Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ հավատում ու վստահում են ինձ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային պլանում». «168 ժամ»

Մայիս 01,2014 12:42

Ասում է Ռուբեն Վարդանյանը

Ռուսական «Ведомости» թերթին տված հարցազրույցում «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր-գործընկեր, 45-ամյա հայ գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ռուսական բիզնեսի խնդիրներին և իր ունեցած հաջողություններին։ Հարցազրույցը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Ես կարծում եմ, որ ռուսական բիզնեսին մոտ ժամանակներս սպասվում են մեծ քանակությամբ սնանկություններ ու վերափոխումներ, քանի որ անհնար է անընդհատ գումարներ ներդնել կրախի շեմին հայտնված ընկերություններում և աջակցել սեփականատերերին։ Մենք վաղ թե ուշ սեփականատերերին փրկելու մոդելից պետք է անցում կատարենք բիզնեսը փրկելու մոդելին։ Վերջապես պետք է իրագործվի արմատական այդ փոփոխությունը։ Սեփականության վերաբաշխումն անխուսափելի գործընթաց է, քանի որ խոշորագույն ընկերությունները չեն կարող անվերջ արդյունավետ մնալ, այդ թվում՝ նաև Ռուսաստանում։ Աշխարհի և ոչ մի երկրում գոյություն չունի այնպիսի բան, որ բիզնեսն անի այն ամենը, ինչ ցանկանում է։

Մեր երկրում տեղի են ունենում վիթխարի քանակությամբ գործարքներ։ Կան այնպիսի ոլորտներ, որոնց 90 տոկոսը պատկանում է օտարազգիներին, և դա չի հարուցում որևէ խնդիր, որևէ քաղաքական կիրք։ Մարդիկ հանգիստ աշխատում են և վաստակում են եթե ոչ միլիարդներ, ապա գոնե հարյուրավոր միլիոն դոլարներ։ Մենք շատ երկար վախեցանք, որ մեզ մոտ ամեն ինչ կգնեն «կապիտալիստները»։ 1990– ական թվականներին անցկացվել են գրավով աճուրդներ և միայն նրա համար, որպեսզի ակտիվները բաժին չընկնեն օտարազգիներին։ Լավ, բայց արդեն անցել է 20 տարի, եկեք ղեկավարեք այն, ինչ ստացել ենք, իսկ եթե չեք կարող, ապա պետք է մշակել այդ բիզնեսի վերաբաշխման մեխանիզմ։ Մենք պետք է նախ և առաջ սովորենք փրկել ոչ թե սեփականատիրոջը, այլ բիզնեսը։ Եվ երկրորդ մենք պետք է սովորենք նրան, որ սնանկանալը դեռ պատմության ավարտ չէ։ Եթե մարդն ամեն ինչ ճիշտ է արել, կատարել է իր պարտավորությունները, ապա նա կարող է փորձել նորից սկսել ամեն ինչ։ Վաղ թե ուշ Ռուսաստանում նույնպես կլինի այդպես։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շատ նման են, սակայն ԱՍՆ-ում, ի տարբերություն Ռուսաստանի, ավելի քիչ են գաղափարական սահմանափակումները, հատկապես այն մասին, թե ինչը կարող է շահավետ լինել բիզնեսի համար։ Եթե կա պետական գումարներ ներդնելու կարիք, ապա անում են այդպես, եթե անհրաժեշտ է վաճառել օտարազգիներին, անում են այդպես։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանում նույնպես անխուսափելի գործընթաց է սեփականության վերաբաշխումը։ Փոփոխություններն անխուսափելի են, հարցը դրանց արագության մեջ է։ Ես, ինչպես և ավելի վաղ, փորձում եմ անել տնտեսական ու սոցիալական միջավայրի փոփոխման հետ կապված նախագծեր, սակայն այժմ շարունակում եմ դրանով զբաղվել այլ մեխանիզմների միջոցով՝ ներդրումների միջոցով, ինձ հետաքրքրող ընկերությունների տնօրենների խորհուրդներում աշխատելու միջոցով, բարեգործական ու կրթական նախագծերի միջոցով։

Ռուսաստանում լիովին կարելի է կյանքի կոչել Rothschild-ի մոդելը, որը հենված է սերտ կապերի ու փոխադարձ վստահության վրա։ Այն ժամանակ Եվրոպայում չկար միասնություն, ինչպես որ հիմա է, և եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների միջև շատ բարձր էր անվստահության մակարդակը։ Ռոտշիլդը Եվրոպայում ճանաչում էր բոլորին՝ սկսած գործարարից մինչև ֆինանսների նախարար և վարչապետ։ Նա կարող էր գործեր վարել շատ տարբեր մարդկանց հետ։ Դրանով իսկ նա, ի թիվս այլ բաների, նպաստեց նաև Եվրոպայի ցրված երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Ռուսաստանում կարելի է իրագործել նրա մոդելը։ Մենք ապրում ենք անցումային շրջանում, երբ բազմաթիվ գործընթացներ դեռ ավարտված չեն չնայած նրան, որ մեր երկրում փոփոխությունների սկսվելուց հետո անցել է արդեն ավելի քան 20 տարի:

Թարգմանությունը՝ «168 ժամի»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031