Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի աշխարհի չեմպիոնին և գավաթակրին

Հունիս 24,2014 15:37

Հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին և աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

Ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի պարգևի շախմատի սիրահարներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ դեռևս վաղ միջնադարից Հայաստանում հայտնի շախմատը, այսօր ևս լայնորեն տարածված է երկրում և ծրագրային առարկա լինելով հանրակրթական դպրոցներում` նպաստում է երեխաների մտքի զարգացմանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին:

Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրին Տաթևի վանք կատարած այցելության իրենց տպավորությունները: Երեկ Տաթևում նրանք առիթ են ունեցել խաղալու հոգևորականների, ինչպես նաև Հալիձորի ու Տաթև համայնքների երեխաների հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում կրած դժվարություններին և ներկայիս նրա հոգևոր առաքելության արդյունավորմանն ուղղված գործունեությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց շախմատիստներին` մաղթելով նորանոր հաղթանակներ և հորդորելով բարի օրինակ փոխանցել, որ մրցույթը կարող է լինել ի նպաստ խաղաղության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և համերաշխ գոյակցության:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30