Լրահոս
Օրվա լրահոսը

«Իվանների» մասին խոսքի համար սենատոր Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել արգելել Շիրակի մարզպետ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

Հոկտեմբեր 28,2026 10:53 Share
Աջակցեք aravot.am-ին

ՌԻԱ Նովոստի. Ռուսաստանի Դաշնության խորհրդի (դաշնային խորհրդի) կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը։

«Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իրեն թույլ է տվել արհամարհական արտահայտվել ռուսների մասին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Կարծում եմ՝ նման խոսքերի համար պետք է իրական պատասխանատվություն կրել։ Ճիշտ կլինի, եթե մեր ԱԳՆ-ն դիտարկի Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը», — գրել է Ջաբարովը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Սենատորը կարծում է, թե Առուշանյանին արժե հիշեցնել պատմական փաստերի մասին։

«Հենց այդ «Իվաններն» են ժամանակին փրկել Հայաստանը ցեղասպանությունից, իսկ այնուհետև նաև ամբողջ աշխարհը՝ ֆաշիստական «շագանակագույն ժանտախտից»։ Եվ այսօր Գյումրիում կանգնած են մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան՝ պաշտպանելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ», — ընդգծել է քաղաքական գործիչը։

Ջաբարովի կարծիքով՝ երբ պաշտոնատար անձն իրեն թույլ է տալիս նման արհամարհական արտահայտություններ, դա պարզապես ազգամիջյան թշնամանք բորբոքելու փորձ չէ։

«Մեր դեսպանատունը ճիշտ արձագանքեց՝ զուգահեռներ անցկացնելով Հայրենական մեծ պատերազմի տարիների նացիստական բառապաշարի հետ։ Ցավոք, այս պաշտոնյան աշխատում է արևմտյան հասարակական կազմակերպությունների ստանդարտ մեթոդաբանությամբ, որի կիրառումն արդեն տեսել ենք Ուկրաինայում, Մոլդովայում և Մերձբալթյան երկրներում՝ ռուսատյաց կարգախոսներ առաջ մղելիս», — եզրափակել է սենատորը։

«Երևանում Ռուսաստանի դեսպանատունն ավելի վաղ վրդովմունք էր հայտնել «Իվանների» մասին Առուշանյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, թե այն հիշեցնում է գերմանացի նացիստների բառապաշարը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Դավիթ Առուշանյանը Facebook սոցիալական ցանցում քննադատել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած Գյումրու օրվա տոնակատարությունը՝ մասնավորապես գրելով, թե «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։ Հայաստանի իշխանությունները կարծում են, թե Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությունը ռուսամետ ուժ է և երկրում առաջ է մղում ՌԴ շահերը», – նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել