Նիկոլ Փաշինյանը չի կարող ընդդիմության վրա ճնշումներ գործադրել, որպեսզի սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար ստանա իրեն անհրաժեշտ ձայները․ այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է ոչ կոմպետենտ մարդկանց կառավարություն. «Նրանք պատկերացումներ չունեն երկրի հանրային կառավարման համակարգի վերաբերյալ։ Հիմա այդ պատկերացումները չունենալով՝ մտածում են ճնշումներ գործադրել, քանի որ մտածում են ու նաև իրենց մտածածն անում են, ստացվում է սահմանադրական կարգի տապալում, ստացվում է ապօրինությունների շղթա, ապօրինությունների դրսևորումները, այն է, որ այսօր խուզարկություն են իրականացնում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը։ Ընդ որում, դա առաջին խուզարկությունը չի, եթե հիշում եք՝ վերջերս նորից Նարեկ Կարապետյանի տանը… Ես չգիտեմ, կարող է՝ նախորդ խուզարկությունից բան են մոռացել… երևի եկել են ման գան, գտնեն իրենց եղած…
Կամ Սամվել Կարապետյանը ինչքա՞ն ժամանակ է՝ իր տանը տնային կալանքի տակ է։ Սամվել Կարապետյանի տունը վերածվել է իր համար անազատության վայրի, այնտեղ ժամանակին իր ձերբակալության ժամանակ խուզարկություն չեն իրականացրել, բա այդ ի՞նչ են ման գալիս։ Ոչ միայն տներում, պարզվում է՝ նաև 60 հայտարարություն եղավ, նոր կարդացի՝ 60-ից ավելի օբյեկտներ են… Իրենք վախեր ունեն, իրենք գիտեն, թե ումից են վախենում, պատահական չի այդ ամեն ինչը»։
Նա այն կարծիքին է, որ իշխանությանը չի հաջողվելու ստվերել Սամվել Կարապետյանի հեղինակությունը, ավելին՝ այս ամենը նպաստելու է այդ հեղինակության բարձրացմանը, և շուտով գործընթացներ կզարգանան, որոնց ականատեսը կլինեն բոլորը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդումներին, Էդգար Ղազարյանը հեգնեց. «Ախր Նիկոլ Փաշինյանը տուն էլ չունի, որ գնան խուզարկեն, զոքանչի տան վրա է գրանցված։ Չի՞ ծախել… Ըստ իր հայտարարագրերի՝ զոքանչի տան վրա է գրանցված»։
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանն այն համոզմանն է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, միայն կառավարությանը պետք է փոխել, և ամեն ինչ իր տեղը կընկնի. «Մեր ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ պետությունը վերանա»։
Իր բնութագրմամբ՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ուժային կառույցների ղեկավարները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։
«2025 թվականի սեպտեմբերի 19-21-ը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ինչո՞ւ է գնացել Բաքու։ Հայաստանի անկախության օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը լուսաբացը դիմավորել է մի երկրում, որը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ հանդիսանում է մեր երկրի անվտանգության սպառնալիք ներկայացնող պետություն։
2026 թվականի սեպտեմբերի 22-ին Բաքվում է գտնվել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը։ Մի հատ հարցրեք՝ ասեք՝ դու այդ երկրի անվտանգային սպառնալիքը պիտի չեզոքացնե՞ս, թե՞ գնացել դրան մաս կազմես։
Ես չունեմ, իրենք պիտի տան այդ հարցի պատասխանը։ Ես չեմ իրենց գործուղել։ Այդ հարցի պատասխանը պիտի տա նաև վարչապետը, որովհետև բոլոր պաշտոնյաների գործուղումների որոշումները կայացնում է վարչապետը»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով. «Վերջին շրջանում, համենայն դեպս, կառավարության այն հարցուպատասխանի ժամանակ, երբ որ իրեն էին հարցեր ուղղում, ինքը Մեսրոպ Մաշտոցից էր մեջբերումներ անում, Աստվածաշնչից է մեջբերումներ անում, չգիտեմ՝ սաղմոսներ է կարդում, կարող է՝ մի օր էլ հարցեր տանք՝ ինքը շարական երգի։ Ես հլը իրանից ոչ մի հարցի պատասխան չեմ լսել՝ ուզում է պատգամավորները տան, ուզում է լրագրողները տան ճեպազրույցների ժամանակ։ Մենք իր հետ շատ հարց ու պատասխանի բան չունենք։ Ինքը պետք է հեռանա։ Ինքը մեր երկրի պատմության ամենամեծ ողբերգությունները բերած, ամենամեծ կորուստները բերած և ամենամեծ սպառնալիքը ներկայացնող ղեկավարն է եղել Հայաստանի ողջ պատմության, հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































