Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունը վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը

Ապրիլ 19,2014 14:35

Դեռ հույս կա, որ Հայաստանը կլինի
Եվրասիական միության հիմնադիրների ցանկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարն օրերս հաստատել էր, որ ապրիլի 29-ին նախատեսված է Հայաստանի՝ Մաքսային միության փաստաթղթի ստորագրումը: Ի սկզբանե այդ միությանը Հայաստանի անդամակցության շտապողականությունը բացատրվեց Եվրասիական միության հիմնադիր անդամ դառնալու հեռանկարով: Սակայն Եվրասիական միության ստեղծման գործընթացում վերջին զարգացումներին, հանդիպումներին Հայաստանը չի մասնակցում: Հայաստանյան քաղաքական դաշտում նույնիսկ ահազանգեր հնչեցին այն մասին, որ մեզ կրկին ստել են: Օրերս նման մտահոգություններ հնչեցրեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այդ մտահոգություններին՝ «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն ասաց, որ այս պահին դեռ չի կարելի միանշանակ պնդել, որ Հայաստանը դուրս կմնա Եվրասիական միության հիմնադիրների ցանկից: Եթե Հայաստանը ապրիլի 29-ին ստորագրի այդ փաստաթուղթը, մի քանի ամիս կտեւի խորհրդարանում դրա վավերացումը, եւ միգուցե աշնանն արդեն Հայաստանը Եվրասիական միության քառյակում կունենա այն իրավական կարգավիճակը, ինչ մյուսները: Քաղաքագետը կարծում է, որ եթե մինչեւ այդ փուլը եռյակի կողմից նոր փաստաթղթեր լինեն, արդեն արժե մտահոգվել: Բայց. «Այս պահին, այդ թվում նաեւ Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում, դժվար է ասել՝ մենք կունենա՞նք արագացում Եվրասիական միության գործընթացի հետ, թե՞ հակառակը, քանի որ եւ Բելառուսում, եւ Ղազախստանում բավականին զգուշավոր են գնահատում Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները եւ ՌԴ-ի ներգրավվածությունն այս հարցում»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ Հայաստանում զգուշավորություն չեն ցուցաբերում ուկրաինական զարգացումներին, մեր զրուցակիցը չհամաձայնեց: Ավելին՝ նա կարծում է, որ Հայաստանում բավականին զգուշավոր են մոտեցել հարցին, ու սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էլ հենց դրա արդյունքն է. «Հայաստանում շատ լավ հիշում են եւ 1920-ական թվականները, եւ 1990-ականների սկզբները՝ ՍՍՀՄ-ի ներգրավվածությունը ԼՂ հարցում՝ հիմնականում Ադրբեջանի կողմից: Միգուցե այդ հանգամանքները դեր խաղացին: Այլ հարց է, որ սեպտեմբերի երեքին դա թվում էր՝ ավելի կանխարգելիչ մոտեցում ունի, այս պահին թվում է՝ ավելի ճիշտ: Բայց ես շատ լավ հիշում եմ, թե քաղաքական եւ հասարակական դաշտում այն ինչ կերպ ընկալվեց: Բայց միգուցե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այն ժամանակ ուներ իրավիճակի գնահատականները, դրա համար գնաց այդ քայլին»: Քաղաքագետն իրականում համոզված էլ չէ, որ այս պահին մենք որեւէ այլընտրանք ունենք: Նա կարծում է, որ պետք է հասկանալ, թե Ուկրաինայից հետո Արեւելյան գործընկերությունն ի՞նչ ֆորմատով կլինի կամ ընդհանրապես տեղի կունենա՞: Թեպետ Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի ժամկետները մոտեցել են, բայց դեռ պարզ չէ՝ Ուկրաինան այն ի վերջո կստորագրի՞, թե՞ ոչ: Եվ որ ամենակարեւորն է՝ Սերգեյ Մինասյանը համարում է, որ «Ուկրաինայի ճգնաժամից հետո որոշ եվրոպական մայրաքաղաքներից լսվող ձայները» վկայում են ԵՄ-ի մոտեցմամ փոփոխության մասին: «Կամ-կամ»-ը փոխարինելով «եւ-եւ»-ով, ըստ մեր զրուցակցի՝ ԵՄ-ն առնվազն չի կորցնի Հայաստանը եւ որոշ այլ երկրներ, եթե ՌԴ-ն շարունակի ՄՄ-ի գործընթացը: «Հետեւաբար շատ բաներ հստակ կլինեն արդեն առաջիկա շաբաթներին»,- եզրակացրեց Սերգեյ Մինասյանը:

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն էլ նկատեց, որ երբ մեկ տարի առաջ իր ղեկավարած կազմակերպությունը տարբեր հետազոտություններով հիմնավորում էր ՄՄ-ին միանալու տնտեսական եւ սոցիալական անհրաժեշտությունը, Հայաստանն ուներ քաղաքական դիրքորոշում մշակելու եւ հիմնավորելու խնդիր, բայց երբ բանակցությունները սկսվեցին, ինքն ու իր գործընկերները զարմացած են մնացել, քանզի դրանք բավական սրընթաց էին ընթանում, եւ հասարակությունն անտեղյակ էր: Դա մեր զրուցակիցը համարում է Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հիմնական թերություններից մեկը: Արամ Սաֆարյանը հույս ունի, որ այդ բացը կլրացվի փաստաթղթերի համապատասխանեցման փուլում:
«Սոցիոլոգիական հարցումներից հայտնի է, որ 40-ից բարձր տարիքի մեր քաղաքացիներն առավել կողմնակից են ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմանը, քան մինչեւ 28 տարեկանները: Ուրեմն երիտասարդության հետ պետք է աշխատել, որպեսզի համարժեք վերաբերմունք ունենան: Բայց դա չի նշանակում՝ սուտ բանը բրդել ճիշտ գլուխների մեջ: Հակառակը՝ մեր առավելությունները՝ անվտանգության, սոցիալական, քաղաքական, տնտեսական զարգացման խնդիրները պետք է հասարակական քննարկման առարկա դարձնել: ՄՄ-ի փորձը ցույց է տվել, որ մինչեւ ՄՄ-ին անդամակցելը՝ եւ Ղազախստանի, եւ Բելառուսի բնակչության ավելի մեծ տոկոսն է եղել ինտեգրացիայի կողմնակից: Հետո, երբ ինտեգրացիոն գործընթացները ծավալվել են, կողմնակիցների թիվը հնգական տոկոսով նվազել է: Այդ գործընթացը կարող է եւ շարունակական միտում ունենալ, եթե ինտեգրվող երկրների ղեկավարները չկարողանան բանակցությունների միջոցով հարթեցնել ու կարգավորել վիճակը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ուկրաինայի քաղաքական անկայունությունից, որը կարծես երկարատեւ միտում ունի, չի՞ բխում Եվրասիական եւ Մաքսային միությունների կայացումը՝ հարցին մեր զրուցակիցն ասաց, որ այդ միությունների նախաձեռնողների ճանապարհային քարտեզի օրացուցային գրաֆիկում, համենայնդեպս, փոփոխություններ չկան: «Միաժամանակ ակնհայտ է, որ Եվրոպայի եւ Արեւմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ իրականացվող ճնշումները կարող են խթանիչ դեր խաղալ, որպեսզի ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում ավելի արագ զարգանան, քանի որ այդպես կկոմպենսացվի ներքին շուկայի զարգացման հնարավորությունը»,- կարծում է Արամ Սաֆարյանը՝ այնուհանդերձ, դրական չհամարելով արգելամիջոցների գոյությունը եւ այդ համատեքստում զարգացումները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Երեկ մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն էին արել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ու նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրում, եւ որ նախօրեին իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել: Ապրիլի 25-ին կկայանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպումը, որը կամփոփի բանակցությունների ընթացքը եւ արդյունքները կներկայացնի ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների գագաթնաժողովին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Սպասվում է, որ այդ նիստին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930