Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ արդարադատության նախարարին

Ապրիլ 19,2014 14:05

«Պարոն նախարար, շատ էինք ցանկանում այն ամենը, ինչ հիմա գրում ենք, ասել Ձեզ՝ մեր հանդիպման ժամանակ, սակայն երկու տարի է՝ մի քանի անգամ դիմել ենք Ձեզ, նույնիսկ լրատվամիջոցներով, սակայն մնացել եք անդրդվելի՝ չցանկանալով լսել այն մարդկանց, որոնց ի պահ են տվել Ձեր ղեկավարած նախարարությանը ենթակա հիմնարկներին»,- այսպես են սկսել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ իրենց բաց նամակը՝ ուղղված արդարադատության նախարարին:

«Առավոտ» օրաթերթի ստացած նամակի սկզբում դատապարտյալները նախ իրենց անհամաձայնությունն են հայտնում «անկախ դատավորներ» արտահայտությանը, գտնելով, որ մեր երկրում նրանք անկախ չեն ու դատավորների «ներքին համոզմունքը» միշտ համընկնում է նրանց նշանակողների ցանկությունների հետ: Անկախ դատարան ունենալու նպատակով նամակագիրներն առաջարկում են ծանր դատական գործերի քննության համար կիրառել երդվյալ ատենակալների ինստիտուտը, որը գործում է բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում: Նրանք համոզված են, որ այդ ինստիտուտի ստեղծումը հասարակության մեջ դատարանների նկատմամբ վստահության ձեւավորման միջոց կդառնա:
Դատապարտյալներին հուզող հարցերից է նաեւ վաղակետ ազատումը:

«Պարոն նախարար, դատելիս ոչ մի հանձնաժողով չկա, որպեսզի ճիշտ որոշում կայացնի, իսկ պայմանական ազատվելու դեպքում չգիտես քանի անդամից հանձնաժողով է կազմվում, որը չգիտենք՝ դիտմա՞մբ, թե՞ չհասկանալով՝ վատնում է պետության փողերը: Խնդրում ենք հետեւել, որ մեր հարազատների եւ բարեկամների մուծած հարկերից գոյացած գումարները աննպատակ չվատնեն»,- շարունակվում է նամակում: Դատապարտյալներն ասվածը հիմնավորում են օրինակով. «Մեկ պարկ կարտոֆիլ գողանալու համար, որի արժեքը մոտ 10.000 դրամ է, մարդուն ազատազրկում են ամենաքիչը 3 տարի ժամանակով: Իսկ ՔԿՀ-ում մեկ դատապարտյալին 1 ամիս պահելու համար մեր «հարուստ» պետությունը ծախսում է 130.000 դրամ: (Այդ մասին նշել եք Ձեր ելույթում): Հաշվարկեք եւ կտեսնեք, թե ում է պետք ՔԿՀ-ներում դատապարտյալների քանակն ամեն ձեւով շատացնել»:
ՔԿՀ-ներում վարչակազմը դատապարտյալի հետ շփվում է ամեն օր, ամեն ժամ եւ ավելի մոտիկից գիտի դատապարտյալին, քան որեւէ մեկը, բայց վաղակետ պայմանական ազատման որոշումը կայացնում են դատապարտյալի հետ կապ չունեցող անձինք եւ ստացվում է, որ արհամարհվում է ՔԿՀ-ի եւ ենթահանձնաժողովի կարծիքը: Այդ առիթով դատապարտյալները կասկածում են, որ «ներքին հրաման կա չազատել»: «Անկախ» հանձնաժողովը մերժելով դատապարտյալին, կարծես օգնում է, որ պետության փողերը շատ վատնվեն: Իսկ թե ով է շահում դրանից՝ մենք չգիտենք, բայց կուզեինք իմանալ»:
Քանի որ վաղակետ պայմանական ազատումները չեն կիրառվում, նամակագիրներն առաջարկում են նախարարին՝ «Քրեակատարողական օրենսգրքից հանել 1/3, 1/4, 1/5, 2/3 ազատումները. իմանանք, որ պետք է օրացուցային կրենք մեր պատժաչափը եւ վերջ. ոչ Դուք այդքան կտանջվեք, ոչ էլ մեզ սթրեսային վիճակի մեջ կպահեք»: Ի դեպ, նրանք հավաստիացնում են, որ հաշվի չի առնվում նաեւ տուժողին պատճառված վնասը վերականգնելը:

Նախարարին ուղղված նամակում դատապարտյալները բարձրացնում են նաեւ աշխատելու, իրենց ընտանիքներին օգնելու հարցը. «Մենք շատ ենք ցանկանում աշխատել, որի մասին, ի դեպ, բոլորովին մոռացել եք»:

Իսկ վերջում դատապարտյալները հարցնում են նախարարին, թե որքա՞ն ժամանակում կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, քանի որ ցանկանում են դառնալ ՌԴ քաղաքացի եւ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: «Մենք Ռուսաստանում երեւի կգտնենք աշխատանք եւ մեր իրավունքների պաշտպան՝ ինչ կարգավիճակում էլ լինենք: Հուսով ենք, որ մեր հարցերի պատասխաններին երկար չենք սպասի՝ ինչպես ՔԿՀ Ձեր գալուն»,- ավարտում են նամակը դատապարտյալները եւ ավելացնում, որ հասկանալի պատճառով չեն նշում իրենց անուն-ազգանունները:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930