Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Մոտ ապագայում Ռուսաստանը շատ լուրջ մեկուսացման մեջ է հայտնվելու»

Մարտ 03,2014 17:32

«Մեզ չի կարող չմտահոգել մեր այսպես կոչված դաշնակցի՝ ՌԴ-ի նման անխոհեմ քայլերը, որը Պուտինն իրականացնում է Ուկրաինայում: Ուկրաինայում մենք ունենք հայկական համայնք: Նույնիսկ հեղափոխությունն արդեն խլեց 2 հայի կյանք, էլ չեմ խոսում նրա մասին, որ եթե հանկարծ պատերազմական գործողություններ լինեն, հայկական համայնքն է այնտեղ վտանգի տակ լինելու, հարվածի տակ է լինելու նաև հայկական կապիտալը թե՛ Ուկրաինայում և թե՛ Ռուսաստանում: Բացասական ազդեցությունը շատ մեծ կարող է լինել, ուստի պետք է մտահոգվել եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել՝ այդ իրավիճակում չհայտնվելու համար: Ես կասկածում եմ, որ ՀՀ իշխանությունները գիտակցում են հարցի լրջությունը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ուկրաինայի դեպքերի վերջին զարգացումներն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական զորք է մտցրել Ղրիմ, ինչը դատապարտվել է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի կողմից:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ թե  պարզապես Ուկրաինայի եւ Ռուսաստանի առճակատումն է, այլ՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի, որովհետեւ Արեւմուտքը հստակ հասկացնել տվեց, որ ինքը թույլ չի տալու դեպքերի այնպիսի զարգացում, որ ժողովրդավարական հեղափոխությունը Ուկրաինայի համար տարածքային կորուստներով ավարտվի. «Շատ բարդ, խճճված խնդիր է: Վտանգը կայանում է նրանում, որ շատ հնարավոր է, որ Ռուսաստանը մեզ ուղղակիորեն կամ անուղղակի ներքաշի պատերազմի մեջ: Այս օրերին Միացյալ Նահանգների կողմից հնչում են ուղերձներ, որ Ռուսաստանը կպատժվի, քանի որ ՌԴ-ն իրոք չի կարողանում իր քայլերին որեւէ իրավական հիմնավորում տալ: Մինչ այժմ որեւէ հանրաքվե չի եղել, որ Ղրիմի բնակչությունն ուզում է իր կարգավիճակը փոխել: Մյուս կողմից կա նաեւ Բուդապեշտյան համաձայնագիրը, որով Ուկրաինան հրաժարվել է իր միջուկային զենքից՝ պայմանով, որ այդ հուշագիրը ստորագրած երկրները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ ՌԴ-ն երաշխավորում են իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Այսինքն, բաներ կան, որ իրոք լրջագույն խոչընդոտ են Պուտինի համար այն  գործողություններն իրականացնելու, որը նա կուզենար: Ռուսական զորքեր մտցնելը Պուտինի կողմից պարզ ագրեսիայի գործողություն է, որովհետեւ որեւէ կերպ  արդարացված չէ եւ որեւէ հիմնավորում չկա, որ դա իրոք տեղի է ունենում այնտեղ ռուսախոս բնակչության անվտանգության համար: Որեւէ  վտանգ այնտեղի ռուսախոս բնակչությանը չի սպառնացել և չի սպառնում: Այսինքն` Կրեմլը որպես հիմք է վերցնում որոշ լուսանցքային ուկրաինական խմբավորումների հայտարարությունները, որոնք հավանության չեն արժանանում ոչ ներկայիս Ուկրաինայի իշխանությունների, ոչ անգամ ազգայնական հիմնական կուսակցությունների կողմից՝ այն, որ ռուսերեն լեզվով խոսելու համար պետք է պատժել: Այդ արտահայտությունը ռուսական քարոզչամիջոցներով մատի փաթաթան են դարձրել: Այստեղ ես սադրանքի հոտ էլ եմ առնում: Այսինքն, կարող է իրենք էլ հենց կազմակերպել են նման արտահայտությունները առանձին մարգինալ խմբավորումների կողմից հնչեցնելը, որ հետո դրա վրա հիմնվելով՝ զորք մտցնեն Ղրիմ»:

Պարոն Խուրշուդյանը նշեց, որ հիմա նաեւ սպառնալիք կա Արեւելյան Ուկրաինայի, մասնավորապես՝ Դոնեցկի հանդեպ. «Իրադարձությունները շատ մտահոգիչ են: Սա ընդամենը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչքան անխոհեմ է ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը: Քանի դեռ Կրեմլը առաջնորդվում է կայսերապաշտական նկրտումներով՝ շարունակում է լրջագույն վտանգ ներկայացնել  իր հարեւանների համար: Այդ քաղաքականության արդյունքները մենք զգում ենք մեր կաշվի վրա: ՌԴ-ն մեր բոլոր ռազմավարական օբյեկտները չնչին գումարներով, պարտքի դիմաց, յուրացրեց եւ հիմա էլ ուզում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը՝ հանձին Մաքսային միության ձեւավորելով վերպետական մարմիններ, որտեղ ինքը գերակշռելու է եւ ըստ էության միանձնյա որոշումներ է կայացնելու եւ պարտադրելու Հայաստանին: Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում երբեւէ չի լինի այդ համարձակությունը դիմակայելու որեւէ որոշմանը, որը կընդունվի անգամ ի հակառակ մեր ազգային պետական շահերի թե՛ Մաքսային միության, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Առանց այն էլ 2011-ի դեկտեմբերին ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այնպիսի խայտառակ փոփոխություններ մտցրեցին եւ Հայաստանի գործող վարչակարգը դրա հետ համաձայնվեց, ըստ որի մեր հանրապետությունը փաստացի կորցնում է իր ինքնիշխանությունն իր սեփական տարածքների վրա՝ տարատեսակ զինված տեղաշարժերի եւ տեղակայումների թույլտվության իրավունքի առումով: Այսինքն, եթե մեր շահերից բխի որևէ երկրի զինված ուժերի տեղաշարժն մեր տարածքով կամ տեղակայումն մեր տարածքում, մենք, առանց Մոսկվայի թույլտվության չենք կարող դրա հետ համաձայնվել»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պուտինի հետ հեռախոսազրույցում սպառնացել էր, որ ՌԴ-ն քաղաքական եւ տնտեսական մեկուսացման մեջ կհայտնվի: Մեր հարցին՝ ըստ ձեզ, տեղի կտա՞ Պուտինը այդ սպառնալիքներին՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչքանով է Պուտինը համարժեք ստեղծված իրավիճակին: Ղրիմ զորք մտցնելուց հետո իր քայլերը ցույց են տալիս, որ նա այնքան էլ ճիշտ չի հաշվարկում ո՛չ ՌԴ-ի հնարավորությունները, ոչ էլ աշխարհաքաղաքական իրադրությունը: Այսօր Ռուսաստանը չունի Արևմուտքի հետ գլոբալ առճակատման համար անհրաժեշտ ներուժ: Նույնիսկ նավթի եւ գազի վաճառքից կուտակված 500 մլրդ դոլարանոց բարձիկը շատ շուտ կարող է սպառվել: Արդեն այսօր ռուսաստանյան ֆոնդային բորսաներում կտրուկ անկում է արձանագրվել: Ըստ մոտավոր հաշվարկների մեկ օրում ռուսաստանյան ընկերությունները կորցրել են ավելի քան 2 տրիլիոն ռուբլի, այսինքն` այսօրվա ռուբլու փոխարժեքով՝ 50 մլրդ դոլարից ավելի: Ընկել է նաեւ ռուբլու փոխարժեքը՝ հասնելով 40 ռուբլու 1 դոլարի դիմաց: Այսինքն` վտանգ կա, որ կնվազի Հայաստանի հիմնական արտաքին արտարժութային սնուցումը՝ Ռուսաստանից մեր հայրենակիցների ուղարկվող տրանսֆերտները: Եվրոպան այսօր օգտվում է Ռուսաստանի գազից իր ամբողջ սպառման ծավալի 20 տոկոսի չափով: Ես չեմ բացառում, որ Եվրոպան գտնի ռուսական գազին այլընտրանքային ժամանակավոր ռեսուրսներ (օրինակ՝ ավելացնի Հս. Ծովում գազի արդյունահանման ծավալները)՝ հրաժարվելով ռուսական գազից: Արդեն ԱՄՆ-ն եւ Կանադան կասկածի տակ են դրել G8-ի ձեւաչափին իրենց մասնակցելու նպատակահարմարությունը:  ՌԴ-ն իր ՀՆԱ-ով եվրոպական ընդամենը մի միջին կարգի երկրի ծավալներն ունի: Միայն այն, որ միջուկային գերտերություն է, կուտակած միջուկային զենք ունի, դեռ չի նշանակում, որ ինքը կարող է նման դիմակայության մեջ մտնել ամբողջ արևմտյան աշխարհի հետ: Արդեն Չինաստանն էլ հայտարարեց, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դա պատահական չէր: Դա ուղերձ էր Պուտինին, որ պաշտոնական Պեկինը չի պատրաստվում Արեւմուտքի հետ իր հարաբերությունները փչացնել՝ միայն  ՌԴ-ի կայսերապաշտական նկրտումները պաշտպանելու համար: Մոտ ապագայում, կարծում եմ, Ռուսաստանը շատ լուրջ մեկուսացման մեջ է հայտնվելու: Նաեւ Հայաստանը կարող է տուժել՝ որպես ՌԴ-ի դաշնակից: Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական կործանումը չի բխում նաեւ Հայաստանի շահերից. մենք կորցնելու ենք տարածաշրջանային կարևոր հակակշիռ և մանևրելու հնարավորությունների զգալի մասը: Մյուս կողմից, Ուկրաինայի կորստով Ռուսաստանի համար կտրուկ մեծանում է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը: Այլ հարց է, որ ես չեմ կարծում, որ Հայաստանում գործող վարչախումբը ի վիճակի է օգտագործել այս հանգամանքը՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մեծացնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31