Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախարարի, քննությունները չունեն ծայրահեղականացված անհանգիստ բնույթ (Տեսանյութ) 

Հունիս 06,2014 12:47

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ դիմորդները քննություն էին հանձնում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Պատասխանելով լրագրողների՝ շտեմարանների հետ կապված հարցերին, նախարարը փաստեց, որ նախապատրաստական փուլում ավելի քիչ են եղել դրանցից դժգոհությունները: «Իհարկե շտեմարաններում դեռեւս առկա են վրիպակներ, թերություններ, բայց դրանք լուրջ անհանգստություն չեն առաջացրել դիմորդների եւ ծնողների շրջանում: Բոլորը համոզվել են, որ ի վերջո քննության օրերին լինում են ճիշտ եւ կատարյալ թեստեր, վրիպակներով եւ երկիմաստ հարցադրումներով թեստեր չեն «սողոսկում»: Այդ տեսակետից բավականին հանգիստ է անցել նախապատրաստական փուլը»,-նշեց նախարարը:

qnnutyun1

Նրա ձեւակերպմամբ. «Վերջին տարիներին ընդունելության քննությունները սովորական դարձած տենդից վերածվել են ընթացիկ հանրային իրադարձության, որի հանդեպ ուշադրությունը մեծ է, բայց չի կրում ծայրահեղականացված անհանգիստ բնույթ: Մեր հասարակությունն էլ իր դրական վերաբերմունքն է արտահայտում քննությունների հանդեպ: Իմիջիայլոց, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից սա երեւի ամենաակնառուն է, եւ հետո բուհ ընդունվելը բավականին հեշտացել է: Ասեմ, որ բավարարել բոլորի ճաշակները՝ անհնար է: Ոմանք ասում են՝ թեստերը պետք չեն, ոմանք՝ հակառակը, երկրներ էլ կան, որ նորից ուզում են գրավոր քննություն մտցնել: Նորից հիշեցնեմ, որ թեստային համակարգն իր թերություններով հանդերձ, որոնք անխուսափելի են, որովհետեւ կատարյալ համակարգեր չկան, ունի մեծագույն առավելություն: Այն նվազագույնի է հասցնում մարդկային գործոնը: Իհարկե կարելի է մտածել նաեւ ապագայում թեստերի որակի բարձրացման մասին: Հարկ է՝ դիմորդին մտածելու հնարավորություն տվող հարցադրումներ մտցնել թեստերում: Եվ պատահական չէ, որ որոշ մանկավարժական բուհերում փորձնական կուրս ենք մտցնում՝ թեստաբանություն մասնագիտության գծով»:

 

 

Պատասխանելով, այն հարցին, թե այսօր որ մասնագիտություններն են պահանջված՝ նախարարն ասաց. «Որպես կանոն, այն մասնագիտությունները, որոնք պահանջարկ չունեն աշխատաշուկայում, մեծ պահանջարկ ունեն կրթական ծառայությունների շուկայում»:

Անդրադարձ եղավ նաեւ կրկնուսույցների թեմային: Արմեն Աշոտյանը փաստեց, որ կրկնուսույցների ինստիտուտը արմատացած է Հայաստանում, սակայն նրանց դեմ պայքարելու խնդիր չի դրված: Նախարարի ասելով, կրկնուսույցների գործին «խփել» են նրանով, որ քննական առաջադրանքները այլեւս հայտնի են, շտեմարանները նախապես հրապարակվում են:

Մի փաստ էլ բերվեց՝ մարզերում քիչ են ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, որոնք պարապում են դիմորդների հետ, բայց մարզաբնակ երեխաներից շատերը հրաշալի են հանձնում քննությունները:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30