Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կամ ինչի՞ն են դավաճանել նշված բարեփոխումների կողմնակիցներն առհասարակ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 19,2014 12:12

Ի՞նչ ասել է՝ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները դավաճան են: Ո՞ւմ կամ ինչի՞ն են դավաճանել նշված բարեփոխումների կողմնակիցներն առհասարակ: Հայրենիքի՞ դավաճան են, թե՞ ազգի դավաճան, եթե կողմ են, որ սահմանադրությունը բարեփոխվի: Չե՞ք հոգնել երկրի ներսում ու, ինչպես ասվում է՝ «մի բուռ ազգի» մեջ նորանոր դավաճաններ «ստեղծելուց»:

Եթե կոնկրետ ՀՅԴ-ի դիրքորոշմանն անդրադառնանք, որի առնչությամբ էլ արվել էր հիշյալ պիտակավորող արտահայտությունը, ապա իսկապես անհեթեթ է նման մեղադրանքը:
Միասին դիտարկենք իրավիճակը: Սահմանադրական բարեփոխման գործընթացի շնորհիվ կա հավանականություն, որ փոխվի երկրի կառավարման մոդելը, այսինքն՝ անցում կկատարվի խորհրդարանական կառավարման մոդելի: Իսկ ՀՅԴ-ն ոչ թե երեկ կամ երեկ չէ առաջին օրը, այլ երկար տարիներ է, ինչ արտահայտվում է հենց նման փոփոխություն կատարելու օգտին: ՀՅԴ-ն, պարզ ասած, խորհրդարանական կառավարման տարբերակի կողմնակից է: Ու դա հայտնի է քիչ թե շատ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուրին, թերեւս բացի ամեն առիթով դավաճաններ որոնողներից:

Հիմա նրանք, ովքեր մեղադրում են կամ հետագայում ենթադրաբար «վրա կտան» Դաշնակցությանը, ի՞նչ են առաջարկում, որ երկրի թերեւս հատուկենտ լուրջ կուսակցություններից մեկը իրեն պահի որպես մի քանի տարի առաջ դաշտ մտած ո՞ւժ:
Քաղաքականությունը, ասում են, հնարավորի արվեստն է: Այսօր կա որոշակի հնարավորություն՝ հասնելու մի բանի, որը տվյալ քաղաքական կուսակցության հետապնդած հիմնական նպատակադրումներից մեկն է: ՀՅԴ-ն ի՞նչ աներ, ասեր՝ չէ, դեմ եմ, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը այլ տեսակե՞տ ունեն: ՀՅԴ-ն, ի՞նչ է, ՀԱԿ-ի խամաճի՞կն է, թե՞ «Բարգավաճի»:

Ի դեպ, ԲՀԿ-ի մասին: Մի երկու տարի առաջ այս կազմակերպությունը նույնիսկ նախընտրական ծրագրում էր այնպիսի մոտեցումներ նշել, որոնք հնարավոր է, որ իրականություն դառնան սահմանադրական բարեփոխումներով, բայց հիմա դեմ է այդ գործընթացին: Սա լուրջ քաղաքական ուժի կեցվա՞ծք է: Քաղաքականը դեռ մի կողմ, առհասարակ դա լո՞ւրջ մոտեցում է:

Ի դեպ, գործընթացի մասին: Ինչպես հայտնի է, սահմանադրության կոնկրետ փոփոխությունների կոնկրետ ոչ մի նախագիծ դեռեւս վերջնական ձեւակերպված չէ ու հանրության դատին ներկայացված չէ: Դա շատ ավելի ուշ է լինելու: Նման պարագայում քաղաքական տրամաբանության տեսակետից է՛լ ավելի անհասկանալի է եռյակի մերժողական մոտեցումը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930