Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. «Փամփուշտի մեջ արյուն կա»

Օգոստոս 08,2014 15:15

Ռետրո. հատված «Ազատ անկում» պատմվածքից

Ուկրաինա-Ռուսաստան, Սիրիայի շարունակվող հակամարտություն, Իրաքում՝ մի քանի տարվա փխրուն խաղաղությունից հետո նորից քաղաքացիական պատերազմ, իսրայելա-պաղեստինյան բախումներ՝ բազմաթիվ զոհերով եւ վերջապես՝ մեզ ավելի շատ անհանգստացնող՝ անհասկանալի ու անտրամաբանական սրացում հայ-ադրբեջանական սահմանին, որի հետեւանքով երկու կողմերն էլ զոհեր են տալիս: Էս ամենի ֆոնին, ըստ էության՝ պատերազմական էս իրավիճակում հիշել եմ տարիներ առաջ, ավելի ստույգ՝ 1995 թվականին Բեռլինում սկսած եւ Երեւանում ավարտած իմ «Ազատ անկում» պատմվածքից (պատմվածքը տպագրվել է 1998 թվականին հրատարակված «Բացարձակ սեւ մարմին» գրքում) մի հատված:

Եվ որոշեցի՝ էս անգամվա «Մեսրոպագիրը» թող «ռետրո» լինի: Ահա այդ հատվածը:

« … Հայտնվում է թերթավաճառ երիտասարդը: Գույնը կարեւոր չէ: Նա չի խմում եւ կրծքերին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չունի: Նա թարմ լրագրեր է բաժանում: Չափազանց թարմ՝ վաղվա համարները:

«Նուգուների առաջնորդը հայտարարել է, թե իր տարածքներում չի հանդուրժի ինչ-որ մուբուների եւ պիտի քշի նրանց, բնաջնջի: Մուբուների առաջնորդը հայտարարել է, թե իր պապենական տարածքներում երեկ չէ անցյալ օրը հայտնված նուգուները պիտի հեռանան ընդմիշտ: Նուգուների եւ մուբուների բախման հետեւանքով զոհվել է…»:

Էս թերթերն, իհարկե, աշխարհին ձայնակցած դատապարտում են ե՛ւ նուգուներին, ե՛ւ մուբուներին: Կոնֆերանսներ, բանագնացներ, բանակցությունների կոչեր: Քաղաքակիրթ պետությունները Մուբըստան-Նուգըստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, զենքի արգելում՝ անպայման: Վերջինը, իհարկե, հենց զենքի առեւտրականների ներշնչմամբ ու պահանջով. չէ՞ որ արգելքը հրաշալի է, այն ո՜նց է բարձրացնում գները եւ ի՜նչ շահույթներ է բերում: Իսկ արգելքը շրջանցելը ջրի գնալու պես բան է:

Նուգուներն, իհարկե, զենք գնում են: Մուբուներն, իհարկե, զենք գնում են: Եվ Նուգըստան-Մուբըստանից հեռու երկրներում գործազրկությունն է կրճատվում, կենսամակարդակն է բարձրանում: Որովհետեւ նուգուները կոտորում են մուբուներին եւ ընդհակառակը:

Կոտորածներից փախած մի քանի նուգուներ հայտնվում են այստեղ: Նույն քաղաքներում են հայտնվում նաեւ մուբուները: Կողք կողքի նստած, կրծքներին՝ ինչ-որ մեկի ձեռքով գրած «Ես Նուգըստանից (Մուբըստանից) փախստական եմ» մակագրությամբ ցուցանակներ, մուբուն եւ նուգուն փող են մուրում, եթե հաջողացնում են՝ սեւ մի գործ են գտնում կամ ահա, բախտները բերում է՝ թերթ են վաճառում գիշերով, ինչ-որ բան են վաստակում, կողք կողքի բնակվում են եւ ձմռան երկար երեկոներին կարոտով հիշում են իրենց միշտ կանաչ հայրենիքը: Իսկ թերթերն ու մի քանի տասնյակ հեռուստաալիքները ամեն օր վիճակագրություն են ներկայացնում սպանված նուգուների եւ մուբուների մասին: Եվ յուրաքանչյուրը միշտ ստույգ թիվ է նշում…»:

Կարող եմ, իհարկե, այս մեջբերմամբ ավարտել: Կարծես ոչինչ չի փոխվել: Սակայն պատմվածքում մի քիչ ավելի հեռուն եմ գնացել եւ մի քանի էջ անց գրել եմ նաեւ.

«… Մուբուներն ու նուգուները իրար ձեռք են սեղմում, զենքերը վայր դնում: Աշխարհն, իհարկե, կարող է հանգիստ շունչ քաշել: Սակայն ինչ-որ տեղ գործազրկության սպառնալիք է ստեղծվում, կենսամակարդակի անկում կարող է սկսվել: Եվ ահա, ջունգլիներում իբր մոլորված, աշխարհի անցուդարձից ու խաղաղությունից իբր թե անտեղյակ մի մուբու հանդիպում է ջունգլիներում իբր մոլորված, աշխարհի անցուդարձից ու խաղաղությունից իբր թե անտեղյակ մի նուգուի: Երկու կրակոց միաժամանակ է հնչում: Նուգուն ընկնում է: Մուբուն ընկնում է: Մուբուները վայրի աղաղակով նետվում են դեպի նուգուները՝ վերջիններիս մեղադրելով հրադադարի խախտման մեջ, նուգուները վայրի աղաղակով նետվում են դեպի մուբուները՝ վերջիններիս մեղադրելով հրադադարի խախտման մեջ: Զենք արտադրողներն ու վաճառողները հանգիստ շունչ են քաշում: Ինչ-որ տեղ գործազրկության սպառնալիքն է վերանում, եւ կենսամակարդակն է սկսում անշեղորեն աճել: Որովհետեւ մուբուները շարունակում են կոտորել նուգուներին եւ ընդհակառակը»:

Ոչինչ չեմ մեկնաբանելու ու ավելացնելու այս մոտ 20 տարի առաջվա գրածիս: Պարզապես նայեք հայ-ադրբեջանական սահմանի վերջին, ըստ էության, պատերազմական միջադեպերի եւ մյուս ռազմական հակամարտությունների ֆոնին Ռուսաստանի եւ այլ երկրների պահվածքին: Բոլոր նրանց, որոնք գիտեն, որ «փամփուշտի մեջ արյուն կա», բայց շարունակում են այն արտադրել ու մատակարարել կռվողներին…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031