Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը հնարավորություն ունի ապացուցելու, որ Մոսկվայի դրածոն չէ». Արամ Զ. Սարգսյան. 1in.am

Մայիս 17,2014 23:55

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը:

 – Պարոն Սարգսյան, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի համար հնարավոր է մտածել Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակ, որը չի խանգարի Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը: Դրան հաջորդեց Բրյուսելի  արձագանքը՝ առ այն, որ իրենք կսպասեն Հայաստանի առաջարկներին: Ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը:

 – Խորապես համոզված եմ, որ Ֆրանսուա Օլանդի մակարդակով որևէ  բան պատահական չի ասվում: Համոզված եմ նաև և ընդունում եմ, որ Բրյուսելը պետք է այդպես արձագանքեր: Մենք պետք է լինենք նախաձեռնող, մենք պետք է առաջարկներ ներկայացնենք, որովհետև մեր շահերից է բխում: Ասեմ ավելին` Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Ստրասբուրգում ինքնագլուխ չէր հայտարարել, որ Հայաստանը Ուկրաինայի նման պատրաստ է փաստաթղթի քաղաքական մասը ստորագրել: Հայաստանը պետք է այդ ուղղությամբ շարժվի, Հայաստանը պետք է առաջարկություն անի, և կոչ եմ անում թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ Բրյուսելին այդ ուղղությամբ գործընթացներ անել, որովհետև դա ձեռնտու է թե՛ Բրյուսելին, թե՛ Հայաստանին:

Արդեն մեկ-երկու շաբաթ է` Մոլդովայում գործում է առանց վիզային ռեժիմի համակարգը, ինչը նշանակում է, որ մոլդովացիները կարող են ազատ տեղաշարժվել շենգենյան տարածքի ցանկացած երկրում: Հունիս-հուլիս ամիսներին նույն փաստաթուղթը ստորագրվելու է Վրաստանի հետ, և համոզված եմ, որ մինչև օգոստոսի վերջ նման ռեժիմ կգործի նաև Վրաստանի համար: Եվրոպային այդքան էլ ձեռնտու չէ Վրաստանին այս տարածաշրջանում մենակ թողնել, ավելին` եվրոպացիները մտածում են տարածաշրջանային կոնտեքստում, և իրենք շատ կուզեին, որ այդ խնդիրը լուծվեր ամբողջ տարածաշրջանում՝ ներառյալ Հայաստանում ու Ադրբեջանում: Ադրբեջանն ընդհանրապես այդ գործընթացներին չի մասնակցել և իր օրենսդրական դաշտով չի համապատասխանում դրան, Հայաստանը մինչև սեպտեմբերի 3-ը ճշգրիտ քայլեր էր կատարել և 90 տոկոս ու ավելին համապատասխանում է քաղաքական փաստաթուղթը ստորագրելու բոլոր պայմաններին, և այս առումով Հայաստանը և Վրաստանը կարող են համատեղ մտնել եվրոպական տարածք՝ առանց վիզային ռեժիմի: Այստեղ է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է ջանքեր գործադրի, որ հայ քաղաքացիներն այդ հնարավորությունը ունենան, այստեղ է, որ Բրյուսելը պետք է ջանքեր գործադրի, որ մեր ժողովուրդը միակողմանի չզարգանա, հնարավորություն ունենա աշխարհը տեսնելու և տարբերությունն զգալու:

Ինչ ուզում եք ասեք՝ հայ մարդիկ տարբերվում են իրենց կերպով այլ ազգերից, մենք առանձնապես մեծաքանակ ժողովուրդ չենք և Եվրոպայի համար վտանգ չենք սպառնում մեր արտահոսքով դեպի Եվրոպա, ընդամենը մեկ-երկու միլիոն մարդ է Հայաստանում, ու նրանք եթե բոլորն էլ գնան Եվրոպա աշխատելու՝ Եվրոպան դա չի զգա: Երկրորդ՝ մեր ժողովուրդը աշխատասեր, հնարամիտ ժողովուրդ է՝ սկսած արևածաղիկ վաճառելուց մինչև ադամանդ մշակելու գործեր անող ժողովուրդ է, մենք այդպիսին ենք, մեր գեներն են այդպիսին, և բավական է, որ հայ մարդը գնա դուրս ու տեսնի այդ օրինականության շրջանակներում աշխատելը, դրանից հետո իր համար արդեն Եվրամիություն, թե Եվրասիական միություն տարբերությունը շատ մեծ կլինի: Դրանով է, որ Հայաստանը օր օրի չի ընկղմվի ռուսական նախկին սովետական ճահիճ: Իմ ընկերներից շատ-շատերն արդեն մտածում են, թե ինչո՞ւ էինք 88-ին այդ միտինգներին այդքան երկար կանգնում, եթե պետք է սովետական միությունը վերադառնար:

Եվրոպան այս քայլերը պետք անի թե՛ իր՝ այս տարածաշրջանում ունեցած  ազդեցությունը մեծացնելու, թե՛ իր ազատական գաղափարախոսությունը, որ տարածում է աշխարհի վրա (ինչը ես դրական եմ գնահատում), տարածելու, թե՛ այս տարածաշրջանի երկրներին և՛ քաղաքական, և՛ տնտեսական ճգնաժամից փրկելու համար: Մենք էլ ինքներս մեզ փրկելու համար պետք է դրա ամենամեծ ջատագովը լինենք, պետք է ջանք ու եռանդ չխնայենք այս ուղղությամբ քայլեր անելու համար, և ես թե՛ եվրոպական իշխանություններին, թե՛ Հայաստանի իշխանություններին հորդորում եմ, որ այդ քայլերն անեն, որ վեր կանգնեն խոսքերից ու հայտարարություններից ու իրական գործունեությամբ զբաղվեն, ինչը հստակ ձեռնտու է  թե՛ Հայաստանին, թե՛ Եվրամիությանը:

 – Ձեր կարծիքով` Ռուսաստանը Հայաստանին թույլ տալո՞ւ է դեպի Եվրոպա քայլ անել, թե՞ կախվածությունն այն աստիճան մեծ է, որ հնարավոր չի լինի:

 – Այն պատժամիջոցները, որ այսօր գործում են Ռուսաստանի դեմ, և որոնք գնալով խորանալու են՝ Ռուսաստանին տնտեսական և քաղաքական  իմաստով այն վիճակի են հասցնելու, որ Ռուսաստանը ինքն իր խնդիրները լուծելու համար լուրջ խնդիրներ է ունենալու: Դրա ապացույցները մենք հիմա տեսնում ենք, արդեն Ռուսաստան մեկնած մեր բազմաթիվ հայրենակիցներ աշխատանք չգտնելու պատճառով հետ են գալու, այդ վերադարձող հայրենակիցները Հայաստան վերադառնալով ու գործ չգտնելով՝ հեղափոխություն են անելու. այսպես թե այնպես այս իշխանությունների վիճակը վատ է լինելու: Այն գործընթացները, որ այս ուղղությամբ տարվում են համակարգային ճգնաժամի են հանգեցնելու, ինչի արդյունքում այս իշխանությունները կորցնելու են ոչ միայն իշխանությունը, այլ ամեն ինչ: Իսկ սա ելք է, որ հնարավորություն կտա երկիրը ճգնաժամից հանելու, իրենց գործունեությունը արդարացնելու, և վերջիվերջո` Հայաստանի իշխանությունները պետք է ապացուցեն, որ իրենք Հայաստանի իշխանություններ են, ոչ թե Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի շահերը պաշտպանող դրածոներ: Ես ուզում եմ, որ այդ մարդիկ իրենք իրենց հայ զգան, քանի հասել են այդ պոստերին,- չեմ ուզում քննարկել ինչ ճանապարհով, այդ պոստերին են ամեն դեպքում,- պետք է ժողովրդի շահերը պաշտպանեն, փորձեն դուրս գալ այն ազդեցությունից, որ իրենց կործանման է տանում: Ռուսաստանը լուրջ ճնշումներ է գործադրելու, և դրանք հիմնականում երկրի նախագահի վրա կլինեն, այդ ճնշումների ընթացքում Հայաստանի մի շարք կուսակցություններ էլ իրենց լուման ու ազդեցությունը կունենան:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031