Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

Հունվար 16,2014 13:32

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված  ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի ստուգման միջոցով, իսկ որպես գնահատվող սուբյեկտ կդիտարկվի կառուցապատողը, որի գնահատականը կձևավորվի իր և տվյալ օբյեկտում քաղաքաշինական գործունեություն  իրականացնող մնացած սուբյեկտների գործունեության գնահատականներից, կձևավորվի տվյալների շտեմարան` ստուգման օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նշված հարցերը հանգամանորեն քննարկվել են, և այժմ կառավարության հաստատմանն են ներկայացվել դրանց լրամշակված տարբերակները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի  նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», – ասել է Տիգրան Սարգսյանը: 

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

 

Բարելավվում է զինապարտության պիտանիության ցուցանիշը

 

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որը  միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական  հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը: Առաջին օղակում լիարժեք  բժշկական հետազոտության անցկացումը հնարավորություն կտա հայտնաբերված հիվանդությունը բուժել մինչև զորակոչային տարիքը, ինչի շնորհիվ բանակը կհամալրվի առողջ կադրերով:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են այն հանգամանքով, որ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ  համարվող եկամուտներից, իսկ գործատուն նպաստը վճարում է տվյալ ամսվա եկամտային հարկի գումարի հաշվին:

Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել  պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:

Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունը ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկություն են տրամադրում նախորդ տարվա ընթացքում նոր առաջացած  տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ, ինչի շնորհիվ կստեղծվեն տարածական տվյալների լիարժեք և արդիական շտեմարան, ինչպես նաև մշտապես թարմացվող մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներ:

Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:

Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

 

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

             Կրթության ոլորտում  իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի  դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. մայիսի 14-ի կոնվենցիայի, դրան կից 1999թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: Չորս տարին մեկ պետությունը զեկույց է ներկայացնում նշված կոնվենցիայի և արձանագրության իրականացման վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Որոշման ընդունումը թելադրված է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, վերջինս` գործատուին: Գործատուն կամավոր կերպով  պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից պարտավոր է հաշվարկել և վճարել կուտակային վճարը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:

Օրենսդրական նախաձեռնություններ

 

         Նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Առաջարկվում է սահմանել, որ գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ  գույքի` երկրորդ և ավելի անգամ ձեռք բերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում, ինչպես նաև չկատարված հարկային պարտավորությունների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների  գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հանգամանորեն հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:

Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031