Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական Պեզարո քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

Հոկտեմբեր 10,2014 17:48 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող իտալական Պեզարո քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտիի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրան արդեն երրորդ տարին անընդմեջ Երևան այցելելու և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին մասնակցելու համար. «Մեր երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն իսկապես ջերմ են ու բարեկամական, ինչի մասին են վկայում ինչպես Ձեր հարգալից այցերը Երևանի տոնին, այնպես էլ Ձեր իսկ առաջարկով Պեզարո քաղաքին մեր կողմից նվիրաբերված երկու քաղաքների բարեկամությունը խորհրդանշող խաչքարը, որն առաջիկայում կտեղադրվի Պեզարոյում ու կնվիրվի հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Եվ հատկապես հաշվի առնելով, որ 2015թ. Հայաստանում նշվելու է այդ ոճրագործության 100-րդ տարելիցը, Պեզարոյում այդ խաչքարի տեղադրումն իսկապես յուրովի հարգանքի տուրք կդառնա 1915թ. զոհերի հիշատակին և կլինի համամարդկային արժեքների կարևորման ևս մեկ վկայություն»,- ընդգծել է քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ Պեզարոյի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Պեզարոյի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Մենք ևս, պարոն քաղաքապետ, անչափ կարևորում ենք հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հայկական խաչքարի տեղադրումը Պեզարոյում: Վստահեցնում եմ, որ այն իր ուրույն և արժանի տեղը կգտնի մեր քաղաքում, և մենք առաջիկայում հնարավորություն կունենանք միասին կատարել այդ խաչքարի հանդիսավոր բացումը»,- ընդգծել է Իլարո Բարբանտին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն է փոխանցել Պեզարոյի նորընտիր քաղաքապետ Մատեո Ռիցիին և հրավիրել է այցելել Երևան:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031