«Հաջողելու է ՀՀ ժողովուրդը, ՀՀ անկախության պահպանումը։ Չի հաջողելու օտար երկրների օրակարգի թելադրանքը։ Մենք պետք է «ոչ» ասենք Ալիևյան Սահմանադրությանը և պաշտպանենք ՀՀ անկախությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուս ընդդիմադիր գործիչների նկատմամբ, միտված է մեկ նպատակի՝ Հայաստանում Ալիևի Սահմանադրությունը հաստատելուն։
Կարդացեք նաև
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե Ալիևն ի՞նչ կապ ունի իրավական գործընթացների հետ, և Ալիևի անունը չպետք է տալ՝ Գևորգյանն արձագանքեց.
«Բա ո՞ւմ անունը տանք։ Եթե այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ անընդհատ Ալիևը պահանջներ է ներկայացնում, մենք էլ հանգիստ կատարում ենք այդ պահանջները, գնում միակողմանի զիջումների… Մենք միայն ստանում ենք նախապայմաններ, թելադրանք, իսկ մեր իշխանությունը շատ թույլ դիրքերից, գլխիկոր, ուզում է կատարել դրանք՝ առանց ընդդիմանալու»։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների տարբեր պնդումներին, թե ընդդիմության խոսույթից եթե հանեն «Ալիև», «Ադրբեջան» բառերը, այլևս խոսելու բան չի մնա, Գևորգյանն ասաց.
«Եթե մեր հայ ժողովրդին սպառնում է Ադրբեջանը, եթե մենք ազգային անվտանգության սպառնալիք ունենք, եթե տարածքային կորուստներ ենք ունեցել, և այս ութ տարիներին մեր իշխանությունները չեն վարել ճիշտ արտաքին քաղաքականություն, բա ո՞ւմ մասին խոսենք։ Այդ հարցը թող իրենք իրենց տան»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































