Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչը վերականգնվե՞լ է

Հուլիս 09,2014 14:15

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Մանուկյանի եւ պատասխանողի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր մինչեւ 31.08.2008թ.: Աշխատանքային պայմանագրի համաձայն՝ հայցվորը նշանակվել է համալսարանի ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար: Ռեկտորի հրամանով կողմերի միջեւ եղած աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել էր մեկական տարով, մինչեւ 2012 թվականի փետրվարը: Հայցվորը հետագայում ռեկտորի հրամանով ազատվել է աշխատանքից: Պատճառը, ըստ Արմեն Մանուկյանի, 2011թ. հոկտեմբերի 14-15 ընթացքում ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Հ. Բաբլոյանն է եղել: Ուսանողին ոչ հարիր պահվածք դրսեւորելու համար դասախոսը նրան հրավիրել է դուրս: Սակայն «ուսանողը փայտով մուտք է գործել լսարան եւ իրեն ուսանողների ներկայությամբ «արա» ասելով դուրս է հրավիրել հաշիվներ պարզելու:

Դասախոսը հաղթել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Երեկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում՝ Ստեփան Միքայելյանի նախագահությամբ, դատավորներ Ա. Նազարյանի եւ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ, լսվեց այդ գործով կատարողական թերթիկը պարզաբանելու հարցը:
Բժշկական համալսարանի ներկայացուցիչ Մելիք Սողոմոնյանի պատասխանի համաձայն, վճռից մի քանի օր հետո՝ մայիսի 21-ին, Արմեն Մանուկյանը նշանակվել է համալսարանի հետբուհական կրթության ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար, կատարվել է հաշվարկ՝ հարկադիր պարապուրդի գումարները վճարելու համար:

Արմեն Մանուկյանը, սակայն, հայտնել էր, որ այդ գումարը նրանք նախատեսել են 4 ամսվա համար, մինչդեռ, պետք է հաշվարկվեր իրեն ազատելու պահից մինչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ժամանակահատվածի համար:
Արմեն Մանուկյանը նաեւ հայտնել էր, որ դատական ակտում տեղ է գտել մի բան, որը չի եղել. այն է՝ վերականգնել կամ նախկին աշխատանքում, կամ համարժեք մեկ այլ աշխատանքում: Սակայն, ըստ նրա, առկա է այդ դեպքում «աշխատավարձի տարբերություն»:

Բժշկական համալսարանի ներկայացուցչի պատասխանի համաձայն, որը հրապարակվեց դատարանում, Արմեն Մանուկյանն ազատման օրվա դրությամբ ստացել է 264. 038 դրամ աշխատավարձ, մինչդեռ, մայիսի 21-ին վերստին վերականգնվելով իր աշխատանքում, նրա համար սահմանվել է 279.200 դրամ աշխատավարձ:

«Ակնհայտ է, զգալի տարբերություն չկա, հակառակը՝ սահմանվել է նախորդից ավելի աշխատավարձ»,- առարկելով՝ հայտնել է համալսարանը:
Արմեն Մանուկյանը նաեւ հայտնել էր, որ «դատարանը փոխել է վճռի էությունն ու բովանդակությունը», ինչի կապակցությամբ, պատասխանողն առարկելով նշել էր, թե դատարանը գործել է Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան. «Արմեն Մանուկյանն ազատման պահին աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար, որը իրավական փաստաթղթերով ամրագրված է:

Սակայն հայցվորին անհնար է վերականգնել ամբիոնի վարիչի պաշտոնակատարի աշխատատեղում, քանի որ այն գոյություն չունի ամբիոնի վարիչ ընտրվելու փաստով»: Ինչ վերաբերում էր հարկադիր պարապուրդի համար գումարների խնդրին, դատարանը սահմանել էր հօգուտ Ա. Մանուկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձի գումարը:

Համալսարանը գտնում էր, որ Ա. Մանուկյանին պետք է վճարել 2011թ. հոկտեմբերի 21-ից մինչեւ 2012թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածի համար:
Այսինքն՝ այն ժամանակահատվածի համար, ուր «կարող էր աշխատանքային իրավահարաբերություններ լինել»:

Դատարանի որոշումը կհրապարկվի հուլիսի 10-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031