իրականացնում։ Սա է իրողությունը։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովի կողմից վերջնական հաշվարկների արդյունքների քվեարկությամբ հաստատմանը, ապա մասնագիտական հիմնավորումներով հաշվարկները քվեարկությամբ չեն կարող դառնալ սխալ կամ ճիշտ և նրանց ճշմարտացիությունը քվեարկության արդյունքներով չի կանխորոշվում։ Դա ուղղակի ընթացակարգ է։

Առաջարկում եմ Ձեզ, Ձեր մասնագիտական որակները օգտագործելով փորձել գտնել նրանց, ովքեր պատշաճ հիմնավորումներով և աղբյուրների հղումով կներկայացնեն այլընտրանքային հաշվարկներ, հրապարակեք դրանք Ձեր լրատվամիջոցներում, առողջ բանավեճի մշակույթ սերմանեք և հավատացնում եմ Ձեզ, որ դրանով իրապես գործնականում կօգնեք մեզ այս խնդրի կանոնակարգման ճանապարհին։ Մենք աշխատում ենք բաց և թափանցիկ։ Հանձնաժողովը հարթակ է մասնագիտական բանավեճի և քննարկումների համար, օգտագործեք այն ի նպաստ բոլորի։

Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետի արտահայտած անձնական կարծիքին, ապա խնդրում եմ Ձեզ նրա խոսքերը ենթատեքստից չառանձնացնել։ Երևանի քաղաքապետը շեշտել է, որ հանձնաժողովն աշխատում է, իրականացվում են մասնագիտական հիմնավոր հաշվարկներ և արտահայտել է միտք, որ այսօրվա իրողության մեջ առանց ուղեվարձի փոփոխության ավելի լավ ծառայություն մատուցել ուղղակի  հնարավոր չէ։ Եվ դա փաստ է, քանի որ ներկայումս՝ իրերի այս դասավորության պարագայում, Երևանի քաղաքապետարանի առջև դրված առաջնային խնդիրը ոլորտի գործունեության տարրական կենսաապահովումն է։

Անկախ ամեն ինչից մենք շարժվում ենք իրատեսական և իրողությունները  սթափ գնահատելու ճանապարհով։ Խնդիրը մեզ համար փոխշաղկապված է երկու որոշիչներով՝ անվտանգություն և որակ։ Այս համատեքստում է, որ փորձելու ենք հաղթահարելով հուզականությունը ոլորտի զարգացման վաղվա տեսլականի ուղենիշով ընթանալ առաջ։

Եկեք փորձենք համատեղ ուժերով շարժվել առաջ, նպաստենք խնդրի փոխշահավետ և արդարացի լուծմանը։ Այդպիսի աշխատաոճը իմ կարծիքով և ավելի արդյունավետ կլինի և առավել պատվաբեր։

 

Հարգանքով՝

Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Կա ընդամենը 2 տարբերակ: Ուղեւորափոխադրումը կամ սովորական բիզնեսի ձեւ է կամ պետության գործառնություններից մեկը: Առաջինի պարագայում ցանկացած հաշվարկ անիմաստ է: Ուզում ես 1000 դրամ դիր ուզում ես 2000 ուզում ես 20: Քո գործն է: Նստողը թող նստի, չնստողը` չէ: Իսկ եթե ուղեւորափոխադրումը պետության գործառնություններից մեկն է, ապա էլի ցանկացած հաշվարկ անիմաստ է, որովհետեւ մարդկանց պիտի ապահովես փոխադրանիով: Ու վերջ: Գի՞նը: Հարկերից: Դա պետության գործառույթն է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031