Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանի», «Ազիզ», «ախպեր ջան» բառերը թույլ են տալիս ֆիլմերում, իսկ գովազդներում թեթեւ շեղումներն արգելում են (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 08,2014 15:43

«Երեւանի քաղաքապետարանը քարացած մոտեցում է ցուցաբերում արտաքին գովազդների հարցում»,-այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց բրենդինգի փորձագետ Տիգրան Բալոյանը: Նրա ներկայացմամբ` հաճախ գովազդն ավելի ճկուն, համով-հոտով ու լսելի դարձնելու համար, մայրենի լեզվից որոշակի շեղումներ են պահանջվում, բայց քաղաքապետարանը մերժում է, արգելում նման գովազդների տեղադրումը քաղաքում: Տիգրան Բալոյանի խոսքերով` լեզվի տեսչությունն էլ շատ կարծրացած մոտեցում է ցուցաբերում եւ թույլ չի տալիս լեզվից շեղումներ.«Տաբու է դրված, չեն թողնում մի քիչ այս կողմ, այն կողմ շեղվել, բայց, միջազգային փորձը ցույց է տալիս, օրինակ` ռուսերենը, անգլերենը, թույլ են տալիս բառեր բառակապակցություններ փոփոխվեն»:

Aravot.am-ի հարցին` թե, օրինակ, միջազգային ո՞ր բառերն են, որ Հայաստանում թույլ չի տրվել շեղումով կիրառել, պարոն Բալոյանը օրինակ բերեց հայտնի «սնիկերսիր» բառը.«Ես վստահ եմ, եթե դա Ամերիկայում եւ Ռուսաստանում անցած գովազդային կամպանիաներ չլինեին, այստեղ չէին թողնի, կասեին` «սնիկերսիր» բառ գոյություն չունի, հաջող»: Դիտարկմանը, որ նույն «ֆուտբոլվենք» բառն էլ չկա, բայց այն լավ էլ օգտագործվեց գովազդում, իսկ դպրոցներում արդեն երեխաներն էլ ասում էին` «ընդմիջվենք», եւ այլն, փորձագետն ասաց. «Ես չեմ ուզում ասել, որ պետք է այնպիսի բաներ անել, որ աղավաղվի լեզուն, բայց կան սերիալներ, ֆիլմեր որոնք աղվաղում են լեզուն: Ինչո՞ւ են թույլ տալիս «յանի», «ազիզ», «ախպեր ջան» ժառգոնային բառեր օգտագործել, իսկ գովազդում թեթեւ շեղումներն արգելում են: Եթե ուզում են լեզուն պահպանել, մինչեւ գովազդն այնքա՜ն բան կա: Լեզվի տեսչությունն իր մոտեցումներում միակողմանի է»:


Aravot.am-ի հարցին, թե արդյոք պահանջարկ կա՞ գովազդներում կիսամերկ կանանց ցուցադրելը, ինչպես, օրինակ, շատ տեսահոլովակներում են, եւ շատերը կարծում են՝ դա մեծ դիտումներ է ապահովում, փորձագետն ասաց.«Որ ազգում սեքսի պրոբլեմ կա, պարզ է, հիմա երեւի քչացել է այդ պահանջարկը, որովհետեւ ինտերնետում այնքան շատ կա դրանից, որ մարդկանց աչքը կշտացել է, ու մի հատ էլ գովազդի մեջ տեսնել, չեմ կարծում դրական էֆեկտ կտա: Եթե դա ներքնազգեստի գովազդ չէ, անիմաստ է, գռեհկություն է, չտեսություն»:

Aravot.am-ը փորձագետից հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի այն գաղափարի մասին, որ հայկական բանակում ծառայող զինվորների բնակարանների պատշգամբներից Եռագույն դրոշն են ուզում կախել, դա քաղաքի արտաքին տեսքին ի՞նչ ազդեցություն կթողնի: «Հայրենասիրության խորհրդանիշերից են դրոշը, հիմնը, բայց որքանով ճաշակով եւ որակով կանեն դա, չեմ կարող ասել»,-ասաց պարոն Բալոյանը:

Փորձագետը նաեւ մի զավեշտալի դեպք պատմեց, թե երշիկ արտադրող ընկերության ղեկավարն ինչպես էր պատկերացնում իր ապրանքի գովազդը. «Ուզում էր կինոթատրոն լիներ, մարդկանց տեղը երշիկներ նստած լինեին, էկրանից իր արտադրած երշիկը դուրս գար ու…»: Թե ինչ եղավ երշիկը գովազդի վերջը` տեսանյութում

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930