Լրահոս
Օրվա լրահոսը

Կին պատգամավորները քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերներ

Մայիս 15,2014 18:21

ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 15-ին Ազգային ժողովում անցկացվեց քննարկում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տարբեր խմբակցություններ ներկայացնող կին պատգամավորները, ովքեր քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերները:

Զրուցակիցները խոսեցին այնպիսի կարեւոր հարցերի մասին, ինչպիսիք են բնակչության ծերացումը, նորածինների սեռերի անհամամասնությունը, հղիության արհեստական ընդհատումների բարձր մակարդակը եւ գենդերային (ընտանեկան) բռնությունը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Անպտուղ ամուսնության տարածվածության եվ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրության» տվյալների համաձայն՝ Հայաստանում անպտղության ցուցանիշը գրեթե 17 տոկոս է, որի հիմնական վերահսկելի պատճառներն են անապահով աբորտները եւ սեռավարակներն այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճգնաժամային ցուցանիշ է սահմանված 15 տոկոսը:

Կին պատգամավորները կարեւորեցին ներկայացված հարցերին թե օրենսդրական եւ թե հասարակական լուծումներ տալու հրատապությունը: Քննարկվեցին, թե ինչպես հանձնաժողովներում ունեցած իրենց դերակատարմամբ պատգամավորները կարող են աջակցել խմբին` գործողությունների համատեղ պլան մշակելու գործում:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին եւ ակնկալելով հետագա քննարկումների եւ հանդիպումների շարունակականություն, նշեց. «Անպտղությունը, սեռերի անհամամասնությունը եւ ծերացումն այն խնդիրներն են, որոնք կին պատգամավորները պետք է արծարծեն համատեղ` անկախ կուսակցական պատկանելությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031