Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիստեա. «Ձեռնպահ կմնամ անգամ վերնագրերի վերաբերյալ ենթադրությունից». «Հրապարակ»

Հուլիս 17,2014 10:39

Հատված Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի հարցազրույցից:

– Ես կարո՞ղ եմ մի հարց տալ Վիլնյուսի գագաթնաժողովում «Նամակների փոխանակման» մասին Լեդի Էշթոնի եւ մեր արտգործնախարարի՝ պրն. Նալբանդյանի միջեւ։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ «Նամակների փոխանակմամբ» բանակցված Ասոցացման համաձայնագիրը եւ ԽՀԱԱԳ պայմանագիրը (AA/DCFTA)երկուստեք ճանաչվել են վավերական փաստաթղթեր, որոնք ապագայում կարող են գործողության մեջ դրվել, եթե քաղաքական իրադրությունը թույլ տա:

– Եկեք ես նամակների բովանդակային մանրամասներին չանդրադառնամ։ Իրականում դրանց բովանդակությունը շատ համառոտ է, ընդամենը մի քանի տող եւ ընդհանուր առմամբ նամակների փոխանակման այդ ընթացակարգով մենք «սառեցրել ենք» բանակցված, բայց չնախաստորագրված երկկողմ համաձայնագրի նախագիծը՝ ապագայում հնարավոր օգտագործման համար իբրեւ մեկնակետ։

Հայաստանի ապագա հանձնառությունների լույսի ներքո, որ կարող են ծագել ԵՏՄ անդամակցությունից, մենք կարող ենք գաղափարներ վերցնել արդեն բանակցված տեքստից, բայց այդ դեպքում, այնուամենայնիվ, հարկավոր կլինի ճշտել, թե որ կարգավորումներն են համատեղելի Հայաստանի ԵՏՄ անդամակցության իրավական պարտավորությունների հետ։

– Ապագա Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին կան խոսակցություններ, անգամ վերնագրեր են շրջանառվում։ Ոմանք ասում են, որ դա լինելու է «Ասոցացման համաձայնագիր Light» (AA Light), այլոք խոսում են «Գործընկերության եւ համագործակցության պայմանագիր Plus»-ի (PCA Plus)-ի մասին, ուրիշները կարծում են, որ վաղ կամ ուշ Մաքսայինի հետ զավեշտախաղը կավարտվի, հենց բանակցված Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի։ Այդ փաստաթղթերից եւ վերնագրերից ո՞րն է առավել հավանական։

– Այստեղ ես ձեռնպահ կմնամ որեւէ ենթադրություն հայտնելուց։ Ձեռնպահ կմնամ անգամ վերնագրերի վերաբերյալ ենթադրությունից, հաշվի առնելով նրբությունները, որ վերնագրերից յուրաքանչյուրը կրում է։

Չնայած Ասոցացման համաձայնագրին (ներառյալ ԽՀԱԱԳ-ին) հետամուտ լինելու հնարավորություն չունենալուն, Եվրոպական Միությունը պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերություններն առաջ տանելու՝ եւ քաղաքական, եւ տնտեսական։ Մենք կարող ենք շարունակել կառուցել այն հիմքի վրա, որին մինչեւ հիմա հասել ենք, ճշտելով ապագա համագործակցության հնարավորությունները եւ հավակնությունները, ելնելով Հայաստանի ապագա հանձնառություններից, որ կբխեն ԵՏՄ-ին մասնակցությունից։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031