Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

Հուլիս 08,2014 13:20

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: 2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երևան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը և Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031