Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՀՔԾ-ն և ՀՀ օրենքը

Սեպտեմբեր 03,2014 11:13

2014 թ. մայիսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հետ չմնալով արդարադատություն իրականացնող այլ կառույցներից՝ բարեփոխումներ կատարելու նպատակով, ներկայացրեց ՀՀ ՀՔԾ մասնագետների կողմից մշակված «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույցը»: Ուղեցույցը վերաբերում է խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը: Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորել էր քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով: «Ուղեցույցում արվել են նաեւ որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում»,- ուղեցույցը ներկայացնելիս ասել էր Վահրամ Շահինյանը:

Այս տեսական մասի համար, թերևս, ՀՀ ՀՔԾ-ն բարձր գնահատականի է արժանի, մինչդեռ առավել կարևոր է ուղեցույցի գործնական օգտագործումը, որի համար, սակայն ՀՀ ՀՔԾ-ն մեղմ ասած ցածր գնահատականի է արժանի: Ուղեցույցի ներկայացումը ոչ մի կերպ չփոխեց ՀՀ ՀՔԾ-ի՝ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում տեղի ունեցող խոշտանգումների փաստերով, քննության պրակտիկան: ՀՀ ՀՔԾ-ն շարունակում է, որպես կանոն, անտարբեր վերաբերմունք դրսևորել, կոծկելով ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում խոշտանգումներով, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող գործողություններով ուղեկցվող քննչական գործողությունները: Ամիսներ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ձեր ուշադրությանն էր ներկայացրել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի բաժիններում խոշտանգումների ենթարկված մի քանի անձանց պատմությունները: Այդ անձանց խոշտանգելու և նրանց իրավունքները ոտնահարելու վերաբերյալ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել: Հիշեցնենք, որ խոշտանգումների ենթարկված անձանց հետ հանդիպել և զրուցել էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ, Արայիկ Զալյանը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան) և Արինա Մեծոյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ): Այս տարվա ապրիլի 2-ին և 7-ին 4 անձանց իրավունքները խախտելու փաստերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղարկված հանցագործության մասին հաղորդումներից ոչ մեկի վերաբերյալ և առանձին անձանցից որևէ մեկի վերաբերյալ մինչ օրս որոշում չի ստացվել:

Անհասկանալի է մնում ինչպես են աշխատում ՀՀ ՀՔԾ քննիչները, երբ հենց իրենք տարբեր առիթներով խախտում են օրենքը, քանի որ ինչպես ամրագրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Արդեն 5 ամիս է անցել հանցագործության հաղորդումների ուղարկման պահից, սակայն նույնիսկ 2 ամիս առաջ ուղարկված կրկնակի հիշեցումից հետո ՀՀ ՀՔԾ-ից և ՀՀ դատախազությունից որևէ որոշում չի ստացվել: «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույցը» նոր բարեփոխումների հույս էր տալիս և հավատ, որ առաջիկայում առավել օպերատիվ կերպով կբացահայտվեն խոշտանգումների դեպքերը՝ հատկապես ոստիկանության համակարգում: Հույս ենք հայտնում, որ ՀՀ ՀՔԾ-ը պետը կամ ՀՀ գլխավոր դատախազը ուշադրություն կդարձնեն ոստիկանության տարբեր բաժիններում տիրող ամենաթողության վիճակին և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ու քաղաքացիների կողմից ներկայացված առանձին դեպքերով կղեկավարվեն ուղեցույցով: Միաժամանակ հորդորում ենք ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հիշել իրենց իրական իրավունքների, պարտականությունների և աշխատանքի նպատակի մասին ու իրենց գործունեությունը ծավալեն միմիայն օրենքի սահմաններում և ելնելով Մարդու իրավունքների հանրաճանաչ դրույթներից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930