Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները ուզում են գյուղերում հանգստանալ, որ տան տերերի հետ լավաշ թխեն, ճաշ եփեն. (Տեսանյութ)

Հուլիս 08,2014 20:06

Օտարերկրացիները գալով Հայաստան գերադասում են ապրել հյուրատներում, ոչ միայն այն պատճառով, որ հյուրանոցներից էժան են, այլ որպեսզի մասնակցեն ճաշի պատրաստմանը, հաց կամ լավաշ թխելուն ու մարդկանց հետ շփվեն, նաեւ գյուղական միջավայրում հանգստանան: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հյուրատների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լուսինե Սմբատյանը:

Մեր հարցին, թե ինչպես կազդի էլեկտրաէներգիայի եւ դրան հետեւող գնաճը հյուրատների բիզնեսի վրա, արդյոք այս ոլորտում էլ թանկացում կլինի, Լուսինե Սմբատյանն ասաց, որ այս ոլորտի ներկայացուցիչներն առայժմ չեն դժգոհում, չեն էլ նախատեսում ծառայությունները թանկացնել, նրանք գերադասում են քիչ շահույթով բավարարվել, միայն թե հաճախորդ ունենան:

Քանի որ հյուրատները հիմնականում մարզերում են, իսկ այդ ոլորտը ընտանեկան բիզնես է, հաճախ ընտանիքի անդամները աշխատանք գտնելու խնդիր են ունենում, ուստի, ինչպես տիկին Սմբատյանն ասաց, հյուրատների բիզնեսով զբաղվելը, թեկուզեւ քիչ եկամտով, մարդկանց համար զբաղվածության ապահովում է. «Եվ անգամ մի փոքր շահույթը ուրախություն է պատճառով այդ ընտանիքներին, նաեւ նրանք չեն արտագաղթում: Տարիներ առաջ այդ մարդիկ նույնիսկ վնասով էին աշխատում, զուտ զբոսաշրջիկներ ունենալու համար, բայց հիմա շահույթ ունենում են»:

Լուսինե Սմբատյանը նկատեց, որ տարեց տարի աճում է այն մարդկանց թիվը, որոնք նախընտրում են մնալ, հանգստանալ հենց հյուրատներում. «Շատ զբոսաշրջիկներ նախընտրում են հյուրատները, որովհետեւ ուզում են Հայաստանը հասկանալ հայերի, հասարակ մարդկանց միջոցով: Տուրիզմի այս տեսակը ժամանակին հատուկ էր Ֆրանսիացիներին, հիմա ռուսներ ու առհասարակ, տարբեր երկրներից շատ են գալիս: Եթե 10 տարի առաջ շատ զբոսաշրջիկներ պարզապես հարմարվում էին ինչ հյուրատներն առաջարկում էին, հիմա պահանջները փոխվել են, մարդը եթե վճարում է բնականաբար պահանջում է, հյուրատներն էլ փոփոխություններ են կատարում: Օրինակ  սանհանգույցները միշտ խնդիր է եղել, այսօր զարգացած հյուրատներ կան, որոնք ամեն մի ննջասենյակի հետ տրամադրում են առանձին սանհանգույց, լոգարան»:

Լուսինե Սմբատյանի խոսքերով` այսօր Հայաստանում 100-ից ավելի հյուրատուն կա, 32-ն իրենց կազմակերպության անդամ են, Արցախից էլ մեկ հյուրատուն հայտ է ներկայացրել, եւ կազմակերպությունը օտարերկրյա զբոսաշրջիկներին առաջարկել հյուրատնային հանգիստ Արցախում:

Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա հյուրատների բիզնեսով զբաղվողները շատ բարյացակամ եւ ազնիվ են միմյանց հանդեպ. Լուսինե Սմբատյանը վստահեցրեց, որ եթե մարզում, գյուղում արդեն կա մի հյուրատուն, եւ եթե նորն է բացվում, հները զբոսաշրջիկներին հորդորում են հանգստանալ նոր բացված հյուրատանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031