Լրահոս
Օրվա լրահոսը

95 միլիոնը ոսկերիչների գրպանից հետ կբերի

Մարտ 04,2014 14:32

«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի տերը որոշել է վարձավճարները կրկնակի բարձրացնել

ՄԻ քանի պարզ օրինակներով կարելի է ցույց տալ, թե մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսը որքան անպաշտպան է:

Օրերս «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի սեփականատերը՝ Վաղարշ Աբրահամյանը, իր շուկայում արտադրամասերի համար տարածք վարձակալած ոսկերիչներին տեղյակ է պահել, որ արտադրամասերի վարձավճարները կրկնակի թանկացնում է: Ոսկու շուկայի տերն իր որոշման համար որեւէ լուրջ պատճառ չի նշել: Շուկայում տարածք վարձակալող ոսկերիչների խոսքերով՝ առանց այդ էլ մի քանի քառակուսի մետր տարածքի համար բավականին մեծ գումարներ են վճարում: Ոսկերիչների տվյալներով, օրինակ՝ մոտ 20 քառակուսի մետր սենյակի համար 100 հազար դրամ վարձ են տալիս: Կրկնակի վարձավճարի դեպքում ստիպված կլինեն 200 հազար վճարել: Թե ոսկերիչների՝ տարածքի համար վճարած գումարներից որքանն է մտնում դրամարկղ, թերեւս հարկային մարմինների ուսումնասիրության խնդիրն է:

Այս շուկայում տարածք են վարձակալում փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններ, որոնցից շատերի եկամուտները հազիվ բավականացնում են վարկերը մարելուն: «Առավոտին» դժգոհություն ներկայացրած արտադրամասերի վարձակալները վստահեցրին, որ եթե շուկայի սեփականատերը չվերանայի իր որոշումը, շատերը ստիպված կլինեն արտադրամասերը թողնել եւ տեղափոխվել այլ շուկաներ, որտեղ որ ավելի բարեկեցիկ ու «մարդկային» պայմաններ են:

Վերելակը օրվա ընթացքում խափանումներով է աշխատում, ջրերը պարբերաբար կտրվում են, օդափոխության համակարգը չեղածի հաշիվ է, շուկան աղբի մեջ կորած է, հակահրդեհային կանոնները խախտված են. ոսկու շուկայի պայմաններն այսպես ներկայացրին տարածքների վարձակալները: Նրանց խոսքերով՝ անգամ զուգարանը, որը սանիտարահիգիենիկ պայմաններով ամենեւին էլ չի փայլում, այս շուկայում վճարովի է. «Այս «փնթի» պայմանները հանդուրժելով՝ մարդիկ աշխատում են, որովհետեւ ընտանիք են պահում»:

Թե ինչո՞ւ է Վաղարշ Աբրահամյանն այս աղքատության ավելացման, համատարած գործազրկության, գնաճի պայմաններում որոշել տարածքի վարձերը թանկացնել՝ թերեւս հասկանալի է: Անցյալ տարվա դեկտեմբերին շուկայի գործունեությունը վերահսկող մի քանի մարմին՝ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ այլն, «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում ստուգումներ իրականացրին, ինչի արդյունքում պարզվեց, որ շուկայի սեփականատերը տարատեսակ խախտումներ է թույլ տվել՝ ոսկու հարգորոշման խախտումներից սկսած, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության խախտումներով վերջացրած: Այդ ամենի համար «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի սեփականատերը տուգանվեց մոտ 95 միլիոն դրամով:

Նշենք, որ այս ոսկու շուկայում ստուգումներ իրականացնելու որոշումը կառավարությանն է եղել, որը նման հանձնարարական է տվել՝ հիմք ընդունելով սպառողների ու շուկայի աշխատակիցների բողոքները: Այս անգամ միակ տուգանվողը շուկայի սեփականատերն էր, ոսկու շուկայի անհատ վաճառողներից ոչ մեկի մոտ ստուգումներ չեղան, եւ հետեւաբար տուգանվողներ էլ չեղան:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Վաղարշ Աբրահամյանը վարձավճարները բարձրացնելու միջոցով ցանկանում է իր կրած տույժը վերականգնել՝ նպատակ ունենալով այդ 95 միլիոն դրամը ոսկերիչների գրպանից հետ բերել: Թե այս ճանապարհին ով կտուժի՝ կզրկվի իր բիզնեսից կամ վնասներ կկրի, շուկայի սեփականատիրոջն ընդհանրապես չի հետաքրքրում:
Հիշեցնենք, որ երբ մի քանի տարի առաջ հարկայինը որոշել էր ոսկու շուկայում նույնպես ՀԴՄ սարքեր տեղադրել՝ շուկան ստվերից հանելու նպատակով, բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին ընդդեմ կառավարության: Ոսկերիչների խոսքերով՝ շուկայի սեփականատերը՝ Վաղարշ Աբրահամյանը, ինքն էր շուկայի աշխատակիցներին դրդում կառավարության առաջ բողոքելու. «Հիմա մենք ո՞ւմ բողոքենք, որ ինքն է մեր նկատմամբ նույն բանն անում»,- ասում են ոսկերիչները:

Շուկայում տարածք վարձակալած ոսկերիչները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունն են հրավիրում այս խնդրի վրա՝ հիշեցնելով նրա տված խոստումները, այն է՝ կառավարությունը կանգնած է ՓՄՁ-ի կողքին:

Երեկ «Առավոտը» փորձեց այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի պատասխանատուներից, սակայն մեր՝ երկրորդ կողմին լսելու պատրաստակամությանն այդպես էլ շուկայի տնօրինությունից չարձագանքեցին: Հարցերը փոխանցեցինք վարչական մասի աշխատակցի միջոցով, սակայն մինչեւ օրվա վերջ որեւէ մեկը որեւէ պատասխան այդ խնդրի վերաբերյալ չտվեց:

Մ. Ա.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31