Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում չկա մի հեռուստաընկերություն, որ որևէ կոնկրետ կուսակցության տեսակետ պաշտպանի, Հայաստանում կա». Ահարոն Ադիբեկյան

Մայիս 03,2014 16:30

Արդյոք մեզանում այսօր մամուլի ազատությո՞ւն է, թե՞ ամենաթողություն: Լրատվամիջոցներն ու հասարակությունն ինչպե՞ս են հասկանում մամուլի ազատություն ասվածը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին, օրինակ, որպես սոցիոլոգի՝ այնքան էլ չի հետաքրքրում լրատվամիջոցների՝ նյութերն ազատորեն հավաքելու և տարածելու կարողությունը, որովհետև, նրա կարծիքով, դա երկրորդական խնդիր է. «Կարևորն այն է, թե որքանով են լրատվամիջոցներն ազդում հասարակական-քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա, որովհետև հիմնական խնդիրը տեղեկացնելը չէ, դա միայն միջոց է, իսկ նպատակը որոշում կայացնող անձանց և կառույցներին «ստիպելն է», որ հաշվի առնեն հանրային կարծիքը: Այսինքն՝ լրագրողները հանրության շուրթերն են, եթե մի քիչ էլ լավ են վերլուծում՝ հանրության խելքն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ա. Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով՝ թեև Հայաստանը վերջին տասը տարիներին մամուլի ազատության վարկանիշով 77-րդ տեղում է 177 երկրների շարքում, բայց գերխնդիրը դա չէ. «Գերխնդիրը որոշումների կայացման վրա ազդելն է, որը մեզանում չկա,- ասում է նա:- ՀՀ դատախազությունը, օրինակ, պարտավոր է մամուլի հաղորդած հանցավոր իրողությունների հետ կապված հետաքննություն սկսել: Այսինքն՝ դա այն կապն է, որ լրատվամիջոցներին պիտի կապի գործադիր իշխանության հետ, բայց փորձեք վերհիշել՝ վերջին քսան տարում մամուլում նշված որևէ հանցավոր գործողության մասին դատախազությունը երբևէ գործ հարուցե՞լ է, թե՞՝ ոչ: Եթե անգամ հարուցել է, ապա դրանք բացառություններ են»:

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն էլ կարծում է, որ պետք չէ այդքան լուրջ մոտենալ այդ վարկանիշին: Կարևորը, ըստ նրա, ազատության և ամենաթողության սահմանները միմյանցից տարանջատել կարողանալն է. «Որովհետև մամուլի ազատություն, ազատ խոսք՝ չի նշանակում՝ ինչ ուզել, այն էլ ասել: Ազատ խոսք՝ նշանակում է իսկապես կարողանալ հասարակական կարծիք ձևավորել և դրա շնորհիվ՝ կարողանալ դրական փոփոխություններ մտցնել հասարակության և պետության ներսում»,- ասաց գրաքննադատը և հավելեց, որ Հայաստանում, ըստ էության, չկան ազատ լրատվամիջոցներ: «Նույնիսկ ընդդիմադիր դաշտի մամուլը, որ պարբերաբար քննադատական խոսք է հնչեցնում, փորձում է հասարակական կարծիք ձևավորել, խոսում է ընդդեմ իշխանությունների, նախագահի և այլն, բոլորս էլ գիտենք, որ դրանց մի զգալի մասը հենց իշխանությունների, վերևում կանգնած մարդկանց ձևավորած լրատվամիջոցներն են: Այսինքն՝ նույնիսկ այն թվացյալ ազատ մամուլը, որ այսօր, իբր թե, մենք ունենք Հայաստանում, պատվիրված ազատության կրող է, եթե կարելի է այսպես ձևակերպել»:

Ա. Ադիբեկյանն էլ ասաց, որ այսօրվա մամուլը ոչ միայն ազատ է, այլև գերազատ է: Ինչպե՞ս:

«Աշխարհում չկա ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ Հայաստանում կա: Մենք գիտենք, որ այսինչ հեռուստաընկերությունը Գ. Ծառուկյանինն է, այնինչը՝ Ա. Բաղդասարյանինը, մյուսը՝ հանրապետականներինը և այլն: Աշխարհում այդպիսի բան չկա, մեզ մոտ կա, ուրեմն՝ մենք, իրոք, ազատության չափերն անցել ենք, մտել ենք մի այլ՝ գերազատության ոլորտ»,- ասաց սոցիոլոգը:

Լրագրողի զարմանքին՝ արդյո՞ք Ա. Ադիբեկյանը չի կատակում, նա պատասխանեց. «Ես լրիվ լուրջ եմ ասում: Դուք ուրիշ որտե՞ղ եք տեսել, որ մի հեռուստաընկերություն որևէ կոնկրետ կուսակցության տեսակետ պաշտպանի»:
Արդյո՞ք դա ազատություն է:

«Բա ի՞նչ է»,- ի պատասխան՝ զարմացավ Ադիբեկյանը:- Տպագիր մամուլն ու լրատվական կայքերը օրենքով կարող են լինել կուսակցական, բայց ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, օրենքը դա արգելում է, և եթե մենք դրան հետամուտ չենք լինում, ուրեմն՝ մենք ընդհանրապես օրենքը չենք հարգում, չենք կատարում դրա դրույթները, հետևաբար՝ մենք գերազատ ենք»:

«Գերազատ չենք, օրինախախտ ենք,- նկատեց Ա. Նիկողոսյանը:- Ցանկացած դեպքում, ազատությունը կուլտուրա է, այն իր էթիկայի կանոններ ունի, որոնք չպետք է ոտնահարվեն: Ազատությունը, այնուամենայնիվ, պետք է կառուցել որոշակի սահմանների շրջանակում»:

Պարոն Նիկողոսյանն ասաց, որ ինքն անձամբ որևէ լրատվամիջոցի լրջորեն չի հետևում, իրեն ավելի շատ հետաքրքրում են անհատ լրագրողները, որոնք, ըստ նրա, կարողանում են բարձր մակարդակ ապահովել, բայց նրանց քանակն էլ քիչ է:
«Վերլուծական հոդվածների սակավությունը, լրագրողական հետաքննությունների գնալով նվազելը, պարզապես լուր փոխանցողի, մեկը մյուսից առաջ ընկնելու, սկանդալներ ներկայացնելու, կառավարության կազմը կամ վարչապետին նախօրոք ներկայացնելու-խայտառակ լինելու այդ բարդույթն այսօրվա մեր մամուլի գլխավոր դիմորոշող հատկանիշն է, ինչը մամուլի ազատության չափանիշ չէ»,- համոզված է Ա. Նիկողոսյանը:

Ա. Ադիբեկյանն էլ ի պատասխան ասաց. «PR-ի և մամուլի ազատության օրենքը հետևյալն է՝ ինչ ուզում են թող ասեն, միայն թե չմոռանան, որովհետև մոռացումը սոցիալական մահ է, իսկ լրագրողները վերակենդանացման բաժանմունքի աշխատողներ են, կարող են մեկին մահացնել, մյուսին՝ վերակենդանացնել: Մեկի մասին ինչքան շատ են գրում, այնքան նրա վարկանիշը մեծանում է: Ինձ հաճախ են ասում՝ այս թերթն իմ մասին այսպիսի բան է գրել, ի՞նչ անեմ: Ասում եմ՝ ուրախացիր, շուտով կմոռանան՝ ինչ են գրել քո մասին, միայն կհիշեն, որ գրել են: Դա մարդկային հիշողության յուրահատուկ կողմերից մեկն է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031