Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն այլեւս դեմ չէ՞ «ռսի սապոգին»

Հոկտեմբեր 28,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեք գործոն, որոնք էապես մեղմացրել են ՀՀ իշխանության հակառուսական հռետորաբանությունը

Դուք նկատե՞լ եք, որ «հիբրիդային պատերազմի» եւ «Ռուսաստանի գործակալների» մասին փաշինյանական ռեժիմի խոսափողների զրնգոցը հասարակական դիսկուրսից եթե ոչ ամբողջությամբ վերացել է, ապա նահանջել է 10-րդ պլան: Այդ խոսակցությունները պակասել են ոչ միայն ՔՊ-ականների եւ նիկոլական չինովնիկների մոտ, այլեւ արեւմտյան դրամաշնորհներով սնվող հ/կ-ականների խոսույթում, որոնք առաջ «հիբրիդային գործակալներին» հայտնաբերում էին ամեն մի թփի տակ: (Ի դեպ, դա խոսում է այն մասին, որ փողն, այո, գալիս է Արեւմուտքից, բայց քարոզվող գաղափարները՝ ՀՀ կառավարությունից):

Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ իշխանությունը «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու», այսինքն՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար ԵՄ-ից «կպցրել էր» 12 միլիոն եվրո, որոնք, ենթադրում եմ, բարեհաջող ծախսվեցին, ըստ էության, իշխանության նախընտրական քարոզչության վրա: Եվ հանուն արդարության պետք է ասել, որ «ռսի սապոգի» սպառնալիքը գործում էր գրեթե նույն արդյունավետությամբ, որքան «եթե մենք չլինենք, պատերազմ է սկսվելու» խորիմաստ թեզը:

Այժմ «ՌԴ գործակալներից» նորություններ չկան:  Կա՛մ բոլորին բռնել են, կա՛մ էլ այդ մարդիկ որոշել են այլեւս չգնալ խոտոր ճանապարհով ու լիովին գիտակցել են «4-րդ հանրապետությունում» եւ «իրական Հայաստանում» ապրելու հմայքը:

Խնդիրն, իհարկե, «բռնված» կամ «ապաշխարած» գործակալները չեն: Խնդիրն այն է, որ Փաշինյանին ԵՄ-ն, եվրոպական արժեքները կամ  Հայաստանի՝  արեւմտյան ուղղությամբ ինտեգրումը հազար տարի պետք չէ: Միակ բանը, որը նրան հուզում է, իր աթոռը պահելն է: Եվ այդ «սուրբ» նպատակի համար նա պատրաստ է տարիների, ամիսների եւ նույնիսկ շաբաթների ընթացքում արտաբերել (եւ, համապատասխանաբար, իր քարոզիչներին հրահանգել) տրամագծորեն հակառակ մտքերը: Ինչպես որ, օրինակ, բազմիցս արել է Արցախի հարցում: Պետք լինի՝ առանց աչքը թարթելու կմտնի Ռուսաստան-Բելառուս «միութենական պետության» մեջ եւ նույնքան «համոզիչ» ձեւով դա կհիմնավորի իր ճեպազրույցների ժամանակ՝ «այո, այս հարցերում պատկերացումները փոքր-ինչ փոխվել են»:

Եվ այդ «թեթեւակի փոփոխությունների» համար որոշիչը, բնականաբար, քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունն է: Իսկ այն իսկապես փոխվում է: Այստեղ կա երեք փոխկապակցված գործոն: Առաջինն այն է, որ եվրոպական եւ ամերիկյան կառույցները չեն կարող այլեւս ամբողջապես աչք փակել խորացող ավտորիտարիզմի դրսեւորումների վրա. նկատի ունեմ, մասնավորապես, քաղաքական բռնաճնշումները, կեղծվող ընտրությունները, եկեղեցու դեմ հալածանքները: ԵԽԽՎ-ում վերջին քննարկումը եւ բանաձեւը առաջին ծիծեռնակներն էին: Սաուդյան Արաբիայի հետ համեմատությունը տվյալ դեպքում «կաղում է». Սաուդյան ոչ մի արքայազն չի հայտարարում, որ ինքը ժողովրդավարության ֆորպոստ է:

Երկրորդ գործոնն այն է, որ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տեղի են ունենում լուրջ ներքաղաքական գործընթացներ, որոնք չեն կարող չազդել նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Օրինակ, Ֆրանսիայում Մակրոնն այլեւս նախագահ չի լինելու (երկրորդ ժամկետն է ավարտվում): Ով էլ լինի հաջորդ նախագահը, նա, պահպանելով, բնականաբար, Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններ, դժվար թե փակ աչքերով հանդուրժի Փաշինյանի նման enfant terrible: Կարեւոր է նաեւ, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահը չի լինելու Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու «քավորը»:

Երրորդ գործոնն ավելի կարեւոր է: Նշաններ կան, որ եթե ոչ այս տարվա, ապա հաջորդ տարվա ընթացքում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ կնքվելու է հրադադար, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանության «հակահիբրիդային» հեքիաթները եվրոպացիներին այլեւս պետք չեն լինելու:

Այլ բան է Ռուսաստանը, որը գործում է իրեն հատուկ կացնային, կայսրապաշտ մեթոդներով, կոպիտ եւ անսքող շանտաժով (Պուտինի «պրոտոկոլային» ժպիտներն ու ուսին թփթփացնելը հաշիվ չեն): Այդ շանտաժը (օրինակ՝ գազային) կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ Փաշինյանի աթոռի համար: Ուստի կանխատեսելի է, որ վերադառնալու է Ռուսաստանի ուղեծիր, որն իրեն բոլոր իմաստներով շատ ավելի հոգեհարազատ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել