Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը ներկա էին «Դեմ եմ»-ի հանրահավաքին (տեսանյութեր)

Մարտ 22,2014 15:46

dem em3Թեեւ չորս ոչ իշխանական ուժերը պահանջել էին, որ «Դեմ եմ»-ի հանրահավաքին ելույթ չունենա «Նախախորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, սակայն հանրահավաքում առաջին ելույթներից մեկը՝ «քաղաքացի Կարեն Հովհաննիսյանից» հետո «քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանինն» էր: «Մենք ենք տերը մեր երկրի»՝ ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, եւ մասնավորապես՝ Ռուսաստանին Ղարաբաղի կամ առավել եւս Հայաստանի միանալու մասին խոսակցություններին: Պարոն Սեֆիլյանի ելույթից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում:

Որպես «ՀՀ քաղաքացի» հանդես եկավ նաեւ չորս ոչ իշխանական ուժերի «դաբրոն» չստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ բնակչության 80 տոկոսը դեմ է այս օրենքին, սակայն պետք է անպայման իրականացվի բարեփոխումը, քանի որ տնտեսությանը պետք են երկար փողեր:

Dem em1«Պարոնայք Սարգսյաններ,-ասաց ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը,- հեռու մնացեք ժողովրդի գրպանից, դիմեք օլիգարխների գրպաններին, եթե փողեր եք ուզում»:

Ն. Փաշինյանի ելույթից հատվածներ դիտեք տեսանյութում.

Ելույթ ունեցան նաեւ «ՀՀ քաղաքացիներ» Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, որը հատուկ շեշտեց, որ ոչ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ է հանդես գալիս, այլ որպես մտահոգ քաղաքացի, Հրանտ Բագրատյանը:

Խոսեց նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից Կարեն Հովհաննիսյանը, ով շատ վիճահարույց հայտարարություն արեց՝ ասելով, որ 1988-ից հետո մեր ժողովուրդը նման համախմբում չի տեսել:

Մեկ այլ «Դեմ եմ»-ական՝ Արսեն Մանուկյանն ասաց, որ իրենք այստեղ են հավաքվել մեկ նպատակով՝ «թույլ չտալ եւս մեկ անգամ թալանել քաղաքացուն, զրկել նրան իր քրտինքով աշխատած գումարներից, հանապազօրյա հացից, պետք է մեր միջից դուրս գա միտքը, որ ոչինչ չի փոխվելու: Եթե նստում ենք տանը, շատ բան է փոխվում բայց դեպի վատը»: Նա նաեւ ասաց. «Մենք տեսել ենք պատերազմ, երկրաշարժ, մութուցուրտ տարիներ, բայց մնացել ենք Հայաստանում, հույսով, որ լավ է լինելու, մնացել ենք այստեղ, բայց հայը գլուխը կախ փախչում է Հայաստանից, մենք սրա՞ն էինք արժանի»:

«Դեմ եմ» շարժման կազմակերպիչներից Դավիթ Մանուկյանը հիշեցրեց Սահմանադրության 2-րդ հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ քանի որ «դեմ եմ ես, դեմ ես դու, դեմ ենք բոլորս», ուրեմն չի կարող գործել մի օրենք, որին բոլորը դեմ են:

 

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գուրգեն says:

    Բայց ինչի նման իրոնիայով և ծաղրով տիկին Մելանյա Բարսեղյան: Այսինքն ինչ՝ ձեր թերթը ծաղրում է այն մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար? ՀՀ քաղաքացին չակերտների մեջ նշելն էլ ընդհանրապես չհասկացա: Կարծում եմ դուք էլ երեկվա հանրահավաքից բան չեք հասկացել

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Ընդհանրապես որեւէ ծաղր եւ վիրավորանք չկա: Իսկ չակերտների մեջ նշվել է՝ որպես ուրիշի ուղղակի խոսք: Եթե չակերտներում չդնեի, ընթերցողի համար անհասկանալի կլիներ, թե ես ինչու եմ իմ անունից նրանց ներկայացնում որպես ՀՀ քաղաքացի, արտառոց կհնչեր: Իսկ չակերտներում դրված՝ հասկանալի է, որ դա հենց հանրահավաքում օգտագործված խոսք է: Ոչինչ, որ Դուք չակերտների իմաստը չեք հասկացել, կարեւորը, որ Դուք՝ ի տարբերություն ինձ, երեկվա հանրահավաքից ամեն ինչ հասկացել եք

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31