Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ԱԺ նախագահ դարձել Գալուստ Սահակյանը

Ապրիլ 30,2014 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) եւ Կարինե Աճեմյանը (ՀՀԿ):

Արամ Աբրահամյան.– Եվ այսպես՝ մենք ունենք Ազգային ժողովի նոր նախագահ: Ո՞ր չափանիշներով էր առաջնորդվում խորհրդարանական մեծամասնությունը, երբ առաջ էր քաշում Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Կարինե Աճեմյան.– Մենք առաջնորդվել ենք դասական քաղաքականության չափանիշներով, որովհետեւ Գալուստ Սահակյանը ճանաչված, երկար տարիների քաղաքական գործիչ է, մեծ փորձ ունեցող, եւ կարծում եմ, որ մեր որոշումը իրականում նաեւ ընդունելի էր ոչ միայն Հանրապետականի համար, այլեւ բոլոր այն ուժերի, որոնք ներկայացված են Ազգային ժողովում: Ճիշտ է, որոշ մասը բոյկոտեցին, չմասնակցեցին, բայց հիմնական մասը, իսկ 101 հոգին բացարձակ մեծամասնություն է, ընտրեցին նրան որպես Ազգային ժողովի նախագահ:

Ա. Ա.– Իսկ ինչո՞ւ Դուք բոյկոտեցիք, Գալուստ Սահակյանի՞ն չեք հավանում, թե՞ ընդհանրապես:

Լյուդմիլա Սարգսյան.– Մեզ համար միեւնույն էր, թե ով կլինի Ազգային ժողովի նախագահը, որովհետեւ մենք ընդհանրապես իշխանության որոշումներին չենք մասնակցում, դրա հնարավորությունը չունենք եւ նաեւ չենք ուզում պատասխանատվություն կրել որեւիցե կադրի նշանակման համար: Անկեղծ ասած, շատ մեծ ակնկալիքներ չկան Գալուստ Սահակյանից, եւ, ըստ էության, ոչինչ չի փոխվելու: Ըստ իս, այդ՝ Ձեր նշած դասական քաղաքական չափորոշիչներով չեն առաջնորդվել, իմ կարծիքով: Եթե առաջնորդվեին նշված չափանիշներով, ապա կգտնեին շատ ավելի հարմար թեկնածու, ավելի հանդուրժող: Միգուցե Գալուստ Սահակյանը Հանրապետականի հանդեպ հանդուրժող է, բայց որպես խմբակցության ղեկավար` մենք 2 տարի է՝ շփվում ենք, եւ որեւէ հանդուրժողականություն նրա կողմից չեմ նկատել:

Ա. Ա-. Իսկ ՀՀԿ-ից ո՞ւմ կուզեիք, որ լիներ:

Լ. Ս.– Երեկ Սամվել Ալեքսանյանը ինձ խնդրում էր, որ իր թեկնածությունը առաջադրենք, ես դեմ չէի լինի նաեւ նրա թեկնածությանը:

Ա. Ա.- Ավելի լավ կլիներ Սամվել Ալեքսանյա՞նը լիներ, քան Գալուստ Սահակյանը:

Լ. Ս.– Ըստ էության՝ ինձ համար միեւնույն է:

Կ. Ա.- Ես զարմանում եմ, երբ Ազգային ժողովի պատգամավորը ասում է` ինձ համար միեւնույն է, թե ով է ԱԺ նախագահը: Իշխանամետ թե ընդդիմադիր պատգամավորների համար, կարծում եմ, դա միեւնույն չպիտի լինի, որովհետեւ Ազգային ժողովի նախագահը առանցքային պաշտոն է:

Լ. Ս.– Պատգամավորների համար նույնքան կարեւոր է, թե ով է երկրի ղեկավարը ընդհանրապես, բայց եթե մենք այդ որոշման վրա ազդելու բացարձակ հնարավորություն չունենք, հետեւաբար Հանրապետական կուսակցությունը առաջադրում է նրան, ով իրեն է հարմար եւ ոչ թե մնացած խմբակցություններին:

Կ. Ա.– Բայց դուք ունեիք հնարավորություն նույնիսկ ձեր թեւում, ձեր շարքում նստած մարդու օգտին քվեարկելու եւ դա չարեցիք, շատ զարմացած եմ:

Լ. Ս.– Իսկ ի՞նչ կարիք կար մտնելու մի պրոցեսի մեջ, որտեղ ակնհայտ հասկանում էիր, որ շահեկան որեւիցե դիրք չունես, եւ որեւէ մեկը ընդդիմությունից չի անցնելու: Եթե Հանրապետական խմբակցությունը այնքան հանդուրժող, լայնախոհ լիներ, որ ԱԺ նախագահի թեկնածու առաջարկեր եւ ընտրեր ընդդիմությունից, այդ դեպքում ես կհամարեի, որ ինչ-որ բան կարող է փոխվել մեր երկրում:

Ա. Ա.- Ինչո՞ւ չառաջարկեցիք:

Կ. Ա.– Ես զարմանում եմ երբեմն, որովհետեւ գոյություն ունեն կանոններ, օրենքներ, որոնք խախտել հնարավոր չէ: Մենք մեծամասնություն ենք, եւ դա պատահական չի: Նախ` շատ կարեւոր է, երբ դու քո կուսակցությունը կայացնում ես, եթե դու ուզում ես ունենալ մեծամասնություն ԱԺ-ում եւ ընդհանրապես՝ ընտրողների մեծ բանակ, դու պիտի քո կառույցները աշխատեցնես, դու պիտի հստակ ողնաշար ունենաս կուսակցությունում: Իսկ մենք այն կուսակցությունն ենք, որը միայն ընտրությունից ընտրություն չի աշխատում կամ մեկ մարդու կուսակցություն չէ:

Ա. Ա.– Իսկ ինչո՞ւ այդ մեծամասնությունը չհամաձայնվեց, որ լինի ոչ ՀՀԿ-ից որեւէ մեկը:

Կ. Ա.- Իսկ ինչո՞ւ պիտի լինի նրանցից, եթե մենք մեծամասնություն ենք, իրականում ուժերը դառնում են մեծամասնություն, որպեսզի կարողանան որոշումներ կայացնել, այսինքն՝ որոշումների կայացման իրավունքը մերն է, եւ մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը:

Լ. Ս.- Ես էլ զարմանում եմ, որ տիկին Աճեմյանը անընդատ զարմանում է: Եթե խոսքը մեծամասնության մասին է, ամուր ողնաշարի մասին, ապա այստեղ, շատ կներեք, երբ իշխանությունը փոխանցվում է մեկից մյուսին, եւ իրականում ընտրական որեւիցե գործողություն տեղի չի ունենում, ապա այդտեղ մեծամասնություն ունենալը շատ հեշտ է: Ես այն կարծիքին չեմ, որ ժողովուրդը այսօր հիացած է ԱԺ նախագահի ձեր թեկնածուով: Դուք գիտեք` ձեր շրջապատը ինչ է մտածում, մենք գիտենք՝ իրականում ինչ տրամադրություններ կան մարդկանց մոտ:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930