Լրահոս
Օրվա լրահոսը

Օխտար գյուղից մարդիկ չեն արտագաղթում, բայց պատճառը գյուղի լավ պայմանները չեն

Հունիս 22,2014 16:51

Մինչեւ վերջերս բնակիչները  արտագաղթում էին Կապանի տարածաշրջանի Օխտար գյուղից, ավելի բարեկեցիկ պայմաններ ունեցող  համայնքներ փնտրում` ընտանիքով հաստատվելու համար: Սակայն վերջին 5 տարվա ընթացքում  գյուղն այլեւս  լքող չկա, ներգաղթի մասին էլ վաղուց են մոռացել Օխտարում: «5 տարի է արդեն շարժ չկա, բայց լավ պայմաններից չէ, որ չեն հեռանում գյուղից: Ուղղակի մարդիկ այլեւս հարմարվում են գյուղի նեղ պայմաներին,  եթե հնարավորություն լիներ հիմա էլ կգնան գյուղից, բայց վերջերս  շատ է դժվարացել դուրս գալն ու ուրիշ տեղ տեղափոխվելը…», – ասում են  Օխտարի բնակիչները:

Օխտարը փոքր գյուղ է, այստեղ ընդամենը 22 ընտանիք է մշտական բնակվում, բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, իսկ ցորենի ցանքսեր ու այլ մշակվող հողատարածքներ  չկան: Գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանի խոսքով` սեփական եկամուտն այստեղ ընդամենը 170 հազար դրամ է կազմում: Գյուղին հուզող խնդրներն էլ տեղի սուղ բյուջեով հնարավոր չի լինում լուծել: Միջհամայնքային ճանապարհներն ու ոռոգման ջրի ցանցը նորոգման կարիք ունեն, ժամանակ առ ժամանակ գյուղացիների ուժերով որոշակի աշխատանքներ են տարվում, բայց հիմնական նորոգման հնարավորություն չեն ունենում:  «3 կմ երկարություն ունեցող ջրագիծը կառուցվել  է 1998թ.-ին, բնակիչների ուժերով վերանորոգվել է, բայց այժմ 600-700 մ հատվածը նորոգման կարիք ունի, ջուրը բաց է թողնվում անցքերից եւ ոռոգման համար չի բավականացնում: Բավական միջոցներ չունենք, որպեսզի  նորոգենք, տեղի ուժերով պատրաստ ենք հնարավորինս աջակցել, բայց ֆինանսական աջակցության կարիք կա», – նշեց Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը եւ հավելեց, որ պատրաստվում են տեղի ուժերով խճապատել հորդառատ տեղումներից վնասված ներհամայնքային ճանապարհները, քանի որ ասֆալտապատելը գյուղի համար թանկ հաճույք է: Համայնքի ղեկավարի խոսքով` այսօր գյուղացիներն ավելի շատ  ֆինանսական աջակցության կարիք ունեն, ցածր տոկոսադրույքով վարկերի հատկացման դեպքում կկարողանան գործունեություն ծավալել, բարելավել իրենց կյանքը եւ գյուղից հեռանալու մտադրություն չեն ունենա, իսկ ներկայումս տրամադրվող վարկերը ձեռնտու չեն գյուղացիներին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30