Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիան՝ որպես ժողովրդավարության փորձություն Հայաստանում

Օգոստոս 15,2026 11:50 Share

«Ամեն ինչով ինձի օգտակար դարձան…»,- Հայաստանում իր կյանքի մասին պատմում է փախստական Ջորջ Բարբարյանը։

Նա բարձր է գնահատում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների աջակցությունը։ Ջորջը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, պրոթեզավորում և սոցիալական աջակցություն։ Սակայն նրա առջև դեռևս չլուծված է բնակարանային խնդիրը, որը խոչընդոտում է լիարժեք ինտեգրմանը։

Ջորջի փորձառությունը ցույց է տալիս, որ միգրացիան միայն սահման հատելու կամ բնակության երկիր փոխելու մասին չէ։ Այն մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության փորձություն է։

Անվտանգային հարցից՝ զարգացման քաղաքականություն

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ Հայաստանում միգրացիոն հարցերը դեռևս հիմնականում դիտարկվում են ազգային անվտանգության տեսանկյունից։ Մինչդեռ զարգացած երկրներում միգրացիան վաղուց դարձել է նաև զարգացման քաղաքականության մաս։

«Միգրացիային նայում ենք հիմնականում ազգային անվտանգության պրիզմայով, այլ ոչ թե որպես զարգացման հնարավորություն»,- նշում է Դավթյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիների միգրացիոն հոսքերն ավելի տեսանելի են դարձրել Հայաստանի՝ որպես ընդունող երկրի դերը։ Այս փոփոխությունը պետությունից պահանջում է նոր մոտեցումներ՝ ուղղված ոչ միայն մարդկանց ընդունմանը, այլև նրանց երկարաժամկետ ինտեգրմանը։

Միգրացիոն քաղաքականության մարդկային կողմն ընդգծում է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը, որը տարիներ շարունակ աշխատում է Արցախից բռնի տեղահանվածների և միգրացիոն խնդիրների շուրջ։

«Ես միշտ մարդու տեսանկյունից եմ նայում»,- ասում է նա՝ շեշտելով, որ պետական որոշումները պետք է գնահատվեն նաև մարդկանց կյանքի և ապրումների վրա ունեցած ազդեցությամբ։

Օրենքից՝ մինչև իրական ինտեգրում

Պետրոսյանի խոսքով՝ ժողովրդավարական և ներառական միջավայր հնարավոր չէ ձևավորել, եթե հասարակության մեջ պահպանվում են խտրականությունն ու ատելության խոսքը։

«Երբ խոսում ենք ինտեգրման մասին, առաջնային ուշադրություն պետք է դարձնենք խտրական վերաբերմունքին։ Ատելության խոսքը չի նպաստում ժողովրդավարությանը․ ընդհակառակը՝ այն հետընթաց է»,- նշում է նա։

Թեև Հայաստանում գործում են միգրանտների և փախստականների պաշտպանության իրավական մեխանիզմներ, դրանց գործնական կիրառման հարցում կարևոր դեր ունեն նաև հասարակական կազմակերպությունները։ Նրանք աջակցում են մարդկանց՝ օգտվելու իրենց իրավունքներից և կողմնորոշվելու պետական ու սոցիալական համակարգերում։

Նելլի Դավթյանը չի կիսում նաև այն մտավախությունը, թե եվրոպական ինտեգրումն ու վիզային ռեժիմի ազատականացումը կարող են զանգվածային արտագաղթի պատճառ դառնալ։

«Ազատ տեղաշարժը սովորաբար մարդկանց ավելի հասկացող և ավելի ինտեգրված է դարձնում»,- ասում է նա։

Այս պատմություններն ու գնահատականները չեն ներկայացնում Հայաստանի միգրացիոն քաղաքականության ամբողջական պատկերը, սակայն հստակ ցույց են տալիս դրա գլխավոր չափանիշը։ Պետության հաջողությունը չի որոշվում միայն ընդունված օրենքներով, ռազմավարություններով կամ տրամադրված ծառայություններով։ Այն չափվում է նաև նրանով, թե փախստականը կամ միգրանտը կարողանո՞ւմ է անվտանգ ապրել, լուծել բնակարանային խնդիրը, օգտվել իր իրավունքներից և իրեն հասարակության լիարժեք անդամ զգալ։

Հենց այս կետում միգրացիոն քաղաքականությունը դառնում է ժողովրդավարության գործնական քննություն։

Հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության «Participate and Promote Democracy» ծրագրի շրջանակում՝ նիդեռլանդական «Bright Future» և հայաստանյան «Promising Youth» կազմակերպությունների անդամների կողմից՝ Հարություն Սարգսյան, Կարեն Կոլոսով, Անի Ավանեսյան, Էրիկ Մանուկյան, Անահիտ Ավագյան և Մարիամ Ասոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել