Լրահոս
Օրվա լրահոսը

«Old band»-ի նոր համերգային ծրագիրը՝ ավելի մտերմիկ միջավայրում

Հուլիս 26,2014 13:45

Հուլիսի 26-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում, «ՊԻԿ» նախագիծը ներկայացնում է «Old band» էթնիկ խմբի համերգ-ներկայացումը։ Դեռ մեկ տարի չի անցել, ինչ ձեւավորվել է էթնիկ խումբը, սակայն վերջիններս արդեն իսկ հասցրել են հանդես գալ երկու համերգային ծրագրով, ինչպես նաեւ մասնակցել մի շարք մշակութային իրադարձությունների եւ ստանալ հանդիսատեսի ջերմ արձագանքը։

«ՊԻԿ» նախագծի պրոդյուսեր Անուշ Քոչարյանը նշում է, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրամայից հետո նախագծի համար խիստ կարեւոր է ներկայացնել այնպիսի մշակութային իրադարձություններ, ինչպիսին «Old band»-ի տեսակն ու մատուցած որակյալ երաժշտությունն է. «ՊԻԿ» նախագծի համար կարեւորում ենք մի քանի հանգամանքներ, որոնցով առաջնորդվում ենք թիմային աշխատանքի ընթացքում՝ երիտասարդների ստեղծագործական պոտենցիալի ներկայացումը, հանդիսատեսին որակյալ եւ ձեւավորված, մշակված մշակութային իրադարձության ներկայացումը՝ նոր հնարավորությունների եւ համագործակցությունների շրջանակներում։ Այս եւ այլ կարեւոր հատկանիշներով վերջին ամիսներին առանձնանում է «Old band»-ը, որից հանդիսատեսն արդեն ձեւավորված սպասելիքներ ունի»։ Խմբի 4 կատարողներն են՝ Անուշ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Լիլիթ Հարությունյանը, Արամ Հարությունյանը, համերգ- ներկայացման բեմադրող- ռեժիսորը՝ Սամվել Թադեւոսյանը։ Իմիջիայլոց, Սամվել Թադեւոսյանն ու Ալեքսանդր Իրադյանը «ՊԻԿ» նախագծի համահիմնադիրներն են: Լիլիթից եւ Ալեքսանդրից, որոնց վրա է խմբի երաժշտական մշակումների հիմնական ծանրությունը, հետաքրքրվեցինք՝ ինչ նոր էքսպերիմենտի է ականատես լինելու հանդիսատեսը հուլիսի 26-ի համերգին։ «Շատ երջանիկ եմ, որ ժողովրդական երգերի մշակումը վերցրել ենք մեր ձեռքը: Դա ինձ համար էլ ավելի է արժեւորում այն, ինչ անում ենք: Երգերը հիմնականում ընտրում ենք ես եւ Անուշը, Իրադյանը, ելնելով երգի մեղեդու ու տրամադրության առանձնահատկություններից, մշակում է դրանք: Գրեթե միշտ երգերի մշակման գործընթացն իրականանում է չորսիս ներկայությամբ, ուստի այն ներառում է մի փոքրիկ մասնիկ յուրաքանչյուրիս ճաշակից ու երգի ըմբռնումներից: Դա էլ է Իրադյանի մշակումների առավելությունը: Անակնկալները վերաբերում են նոր երգերին, արդեն երգած երգերի նոր մատուցմանը: Փակագծերը կբացվեն հուլիսի 26-ին»,- հայտնեց Լիլիթ Հարությունյանը։ Ալեքսանդր Իրադյանն էլ հավելեց. «Ես չգիտեմ՝ «Ինքնասպանի գրառումներից» հետո հանդիսատեսը ինչ է սպասելու «ՊԻԿ» նախագծից եւ մեզնից, բայց համոզված եմ, որ այս համերգը նորից լինելու է յուրահատուկ՝ հետաքրքիր բեմադրությամբ: Մշակումներն անելու ժամանակ գլխավոր նպատակն էր օգտագործել 4 կատարողների ձայնն առավելագույն արդյունավետ, որպեսզի ունկնդիրը ստանա ձայնային գույների մի մեծ գունապնակ…»։

Արամ Հարությունյանի խոսքով. «Խումբը բոլորում է գործունեության կես տարին, բայց հասցրել ենք ամենատարբեր հարթությունների վրա հանդես գալ՝ Ծիծեռնակաբերդից մինչեւ Օպերային թատրոնի բեմ: Այդ փորձին աստիճանաբար տիրապետելով՝ անհնար է նաեւ ստեղծագործական աճ չունենալ: Մենք խուսափում ենք տեղում մնալուց, անընդհատ նոր ուղիներ ենք փնտրում»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արձագանքներին:

«Արձագանքները շատ էին՝ մանավանդ «Հայակ» մրցանակաբաշխության ընթացքում ունեցած մեր ելույթից հետո: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ յուրաքանչյուր համերգից կամ ելույթից հետո՝ թերություններ լինեն, թե ոչ, մեր ընկերները, ծնողները, կամ պարզապես անծանոթ մարդիկ, բոլորը տեսնում են աճ: Մեզ համար շատ կարեւոր է դա գիտակցել, քանի որ շատ ենք աշխատում, եւ ամեն մի նման գնահատական մեզ թեւեր է տալիս ավելի շատ աշխատելու եւ ստեղծագործելու»,- հայտնեց Անուշ Հարությունյանը: Համերգի բեմադրող-ռեժիսոր Սամվել Թադեւոսյանից էլ հարցրինք՝ այս անգամ համերգային ծրագիրը տարբերվո՞ւմ է իր կոնցեպտով եւ ի՞նչ ռեժիսորական հնարքներ են կիրառվել։ «Այս անգամ մթնոլորտն ավելի մտերմիկ է եւ կամերային։ Անկեղծ ու անկաշկանդ շփում հանդիսատեսի հետ։ Բեմի ձեւավորումն է հետաքրքիր եւ ոչ ֆորմալ։ Նոր մշակումներ, նոր մոտեցում՝ պահպանելով բոլոր սկզբունքները, որ որդեգրել ենք ի սկզբանե»,- պատասխանեց նա։

ԶԱՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում` «Old band» էթնիկ խմբի անդամները:

«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031