Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է նաև զեկույց քաղաքային միջավայրի թեմայով

Հոկտեմբեր 10,2014 17:24 Share

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է նաև զեկույց քաղաքային միջավայրի թեմայով: Զեկուցող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն առաջնահերթ ընդգծել է քաղաքային միջավայրում կոմունալ ենթակառուցվածքների բարեփոխման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնացրել է երկու հիմնական ուղղություն՝ աղբահանություն ու աղբի կառավարում, ջրամատակարարում և ջրահեռացում:

Ներկայացնելով Երևան քաղաքի թափոնների կառավարման համակարգի հիմնախնդիրներն ու մոտեցումները՝ նշվել է, որ զարգացման 2025 թվականի հեռանկարներում քաղաքային իշխանությունների կողմից օրենսդրության շրջանակում իրականացվում են մի շարք միջոցառումներ:

«Հաշվի առնելով գլոբալ բնապահպանական զարգացումները, շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, արտանետումների նվազեցումը, բնակչությանը որակյալ ծառայությունների սպասարկման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվում են մի շարք քայլեր թափոնների կառավարման ոլորտում մինչև 2025 թվականը լուրջ փոփոխությունների արձանագրման ակնկալիքով: Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների կանոնակարգման համար Երևանի քաղաքապետարանի կողմից, Համաշխարհային բանկի աջակցությամբ, մշակվել են ծառայությունների բնութագրեր, որոնց հիման վրա կազմակերպվել է միջազգային մրցույթ։ Կոշտ թափոնների կառավարման համակարգի շղթան ամբողջական դարձնելու նպատակով մինչև 2025 թվականը նախատեսվում է Երևան քաղաքում Նուբարաշենի աղբավայրի տարածքում ունենալ ժամանակակից նոր աղբավայր` միաժամանակ մեկուսացնելով ներկայումս գործող աղբավայրը»,-ընդգծել է Կամո Արեյանը: Ջրային տնտեսության ոլորտի բարեփոխումներից քաղաքապետի առաջին տեղակալը մատնանշել է վարչական բոլոր շրջաններում շուրջօրյա անընդհատ ջրամատակարարման ապահովումն ու նաև ջրահեռացման համակարգերի վերակառուցումը, կեղտաջրերի մաքրման «Աերացիա» կայանի վերակառուցումը և վերագործարկումը։

Քաղաքային միջավայրում կարևորելով կանաչ տարածքների վերականգնման և կայուն զարգացման ծրագրային հեռանկարները՝ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է առաջիկա 10 տարիների տեսլականը՝ ներկայում իրականացվող ծրագրերի շարունակականության հիմքով:

«Բնապահպանության և հիմնականում կանաչապատման ոլորտում քաղաքային իշխանությունների քաղաքականության հիմնական նպատակը բնապահպանական անվտանգության ապահովումը, կանաչապատ տարածքների ընդլայնումն ու զարգացումն է։ Վերջին տարիներին Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում լիովին վերակառուցվեցին, բարեկարգվեցին և ժամանակից ոճով կանաչապատվեցին մի շարք զբոսայգիներ և պուրակներ՝ շուրջ 17 հա մակերեսով։ Չնայած վերջին տարիներին կանաչապատման ոլորտում իրականացված հսկայածավալ աշխատանքներին, այնուամենայնիվ մի շարք խնդիրներ չլուծված են մնում»,-նշել է Ավետ Մարտիրոսյանը:
Քաղաքային միջավայրի անքակտելի մասն է կազմում մատչելի միջավայրը, հատկապես առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն իր զեկույցում շեշտադրել է Երևանի քաղաքապետի կողմից նախաձեռնված թեքահարթակների կառուցման ծրագիրը:

«2014 թվականին Երևանի համայնքային բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում թեքահարթակների կառուցման համար ՀԿ-ների հետ ընտրվել և հաստատվել են շուրջ 200 այն առաջնային հասցեները, որտեղ կառուցվել են թեքահարթակներ: Բացի այդ, նաև քաղաքաշինական ծրագրերում է մատչելիության ապահովումն ամրագրվել որպես պարտադիր սկզբունք:

«Խնդիրը միայն անարգել շենք մուտք գործելու մեջ չէ, այլ կառույցից տվյալ անձանց ինքնուրույն լիարժեք օգտվելու ապահովումն է։ Այս առումով աշխարհի առաջատար երկրներում կիրառվում է վերելակային տնտեսությունը՝ համապատասխանեցված շենքերի օգտագործմանը։ Տրանսպորտային մատչելիությունը մեզ համար ևս մնում է առաջնային: Այս ուղղությամբ մինչև տարեվերջ թվով 10 ավտոբուսներում կտեղադրվեն չափորոշիչներին համապատասխան վերելակներ»,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:

«Երևան 2025» միջազգային կոնֆերանսի շրջանակում մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման կատարված, ընթացիկ և նախատեսված աշխատանքների վրա: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը զեկույցում ըստ ժամանակագրության արտացոլել է 2010-2014 թվականներին քաղաքային իշխանությունների կողմից կայուն զարգացման սկզբնական փուլի համար նպատակային առաջնահերթ թիրախ ընտրված լուսավորության ծածկույթի ավելացման ապահովումը, ինչի շնորհիվ այսօր մայրաքաղաքում լուսավորության ծածկույթը կազմում է 95%:

«Առկա խնդիրների լուծման նպատակով ներկայում քաղաքային իշխանությունների կողմից մշակվում է նպատակային քայլերի համալիր ծրագիր, որի արդյունքում Երևանը մինչև 2025 թվականը կունենա էներգախնայող և արդյունավետ աշխատող արտաքին լուսավորության միասնական համակարգ: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության արդիականացմանն ուղղված քայլերն այսօր արդեն գործնական փուլում են»,- ընդգծել է Արմեն Հարությունյանն ու խոսել նաև գեղարվեստական լուսավորության ցանցի մասին:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031