Լրահոս
Օրվա լրահոսը

Օվսաննա Գաբրիելյան. «Մեր դպրոցը թումանյանական օջախ է»

Փետրվար 19,2014 16:00

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է: Ամեն տարի այս օրը Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում կազմակերպվում են միջոցառումներ: Հատկանշական է, որ այս օրը համընկնում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ: Այս առիթով, դպրոցն այս տարի հյուրընկալել էր գրողներ Լիպարիտ Սարգսյանին և Լյուդվիգ Կարապետյանին, ինչպես նաև կրթության վարչության ներկայացուցիչներին:

«Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մեզ մոտ տեղի է ունենում գրքի նվիրատվության օր: Մենք ամեն տարի մեծ շուքով ենք նշում Թումանյանի ծննդյան օրը, և դպրոցի պատվավոր հյուրն է Հ. Թումանյանի թոռնուհին: Մեր դպրոցը թումանյանական օջախ է»,-նշեց աշակերտների դաստիարակության գծով փոխտնօրեն Օվսաննա Գաբրիելյանը:

18-2 18-1

Միջոցառման ժամանակ կարճ բեմադրություններ ցուցադրվեցին: Դպրոցի աշակերտներից յուրաքանչյուրն իր կերպարն էր ընտրել. «Թափառական աշուղը», «Գիքորը», «Անբան Հուռին»: Երեխաները միջոցառմանը պատրաստվել էին մեկ շաբաթվա ընթացքում:

Իսկ այն հարցին, թե արդյոք դժվար չէ՞ր մեկ շաբաթում ընկալել Թումանյանի ստեղծագործությունները, աշակերտներից Արմանը, որին բաժին էր ընկել Քաջ-Նազարի, Չարչիի և Փանոսի կերպարները, ասաց. «Քանի որ մենք Թումանյանի անվան դպրոցից ենք, մենք ամեն ինչ հեշտ ենք ընկալում և սովորում» :

Սփյուռքի նախարարությունը դպրոցի գրադարանին նվիրեց գրքեր: Գրադարանում՝ երեխաների կատարմամբ հնչեցին Թումանյանի «Անուշ» պոեմի երգերից մի քանիսը:

Փոքր դասարանների աշակերտները նույնպես անմասն չմնացին գիրք նվիրելու արարողությունից: Երեխաներն արտասանում էին Թումանյանի քառյակներից և միմյանց գիրք նվիրում:

Դպրոցի բոլոր դասարանները զարդարված էին Թումանյանի ստեղծագործություններով և նկարներով: Դպրոցի տնօրեն Մարինե Քալաշյանը նշեց, որ բոլոր հագուստներն ու դեկորացիաները պատկանում են դպրոցին:

Դպրոցում ներկայացված էին նաև երեխաների աշխատանքները, որտեղ պատկերված էին Թումանյանի հերոսները՝ իրենց իսկ պատկերացմամբ: Այդ նկարները շուտով կներկայացվեն Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ հավանության արժանանալուց հետո, նկարները կմասնակցեն նաև Թբիլիսիում կայանալիք ցուցահանդեսին:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728