Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք դեմ են քվեարկելու բյուջեի կատարողականի հաշվետվությանը (Տեսանյութ)

Հունիս 11,2014 14:48

Հայաստանի 2013 թ. պետական բյուջեի կատարողականի հաստատման քննարկումը այսօր էլ շարունակվում էր Ազգային ժողովում:

ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկած խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ մինչ այդ էլ՝ նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասացին, որ դեմ են քվեարկելու բյուջեի կատարողականին: Միքայել Մելքումյանը դա փաստարկեց որոշ թվերով եւ փաստերով, Նաիրա Զոհրաբյանը՝ ավելի զգացմունքային ելույթ ունեցավ, այդ թվում, որպեսզի ցույց տա, թե որքան հեռու են իրարից գրեթե հարյուր տոկոսով կատարված պետբյուջեն եւ Հայաստանի իրական կյանքը, առաջարկեց մեկնել Վրաստանի սահման եւ տեսնել Հայաստանը ոտքով լքողներին. «Տնտեսական կանիբալիզմի նախահայր կառավարության կատարողականին դեմ ենք քվեարկելու»՝ հայտարարեց նա:

Նույնքան զգացմունքային էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթը, որի ընթացքում նա մի քանի անգամ ՀՀԿ-ին եւ կառավարությանը մեղադրեց ՝ «ուզում եք սիրուն եւ խելոք երեւալ» եւ մի քանի անգամ էլ չարախնդաց՝ «սիրուն եւ խելոք չեք», բայց վերջում ասաց, որ «դեմ» են քվեարկելու:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի օրիգինալ էր՝ հիթ-շքերթ էր կազմել եւ «ամենասկանդալային կառավարության» տասը մեղքերը թվարկեց՝ սկսելով տնտեսական ճգնաժամից խուսափելու համար Տիգրան Սարգսյանի դեղատոմսից՝ չխոսել այդ ճգնաժամի մասին, անցնելով Հրայր Թովմասյանի «ղալաթին», վերջացնելով գազի սկանդալով, արագաչափերով, «Նաիրիտով» ու օֆշորով:


ՀՅԴ խմբակցության անունից հանդես եկող Արծվիկ Մինասյանը փաստարկեց իրենց «դեմը», իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ «ընկածին չեն խփում» կամ «ընկած ցուլին դանակավորներն են շատանում»: Նա այսօր էլ անդրադարձավ երեկ մի քանի անգամ բարձրացրած իր հարցին՝ ինչո՞ւ բյուջեի ծախսային մասը լրիվ չի կատարվել եւ ինչո՞ւ է մնացել 189 մլրդ դրամի չծախսված գումար: Պարզվեց, որ երեկ նրա այս հարցին մի քանի պաշտոնյաների տված բացատրությունները չեն բավարարել ՀԱԿ խմբակցության ղեկավարին, եւ նա այսօր ներկայացրեց իր տեսակետը՝ «միակ ռացիոնալ բացատրությունը», այն է՝ «որոշել են այդ գումարը ֆռռացնել ֆինանսական հիմնադրամներում կամ որեւէ այլ ապօրինի սխեմաներում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30