Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաժբեուկ-Մելիքյան ազգանունս պարտավորեցնող է»

Մարտ 29,2014 13:45

Երիտասարդ երգիչը պայքարում է նախագահի մրցանակի համար

Այս օրերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ընթանում է դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար պայքարը՝ «Երգեցողություն» անվանակարգում: «Առավոտը» ներկա էր մարտի 27-ին «Երգեցողություն» անվանակարգում ընթացող պայքարի առաջին փուլին: Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մարտի 30-ին:

Տարբեր տարիներին, տարբեր պատճառներով «Երգեցողություն» անվանակարգի վերջնական արդյունքներից հետո մշտապես ասեկոսեներ, մասնագետների տարաբնույթ կարծիքներ են հնչել: Օրինակ՝ 2005թ. հիմնված այս մրցույթում այդ տարի հիշյալ անվանակարգում մրցանակ չշնորհվեց, մինչդեռ շրջանառվում էր ընդամենը մեկ արժանի մրցանակակրի՝ օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանի անունը (բարիտոն): Հաջորդ տարի նույն Գեւորգ Հակոբյանն ու բարիտոն Արսեն Սողոմոնյանը (վերջինս այսօր Մեծ թատրոնի մեներգիչ է) արժանացան մրցանակի: Հետո երկու տարի անընդմեջ ընդհանրապես մրցանակ չշնորհվեց այդ անվանակարգում: Տենոր Հովհաննես Այվազյանն էլ, որ այսօր արտերկրյա թատրոնների ցանկալի հյուր է, ժամանակին, առաջին անգամ մասնակցելով մրցույթին, այդպես էլ չնկատվեց ժյուրիի կողմից: Նա Գեւորգ Հակոբյանի «օրինակով» միայն երկրորդ տարում հաղթող ճանաչվեց:

Այս տարի ժյուրիի կազմում է օպերային դիվա Հասմիկ Պապյանը:

Մեր ուշադրությունը գրավեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի (բաս) ելույթը՝ մի քանի պատճառով: Նրա ելույթը (Ջրաղացպանի արիան Դորգոմիժսկու «Ջրահարսը» օպերայից, Ֆիեսկոյի արիան՝ Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայից, Կոմիտաս՝ «Հայաստան», Էդ. Աբրահամյան՝ «Իմ Արարատ») ուղեկցվում էր մրցույթին ներկա հանդիսատեսի բրավոներով: Ժամանակին երիտասարդի պրոֆեսորը՝ Ռաֆիկ Հակոբյանցը, քանից ասել է, որ իր ուսանողը մեծ ձայնածավալ ունի: Պրոֆեսորն ասվածը փաստել է օրինակով՝ ինքն առաջին անգամ Սարգսին լսել է, երբ երիտասարդն այլ ստեղծագործությունների թվում ներկայացրել է …Նորմայի արիան:

Սարգիսը սերում է հայտնի Բաժբեուկ-Մելիքյան նկարիչների տոհմից: Երգչի հետ զրույցում պարզեցինք, որ նա աշխարհահռչակ նկարիչ Ալեքսանդր Բեժբեուկ-Մելիքյանի թոռն է, հորաքույրներն են Զուլեյկան եւ Լավինյան, որոնց աշխատանքները տեղ են գտել Ազգային պատկերասրահում, արտերկրյա ցուցասրահներում ու մասնավոր հավաքածուներում:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ իր հայրը դարձյալ ճանաչված նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանն է, որը մտերիմ է եղել Փարաջանովի, Մինասի հետ: Հավելենք, որ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը նախ ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը` ավարտելով Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը: Հետագայում հայրը խորհուրդ է տվել արվեստի բոլոր ճյուղերը տեսնել մեկ ամբողջության մեջ, ասելով, թե կարեւորը ճիշտ ըմբռնումն է, գույնի ճիշտ ընկալումը:

Սարգիսը հիշեց, որ երբ առաջին անգամ 15 տարեկանում «Ավե Մարիա» է երգել, հորաքույրը՝ տիկին Զուլեյկան ասել է, որ ինքը պետք է լրջորեն զբաղվի վոկալ արվեստով:
Վերջերս էլ դիրիժոր Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացրած Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարմանը՝ ճանաչված մեներգիչներ Հասմիկ Պապյանի, Հովհաննես Այվազյանի, Դավիթ Բաբայանցի հետ մասնակցել է նաեւ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը: «Հորաքույրս ինձ նվիրել է դասական երաժշտության բոլոր ոլորտները ներկայացնող CD-ներ, որոնք իմ հարստությունն են: Իսկ վոկալ արվեստով վարակվեցի, երբ փոքր տարիքում առաջին անգամ լսեցի Մարիա Կալասին… Հետագայում արդեն վարպետության դասերով ու իրենց խորհուրդներով ինձ ուղղություն են տվել այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Էլվիրա Ուզունյանը… բնականաբար, պրոֆեսորս՝ Ռաֆայել Հակոբյանցը: Բախտս բերել է վոկալիստի համար կարեւոր նշանակություն ունեցող մի հարցում եւս՝ կոնցերտմայստերս է Լեւոն Ջավադյանը: Ինչ խոսք, ազգանունս եւ պարտավորեցնում է, եւ արահետ բացում: Անցյալ տարի Երեւան հյուրախաղերի ժամանած Վլադիմիր Սպիվակովը իր սուղ ժամանակից ժամեր տրամադրեց ինձ հետ զրուցելու համար: Իհարկե, ազգանունս էր պատճառը, քանի որ մաեստրոն ծանոթ էր Բաժբեուկ-Մելիքյանների արվեստին»,- ասաց Սարգիսը:

Երգիչը 2013թ. համահայկական «Նավասարդյան խաղերում» արժանացել է ոսկե մեդալի եւ պատրաստվում է մասնակցել մայիսի 2-7-ը Վոլգոգրադում կայանալիք ԱՊՀ երկրների երիտասարդական «Դելփյան խաղերին»: Անցյալ տարի նա իր պրոֆեսորի նախաձեռնությամբ մենահամերգներով հանդես է եկել՝ նվիրված Վերդիի եւ Դոլգոմիժսկու 200-ամյակներին:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Լուսանկարում` Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը՝ Հասմիկ Պապյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Ոչ թե Դոլգոմիժսկի, այլ Դարգոմիժսկի։ Սամվել Դանիելյան, ուշադիր եղեք անունների և փաստերի հետ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31