Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը ամեն միլիոնը միջազգային կառույցների «բերանից» էր պոկում» (Տեսանյութ)

Ապրիլ 07,2014 17:22

Ի՞նչ խնդիրներ պիտի լուծի նոր վարչապետը՝ այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից հետաքրքրվեցին լրագրողները, ինչին ի պատասխան, քաղաքագետը, ըստ կարեւորության հերթով նշեց այդ խնդիրները:

«Ամենակարեւոր խնդիրը Հայաստանի համար ներդրումների քաղցն է, երկար եւ էժան փողերը, որը ամենամեծ խնդիրն է ամբողջ աշխարհում, սա լուծում էր Տիգրան Սարգսյանը, եւ հաջորդ վարչապետը եւս պետք է լուծի: Մյուս կարեւոր խնդիրը` կոլիզիան Մաքսային միության շուրջ, Հայաստանը մի շարք ապրանքների մաքսատուրքերի շուրջ բանակցություններ է տանում, սա պետք է բարեհաջող ավարտին հասցնել: Մյուս խնդիրը` Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության եւ Մաքսային միության վերաբերյալ, սա նաեւ տնտեսական դիրքորոշում է: Կարեւոր խնդիր է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակությունը, մենեջմենթի լավացումը,  օլիգարխների, մենաշնորհների դեմ պայքարը, ստվերի կրճատումը»:

Aravot.am-ի այն հարցին` օլիգարխների, մենաշնորհների դեմ պայքարը, կամ ստվերի կրճատումը միայն վարչապետի մակարդակով լուծվող խնդիրներ են, եւ միթե՞  Հայաստանում նման խնդիրները նախագահի մակարդակով չեն լուծվում, պարոն Իսկանդարյանն ասաց. «Իհարկե, դա այն չէ, որ միայն վարչապետը կարող է լուծել, դա այն խնդիրը չէ, որ կարելի է լուծել 1-2 տարում, սա այն  խնդիրը չէ, որ կառավարությունը կարող  է լուծել առանց ոչ միայն նախագահի օգնության, այլ պետք է լուծվի նախագահական ապարատի աշխատանքով: Այն մարդիկ, որոնք մենաշնորհներ ունեն, նրանք քաղաքական էլիտայի մաս են կազմում, այսինքն դա կլինի պայքար ինքն իր հետ: Դա երկար ու դժվար գործընթաց է, բայց դա պետք է անել: Վարչապետն էլ պետք է անի, քանի որ դա լուրջ պաշտոն է: Տիգրան Սարգսյանի աշխատանքը` արտերկրից գումարներ բերելու առումով, շատ լուրջ էր, կարեւոր. ժամանակաշրջանը մղձավանջային էր, եւ նա ստիպված էր լինում միջազգային ֆինանսական  կառույցների բերանից ուղղակի պոկել յուրաքանչյուր միլիոնը, հետո` Եվրամիության հետ ասոցացման աշխատանքների նախապատրաստումը, իհարկե, այս գործի մեծ մասը կառավարության վրա էր»:

Մանրամասն` տեսանյութում

 Պարոն Իսկանդարյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին` արդյոք վարչապետի փոփոխությամբ քաղաքական կուրսի լուրջ փոփոխություն կլինի, կարծիք էր հայտնել,    որ որեւէ լուրջ փոփոխություն չի լինելու: Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին, այդ դեպքում ինչ իմաստ ուներ վարչապետ փոխելը, քաղաքագետն ասաց. «Իշխանությունը պատճառների կարիք չունի, որպեսզի կառավարություն փոխի, չկան այն քաղաքական դրդապատճառները, որոնք սպառնում են նրան: Իշխանությունը կարող է փոխել վարչապետին ու կառավարությանը, երբ ցանկանա, նա ունի մեծամասնություն Ազգային ժողովում, կառավարությունը Հանրապետական է, նրանք բոլոր քաղաքական հարթակները գրավել են: Իսկ իշխանությունը գնում է զիջումների այն դեպքերում, երբ ինքը խնդիրներ է ունենում ընդդիմության հետ, երբ ինչ-որ մեկը գրոհում է,  նման դեպքերում կոալիցիոն կառավարություն է ձեւավորվում, բայց իսկական կոալիցիոն կառավարություն, նման դեպքերում հակասություններ են լինում, ինչպես վերջերս եղավ Վրաստանում, երբ կառավարությունը մի քաղաքական ուժից էր, իսկ նախագահը` մեկ այլ: Այդ ժամանակ, իրոք հակասություններ կային, չէին կարողանում դեսպաններ նշանակել, իհարկե իրենց մոտ Սահմանադրությունը մի քիչ այլ է, բայց իրենց մոտ լուրջ հակասություններ կային: Հայաստանում նման բան չկա, այնպես չէ, որ մերոնք հարմար պահ էին փնտրում վարչապետ փոխելու, պահը առաջ էլ կար, պարզապես ուզեց, փոխեց: Ընդդիմությունն այդ մասին իմացավ հեռուստատեսությունից, եւ սա նշանակում է, որ վարչապետի փոփոխությունը նրանց պայքարի արդյունքը չէ, նրանց ճնշման արդյունքը չէ»:

Պարոն Իսկանդարյանը նաեւ բացառեց, որ վարչապետի փոփոխությունը կապված չէ Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական ճանաչելու հետ:

Հարցին էլ, որ արդեն լուրեր կան, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը ոչ իշխանական ուժերից մեկի` ԲՀԿ-ի ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի խնամին է, սա չի՞ նշանակում, որ ինչ-որ առումով նախագահը վարչապետին ընտրում է ընդդիմության սրտով, պարոն Իսկանդարյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանն, ըստ ՀՀ Սահմանադրության, քաղաքական հիերարխիայում 2-րդ մարդն է, իսկ ընդդիմություն ես համարում եմ նրանց, ովքեր չեն հանդիսանում իշխանություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930