Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե եթե այսօր ստորագրվի Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու համաձայնագիրը, կփոխվի՞ հայ միգրանտների դրությունը Ռուսաստանում, ասաց, որ իմանալով ռուս գործընկերների աշխատաոճը, միանշանակ կարծիք չի կարող հայտնել, սակայն այն, որ էապես միգրանտների դրությունը չի բարելավվի՝ փաստ է.«Այսօր ստորագրվող այդ համաձայնագիրը, որը իրենից ենթադրում է ազատ տեղաշարժ, մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ դրանից հետո ենթարկվելու ենք ռուսական միգրացիոն օրենսդրության տարրերին։ Չի դադարելու այն երեւույթը, որ միգրանտները պետք է գրանցված լինեն, աշխատանքի թուղթ ունենան, դրական տեղաշարժ այս դեպքում չեմ տեսնում։Միգուցե սեւ ցուցակում գտնվող միգրանտներին նորից թույլատրվի, որ նրանք Ռուսաստանում զբաղվեն արտագնա աշխատանքով, սակայն նրանք, վարչական օրենքները խախտելով, նորից կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Մեր միգրանտների վիճակը էականորեն չի բարելավվի, իսկ եթե նրանց դրությունը չլավանա, ապա այն չի էլ ազդի միգրացիայի հոսքի ավելացման վրա»։
Պրն Եգանյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում նաեւ անդրադարձավ երկրում բնական աճի խնդիրներին եւ նշեց, որ նախորդ տարիների համեմատ, ոչինչ դեպի դրականը չի փոխվել. «Ավելին, դարձել է ճգնաժամային, ծնելիությունը շարունակում է նվազել եւ մոտակա տարիների ընթացքում այդ նվազումը չի դադարելու։ Սա պայմանավորված է նրանով, որ վերարտադրական տարիք են մուտք գործում 90-ական թվականների ծնվածները, որոնց թվաքանակը շատ քիչ է»։ Նաեւ բանախոսը նշեց, որ երկրում մահերի թիվը ոչ շատ բարձ տեմպերով շարունակում է աճել, որն էլ պայմանավորված է բնակչության թվում ծերերի թվի աճով։
Ծնունդների քանակը երկրում գերակշռում է մահերին մոտ 13-ից 15 հազար հոգով. «Բայց սա ժամանակավոր երեւույթ է, եւ մի քանի տարի հետո լինելու է հակառակը։ Միգրացիայով պայմանավորված՝ երկրում կլինի ապաբնակեցում»։
Պրն Եգանյանը, շարունակելով միգրացիայի թեման, նշեց, որ բնակչության թվաքանակը մեր երկրում փոփոխվել է միգրացիայի հետեւանքով. «Դրական փոփոխությունների մասին չեմ կարող խոսել. տարեկան միջին, մոտ երեսունից ավելի հազար մեկնող կա, քան ժամանող»։
Կարդացեք նաև
Ըստ պրն Եգանյանի տվյալների՝ տարեկան մեկ տոկոսով պակասում է մեր բնակչության թվաքանակը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































