Լրահոս
Օրվա լրահոսը

Չի հաշվառվել որպես փախստական ընտանիք

Փետրվար 01,2014 14:53

Կամո Մանգասարյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ)՝ խնդրանքով, որ իրեն տրամադրեն բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ): Միգրացիոն ծառայությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրանց ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից չի հաշվառվել որպես փախստական ընտանիք: Առաջացած խնդրի վերաբերյալ Կամոյի եղբայրը՝ Յուրին, հայցադիմում էր ներկայացրել Հայաստանի վարչական դատարան, որտեղ էլ դատավորը նրա հայցը բավարարել էր մասնակի՝ անվավեր է ճանաչվել 18.12.2009 թվականի թիվ 430/2 գրությունը:

Նշված վճռով դատարանը նշել է. «Սույն գործով վիճարկվող ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների բացակայության պատճառով 2003 թ. օգոստոսի 1-ի դրությամբ իր փաստացի բնակության հասցեից բացակայելու, այդ պատճառով հաշվառված չլինելու, առաջնահերթ ծրագրում ընդգրկված չլինելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է նշված ակտն ընդունած պետական մարմինը՝ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը»: Դատարանը հայցը բավարարել է, քանի որ հաստատված է համարել, որ Մանգասարյանների ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ իրենց բնակության վայրից բացակայելու վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայությունը որեւէ ապացույց չի ներկայացրել: Երկրորդ, բնակարանի գնման վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու հայցապահանջը, որն ուղղված է եղել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, մերժվել է, քանի որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ պատասխանողը՝ ՄՊԾ-ն, այս ընտանիքի մասին իրենց որեւէ տեղեկատվություն չի տրամադրել: 20.05. 2004 թվականին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 747-Ն որոշումը, 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձնանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին: Ծրագրի շահառուների ընտրության չափանիշները հետեւյալն էին. բնակվում են ժամանակավոր կացարաններում, ինչպես նաեւ, բացի նշված ընդհանուր պայմաններից, ծրագրի շահառուների ընտրության հիմքում որպես չափանիշ համարվում է 2003 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ժամանակավոր կացարաններում եւ վագոն-տնակներում փախստական ընտանիքների փաստացի բնակությունը: Ընտանիքի ոչ ներկա անդամները դիտվում են շահառու եւ ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ բուժման կամ ուսման, կամ ազատազրկման վայրում պատիժը կրելու հետ:

Վճռով հաստատվել է, որ Մանգասարյանների ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ փաստացի բնակվել է Նորքի այգիներ 227 հասցեում, իսկ Յուրի Մանգասարյանը 2002-2004 թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Փաստացի, նշված ընտանիքը համարվում է բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի շահառու:

Յուրի Մանգասարյանը 01.10. 2013թ. դիմել է Միգրացիոն ծառայությանն՝ իրենց ընտանիքին բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրի ցուցակում ընդգրկվելու խնդրանքով: Ի պատասխան դրան՝ 18.10. 2013թ. թիվ 01/07/2823-13 գրությամբ ծառայությունից հայտնել են, որ նրանց ընտանիքը չի ընդգրկվել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-Ն որոշմամբ հաստատված՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրում: Յուրի Մանգասարյանի 3 շնչից բաղկացած ընտանիքը՝ Կամո, Յուրի եւ Իդա Մանգասարյաններ, միասին 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթել են Հայաստան եւ ստացել փախստականի կարգավիճակ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728