


***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ
Կարդացեք նաև
Հարգելի՛ պարգևատրվածներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ, նաև շնորհավորում եմ բոլորին, ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգևներին: Ի դեպ, այս տարի մենք առաջին անգամ հանձնում ենք նոր մեդալներ ու շքանշաններ, որ նախկինում չեն եղել, ինչպես օրինակ «Երախտագիտություն», «Ծնողական փառք» և այլ պարգևներ: Այսպիսով մենք փորձելու ենք արժանին մատուցել բոլորին, փորձելու ենք անել այնպես, որ ստվերում չմնա խրախուսանքի և երախտագիտության արժանի որևէ գործ կամ քաղաքացի:
Հարգելի՛ ներկաներ,
Ինձ համար, կարծում եմ, նաև բոլորիս համար առանձնահատուկ կարևոր ու թանկ են այն զինվորներն ու սպաները, որոնք կանգնած են Հայաստանի և Արցախի սահմաններին: Բայց հատկապես խրախուսանքի ու երախտագիտության են արժանի նրանք, ովքեր փորձության պահին իրենց դրսևորեցին որպես հայրենիքի իսկական պաշտպաններ ու նվիրյալներ: Մենք շատ լավ հիշում ենք վերջին լրջագույն իրադարձությունը շփման գծում, որտեղ մեր զինվորականները, ինչու չէ, նաև մեր ողջ հասարակությունը փայլուն քննություն բռնեցին: Նրանք այս սրահում են և ստացել են իրենց պարգևները:
Այսօր մեզ հետ են նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը և ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ:
Հարգելի՛ ներկաներ,
Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով և կյանքով մարմնավորում են մեր երկիրն ու հասարակությունը, ովքեր իրենց գործով և կյանքով ապահովում են պետության և հասարակության առաջընթացը: Նման մարդկանցով ենք մենք դառնում ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ: Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է, որ ամրապնդվում է մեր հավատը երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ: Մեր պարտքն է առանձնացնել նրանց և ի ցույց դնել նրանց օրինակը հատկապես երիտասարդ սերնդի համար:
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և ամենակարևորը` որ դուք շարունակեք ձեր գործը՝ արձանագրելով ավելի մեծ հաջողություններ, որ դուք շարունակեք ձեր կյանքով ու աշխատանքով օրինակ լինել մյուսների համար, որ ձեզնով չափեն մյուսների արածն ու չարածը:
Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ:







































































