Գրելով Քաշաթաղի շրջանի քաջորդիների մասին, ովքեր ընկան ռազմադաշտում կամ վիրավոր են տուն եկել, մեծ ցավ եմ ապրում նաև այն պատճառով, որ նույն տղերքի շենացրած հայրենիքը, պաշտպանած հող հայրենին, կառուցած տունը, տնկած այգին էլ թողեցինք թշնամուն։
Ռոման Սաշիկի Սահակյանի պատանեկությունն էլ է անցել ազատագրված ու վերստին հայացած Ծաղկաբերդ գյուղում։ Քաջորդին ծնվել է Գորիս քաղաքում, 1986 թվականի հոկտեմբերի 21-ին։ Սկզբնական կրթություն ստացել է Գորիսում, այնուհետև՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որը կոչվում էր հայ քաղաքական ու ռազմական գործիչ Աշոտ Նավասարդյանի անունով։
Ծաղկաբերդը գտնվում է Հակարի գետի, հիմնականում, աջ ափին։ Ունի պատմական անցյալ, ազատագրվել էր 1993 թվականի օգոստոսին և վերաբնակեցվել 1 տարի անց։ Քաշաթաղի շրջանում բացված երկրորդ կամ երրորդ կրթօջախն է Ծաղկաբերդի դպրոցը, որտեղ հանրակրթությանը զուգահեռ կարևորվում էր նաև ռազմահայրենասիրությունը։ Դպրոցի բակում կանգնեցված էր խաչքար-հուշակոթող՝ ի հիշատակ գյուղի համար 1992-93 թվականներին ընթացող և ազատագրական մարտերում զոհված քաջորդիների, այդ թվում՝ «Նիկոլ Դուման» ջոկատի մարտիրոս տղաների։ Գյուղի մոտակայքում էր Ազատամարտիկների աղբյուրը՝ գետի ափին, «Նիկոլ դուման» ջոկատի նահատակ տղաների հուշաքարը։
Կարդացեք նաև
Այս ամենը մեծ ազդեցություն էին թողել ծաղկաբերդցի պատանիների ու երիտասարդների վրա, և նրանք հասակ էին առնում՝ պատրաստ հայրենիքի զինվոր դառնալու։ Ծաղկաբերդ գյուղի տարածքում է միջնադարյան Հայոց սրբավայրերից մեկը՝ Քրօնից վանքը, որը ժայռափոր բազիլիկ եկեղեցի է։ Այս սրբատանը շատ ծաղկաբերդցի երեխաներ են մկրտվել։ Նկարագրելով իրենից տարիքով փոքր եղբորը՝ Սվետլանա Սահակյանը հպարտ է՝ ունեցել է քաջ ու համարձակ եղբայր, հայրենասեր ու նվիրված իր գործին։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ, 2004-2006 թվականներին ծառայել է Սիսիանում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավագիտության բաժին։
Այդ ժամանակ արդեն աշխատում էր Քաշաթաղի ոստիկանության շրջանային բաժնում։ Մինչ Արցախյան վերջին պատերազմը՝ Ռոմանը ծառայում էր հատուկ նշանակության զորամասում որպես հետախույզ։ Տիրապետել է ռուսերենի, անգլերենի, նաև ադրբեջաներենի։ 2014թ․ Բելոռուսիայում մասնակցել է զորավարժությունների՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը։ Աչքի ընկել արհեստավարժությամբ, կարգապահությամբ։ Բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, անվանական զենքով ԱՀ Նախագահի կողմից։ Պարգևների է արժանացել նաև ժամկետային զինծառայության ընթացքում։ Պատանեկության տարիներից զբաղվել է սպորտով, կոփված էր, ուժեղ։
Ամուսնացել էր 2012 թվականին, ունի 2 զավակ։ Դուստրը՝ Լիլիթը, արդեն 7 տարեկան է, որդին՝ Արսենը՝ 5։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերին ստացանք լուրեր, որ շրջանի կամավորների, պահեստազորայինների, ժամկետային ու պայմանագրային զինծառայողների շարքերում զոհեր ու անհայտ կորածներ կան։ Քաշաթաղցիները 2014թ․ օգոստոսին, երբ սահմանում իրավիճակը լարված էր, 2016թ․ ապրիլի և 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմներին առաջնագիծ հասան ընդամենը ժամեր անց։ Թալիշում էր Ռոմանը, որ սկսվեց պատերազմը, և նրանց ջոկատը մարտի մեջ մտավ առաջին ժամերին։ Երրորդ օրը լսվեց նրա մարտիրոսվելու մասին։ Հերոսին հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նույն օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 29-ին, Ծաղկաբերդ գյուղից նահատակվեց նաև 1996 թվականի հունիսի 22-ին ծնված Գոռ Յուրիկի Հարությունյանը։ Ռոմանի քույրը, Սվետլանան, ասում է՝ ընկերոջ համար է զոհվել եղբայրը, ով եղել է չափից շատ ընկերասեր, ում համար իդեալական կերպար էին Գարեգին Նժդեհը, Մոնթեն, Դավիթ-բեկը․․․
Ըստ ընկերների պատմածի՝ դիրքերում տղերքը զենքի, թե զինամթերքի կարիք են ունեցել, և հետախույզ Ռոմանը փորձել է հասնել օգնության ընկերներին, 2 զինակիցների հետ դուրս է եկել հենակետի կացարանից, որ հասնի դիտակետ։ Հայտնվել է թշնամու անօդաչու թռչող սարքը և արկակոծել տղերքին։
Ընկերը՝ Ռոբերտը, ում դասակի համար զենք պետք է տաներ Ռոմանը, իմանալով ընկերոջ վիրավորվելու մասին, վազքով գալիս է, որ օգնի, սակայն տեղ չի հասնում, թշնամու տանկից արձակած արկը շատ մոտ է պայթում։ Ռոմանի մանկության ընկեր Գարիկ Ալոյանը, ով նույնպես վերջին պատերազմի մասնակից է ու կորցրեց հայրենի Ծաղկաբերդը, որտեղ տուն ու այգի էր հիմնել, ընտանիք կազմել, ցավով է տանում իրենից մի քանի տարով կրտսեր ընկերոջ նահատակությունը։ «Նույն դպրոցում էինք սովորում, և բոլորս ընկերություն էինք անում։ Շատ անգամ է պատահել՝ ցանկացած հարցով աջակցում էր ընկերներին, բոլորին հասնում էր Ռոմանը։ Ծաղկաբերդի ու մոտակա գյուղերի բոլոր բնակիչները, ովքեր ճանաչում էին նրան, շատ էին սիրում»,- ասում է Գարիկը։ Այդպես եղավ նաև մարտադաշտում․ նահատակվեց՝ օգնության հասնելով դիրքապահ ընկերներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ





















































