Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզապես նստել ու սպասելը տարբերակ չէ»

Փետրվար 06,2014 12:00

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալթերի հարցազրույցը

– Պրն Դիդյե Բուրկհալթեր, հակամարտությունների կարգավորումն ու դրան առնչվող գործունեությունը մշտապես ներկայացվում է որպես առաջնահերթություն այս կամ այն նախագահությունների համար, թեեւ այդ ծրագրերի իրական ազդեցությունը մնում է շատ ցածր: Որո՞նք են Շվեյցարիայի նախագահության պարագայում այս թեման առաջնահերթություն հայտարարելու հիմքերը:

– Ես վստահ եմ, որ ձգձգված հակամարտությունների առումով ԵԱՀԿ-ում հնարավոր է կոնկրետ եւ նշանակալի առաջընթաց արձանագրել: Չնայած առաջընթացը հաճախ լինում է փոքր քայլերով, ես համոզված եմ, որ կազմակերպությունն ունի այդ գործընթացին աջակցելու կարողություն: ԵԱՀԿ-ը հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման նախկինում մեծ փորձ ունի, ինչպես նաեւ ունի կարողություն առաջ մղելու լուծումները, երբ առկա է այդ ջանքերին աջակցող քաղաքական կամք: Այդուհանդերձ, մենք չենք ակնկալում արագ ու հեշտ առաջընթաց ձգձգված հակամարտություններում:
Շվեյցարիան կարող է միջնորդելու որոշակի օգտակար փորձ առաջարկել, մեր նախագահության ընթացքում էլ կցանկանայինք ամրապնդել այս հարցում ԵԱՀԿ կարողությունները:

– Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է նշանակում 2013-ի դեկտեմբերի 5-6-ին Կիեւում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդում ձեր հայտարարության այն հատվածը, որում ասվում էր. «աշխատել գոյություն ունեցող ձեւաչափերում աջակցելու ձգձգված հակամարտությունների կարգավորման որոնմանը»:

– Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող ձեւաչափերի, օրինակ, Ժնեւի միջազգային քննարկումների եւ Մինսկի գործընթացի հզորացումն ու աջակցումը կենսական նշանակություն ունեն, քանի որ դրանք կայացած են ու ընդունելի ԵԱՀԿ համայնքի ու բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար՝ ես Հարավային Կովկասում իմ հատուկ ներկայացուցիչ եմ նշանակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն, դեսպան Անժելո Գնեդինգերին:
ԵԱՀԿ անունից նա համանախագահելու է Ժնեւի միջազգային քննարկումները, որոնք մենք անփոխարինելի ենք համարում Վրաստանում 2008-ի օգոստոսյան հակամարտության հետեւանքների վերացման հարցում: Իմ հատուկ ներկայացուցիչը նաեւ կմասնակցի Էրգնեթիում միջադեպերի կանխման ու արձագանքման մեխանիզմին առնչվող հանդիպումներին, որն ապացուցել է իր կարեւոր դերակատարությունը տեղում անվտանգությանն առնչվող իրավիճակի կայունացման եւ մարդկանց առօրյա մտահոգությունների ու անվտանգության հարցերի հասցեագրման առումով: Այս տարի այս մեխանիզմի շրջանակներում հունվարի 21-ին արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հանդիպումը:

– Վստահության ձեւավորումը ղարաբաղյան հակամարտությանն առնչվող այն գլխավոր հարցերից է, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է պահել բանակցային գործընթացի օրակարգում: Ինչպե՞ս է Շվեյցարիան նախատեսում նպաստել այս հարցի լուծմանը իր նախագահության մեկ տարվա ընթացքում:

– Շվեյցարական նախագահությունը ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Հունվարի 14-ին Բեռնում ես ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քննարկել մեր համագործակցությունն ու հայտնել իմ գնահատանքը նրանց անխոնջ միջնորդական ջանքերի համար: Ես նաեւ վերանշանակել եմ Անջեյ Կասպրշիկին որպես հակամարտության հարցով իմ անձնական ներկայացուցիչ: Նա կշարունակի իր աշխատանքը տեղում` մշտադիտարկելով շփման գծում իրավիճակն ու դիտորդական առաքելություն իրականացնելով կողմերի միջեւ զինադադարի համաձայնագրի պահպանման առնչությամբ:

Մենք խորապես հավատում ենք, որ պարզապես նստել ու սպասելը տարբերակ չէ: Մարդկային շփումները, փորձագետների միջեւ փոխանակումներն ու տարածաշրջանային ավելի ակտիվ համագործակցությունը կարող են ներդրում ունենալ կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը:

– Վստահության ձեւավորումը հատուկ մասնագիտական խմբերի փոխանակման ծրագրերի միջոցով նախկինում եւս արվել է: Ինչպե՞ս է Շվեյցարիան պատրաստվում կազմակերպել այս ծրագրերը`ավելի մեծ հաջողության հասնելու համար:

– Մեր մոտեցմամբ, մասնագետների միջեւ փոխանակումները եւ համատեղ ծրագրերը կարող են մեծացնել փոխըմբռնումը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջեւ, անգամ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` որպես այդպիսին, այդ ծրագրերի կիզակետում չէ: Մենք կփորձենք աշխատել երիտասարդ պաշտոնյաների, արվեստագետների ու լրագրողների հետ, որոնք սովորաբար ներգրավված են հակամարտության վերաբերյալ ներքին քննարկումներում:

– Մարդկանց առօրյա կյանքի բարելավումը ԵԱՀԿ նոր նախագահության կողմից հռչակված աշխատելու եւս մեկ ուղղություն է: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ տեղում: Ի՞նչ գործողություններ են նախատեսվում այս նպատակին հասնելու համար:

– Ամեն ինչ, որ արվում է ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից, ի վերջո, ուղղված է մարդկանց կյանքի բարելավմանն ու նրանց անվտանգությունն ու ապահովությունն ամրապնդելուն` ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, մարդու իրավունքների ոլորտներում: Բոլոր 57 մասնակից երկրների կողմից ստորագրված փաստաթղթերի ու ստանձնած պարտավորությունների մի հսկա քանակություն կա, սակայն, ցավոք, դրանց իրականացումը հետ է մնում:

Քաղաքական մակարդակի որոշումները կարող են ազդեցություն ունենալ միայն, երբ իրականացվում են պատշաճ կերպով: Այս պատճառով է, որ մենք ցանկանում ենք առավելապես կենտրոնանալ առկա հանձնառությունների իրականացման, քան նորերն առաջարկելու վրա:

Մեր ջանքերի առաջին դիրքերում խոշտանգումների դեմ պայքարն է, փոքրամասնությունների իրավունքների հանդեպ հարգանքը, ժողովրդավարական ընտրությունների խթանումն ու ահաբեկչության դեմ պայքարում իրավունքի գերակայության ամրապնդումը: Մենք ձգտելու ենք այս ոլորտներում մասնակից երկրների միջեւ հաջողված փորձերի փոխանակում ապահովել: Այդպիսի հնարավորություն կընձեռի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խրախուսման հարցում մարդու իրավունքների պաշտպանների դերի մասին համաժողովը, որ ես պատրաստվում եմ հյուրընկալել հունիսին:

ԵԱՀԿ-ում նախագահությունը մեծ պատասխանատվություն է, եւ մենք համոզված ենք, որ Շվեյցարիան պետք է առաջնորդի կազմակերպությունը իր օրինակով: Այդ իսկ պատճառով Շվեյցարիան ԵԱՀԿ իր պարտավորությունների կատարման գնահատում կանցկացնի:
Քաղաքացիական հասարակության, մամուլի եւ մյուս շահագրգիռ կողմերի հետ կարեւոր երկխոսությունը կօգնի մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանք ապահովել: Մենք կաջակցենք այդպիսի երկխոսությանը մասնակից երկրների շրջանում եւ նրանց միջեւ:

– Հարավային Կովկաս եւ Արեւմտյան Բալկաններ այցելության ծրագրեր կա՞ն, եւ եթե այո, ապա ե՞րբ են դրանք սպասվում:

– Շվեյցարիայի` ԵԱՀԿ նախագահության ընթացքում բազմաթիվ պաշտոնական այցելություններ կլինեն ԵԱՀԿ մասնակից երկրներ, ներառյալ` Հարավային Կովկաս եւ Արեւմտյան Բալկաններ: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի ավելի ուշ:

Հարցազրույցը` ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հ.Գ. Հարցերը ԵԱՀԿ գործող նախագահին ուղարկվել էին մինչեւ շփման գծում իրավիճակի թեժացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Վիեննայում հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպումը: Այս երկու լրացուցիչ հարցերին Դիդյե Բուրկհալթերը արձագանքել է փետրվարի 4-ին:

– Ո՞րն է Ձեր արձագանքը, մեկնաբանությունը շփման գծում լարվածության ու խախտումների առնչությամբ: Ի՞նչ պետք է անել վերջ դնելու բոլոր տեսակի սադրանքներին:

– Ես մտահոգված եմ վերջին օրերին հայկական եւ ադրբեջանական զինվորական անձնակազմի ու քաղաքացիների մահվան եւ վիրավորների մասին հաղորդումներով: Ես կողմերին հորդորում եմ լիարժեք օգտագործել միմյանց հետ անմիջական հաղորդակցման եւ լարվածության նվազեցման նպատակով սահման եւ շփման գիծ ԵԱՀԿ թիմերի այցելություններով ընձեռված արժեքավոր հնարավորությունները:

– Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման առնչությամբ ի՞նչ կասեք:

-Շվեյցարական նախագահությունն անմիջականորեն ընդգրկված չէ բանակցային գործընթացում եւ բարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728